Հռոմ․ Ջոկովիչը ջախջախիչ հաղթանակ տոնեց Տիմի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ

Հայտնի են Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի եզրափակչի մասնակիցները։

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչ փուլում ջախջախիչ հաղթանակ տոնեց ավստրացի Դոմինիկ Տիմի նկատմամբ, ով 1/4 եզրափակչում հաղթել էր Ռաֆայել Նադալին։ Ընդամենը 1 ժամ, 1 րոպե տևած խաղում սերբ թենիսիստն առավելության հասավ 6։1, 6։0 հաշվով։ 

Տիտղոսի համար Նովակ Ջոկովիչը պայքարելու է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։ Վերջինս կիսաեզրափակչում 6:4, 6:7 (5:7), 6:1 հաշվով հաղթել է ամերիկացի Ջոն Իզներին։

Ուշագրավ է, որ Զվերևը դարձել է 2007 թվականից հետո «Մասթերս» շարքի մրցաշարերի եզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ թենիսիստը։ 2007 թվականին Նովակ Ջոկովիչը 19 տարեկան, 10 ամսական հասակում հաղթել է Մայամիի մրցաշարում, իսկ Զվերևը հիմա 20 տարեկան, 1 ամսական է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում