Որո՞նք էին «Չելսիի» չեմպիոնության նախադրյալները

Անգլիական ֆուտբոլում նորից իշխանափոխություն է. Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ 6-րդ անգամ (1954/55, 2004/05, 2005/06, 2009/10, 2014/15, 2016/17) դարձավ Անգլիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանի խայտառակ ելույթներից հետո այսպիսի արդյունք գրանցելը պարզապես ֆանտաստիկ է: Sport.Times.am-ը վերլուծել է «Չելսիի» խաղը՝ հասկանալու համար ո՞րն է Կոնտեի թիմի հաջողության գրավականը:

Գլխավոր մարզիչը

Անտոնիո Կոնտեն Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկն է: Նրա մարզչական գաղափարները շատ պարզ են ու հստակ՝ հարձակողական ֆուտբոլ` իտալական մոտիվներով: Այսինքն՝ ամուր պաշտպանություն ունենալն առաջնային պայման է, բայց դա չի դառնում մոլուցք այնպես, ինչպես Ժոզե Մոուրինյուի դեպքում: Կոնտեն միշտ փորձում է առավելագույնը ստանալ իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից: «Յուվենտուսում» և Իտալիայի ազգային հավաքականում աշխատելու ընթացքում Կոնտեն հիանալի արդյունքներ է գրանցել: Նրա կիրառած մեթոդները երբեք քննարկման կամ դժգոհության առիթ չեն տվել: Կոնտեի համար Անգլիա տեղափոխվելը լրացուցիչ դժվարություններ առաջացրեց: Նոր երկիր, նոր մշակույթ, նոր լեզու, նոր ֆուտբոլային գաղափարներ և ուղղվածություն: Սկզբնական շրջանում նա փորձեց հարմարվել անգլիական ֆուտբոլին, բայց, հասկանալով, որ դա իր համար չէ, որոշեց անգլիական ֆուտբոլը հարմարացնել իրեն: Այդտեղից էլ ծնվեց խաղային սխեմայի փոփոխությունը:

Գերազանց ֆիզպատրաստվածություն

Անտոնիո Կոնտեի նախընտրած խաղաոճը պահանջում է գերազանց ֆիզիկական պատրատվածություն: Դա չես կարող ձեռք բերել մրցաշրջանի ընթացքում: Այն պետք է բարձր մակարդակով կազմակերպել նախամրցաշրջանային փուլում: Այս հարցում Կոնտեն խնդիրներ չունեցավ: Նախորդ տարի «Չելսիի» ձախողման գլխավոր պատճառը հենց դա էր՝ վատ ֆիզիկական պատրաստվածությունը: Նույնիսկ Մոուրինյուն էր խոստովանել, որ թերացել է այդ հարցում: Սրանից կարելի է հետևություն անել, որ Կոնտեն չկրկնեց պորտուգալացու սխալը:

Բացի այդ, «Չելսին», ի տարբերություն մի քանի թիմի, ուներ մի կարևոր առավելություն՝ եվրագավաթային խաղերի բացակայությունը: Սա թույլ տվեց մրցաշրջանի զգալի մասն անցկացնել հանգիստ գրաֆիկով, ինչի շնորհիվ ֆուտբոլիստները խաղերի միջակայքում բավականաչափ ժամանակ էին ունենում հանգստանալու և վերականգնվելու համար:

Տրանսֆերները

Այս հարցում «Չելսիում» աշխատող ոչ մի մարզչի չես նախանձի: Ակումբի մարզական տնօրեն Մայքլ Էմանելոն անձամբ է զբաղվում տրանսֆերների հարցով: Նախորդ տարի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ Մոուրինյուի դժգոհություններն արդյունք չտվեցին, այնպես որ, Կոնտեն, այդ ամենը հասկանալով, փորձեց հարմարվել դրան և այլ լուծում գտնել: Ըստ բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների՝ ամռանը «Չելսիի» կատարած տրանսֆերներից միայն մեկն է եղել Կոնտեի անմիջական ցանկությամբ: Դե իհարկե խոսքը Նգոլո Կանտեի մասին է: Իսկ Միշի Բատշուայիի, Մարկոս Ալոնսոյի և Դավիդ Լուիսի տրանսֆերներն իրականացվել են կոնկրետ Մայքլ Էմանելոյի ցանկությամբ:

Արդյունքում Կոնտե կարողացել է լավագույնս համատեղել այս ֆուտբոլիստներին՝ ստեղծելով մարտունակ թիմ, որն ի վերջո դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Եվս մեկ կարևոր քայլ, որը կատարեց Կոնտեն, Դիեգո Կոստայի կերպարանափոխությունը: Այս մրցաշրջանում իսպանացին իրեն նման չէ: Նա այլևս սադրանքների չի դիմում, ավելորդ ագրեսիվություն չի ցուցաբերում, ընդհակառակը՝ զբաղվում է կոնկրետ գործով՝ գոլեր խփելով:

Խաղային սխեման

Ընթացիկ մրցաշրջանը «Չելսին» սկսեց 4 պաշտպանով խաղային սխեմա կիրառելով: Սակայն մրցաշրջանի մեկնարկային հատվածում «Լիվերպուլից» և «Արսենալից» կրած անընդմեջ պարտությունները ստիպեցին Կոնտեին ինչ-որ բան ձեռնարկել: Արդյունքում իտալացի մասնագետն անցավ 3-4-3 տակտիկական դասավորությանը: Սխեմա, որը թույլ է տալիս օգտագործել դաշտի ամբողջ երկայնքն ու թվային առավելություն ստանալ յուրաքանչյուր խաղային դիրքում: Այս սխեմայի շնորհիվ «Չելսիի» գրոհների առյուծի բաժինն անցնում են եզրերով, իսկ դաշտի կենտրոնական հատվածում ազատ գոտիներ գրեթե չեն մնում: Դա արդեն Կանտե-Մատիչ զույգի շնորհիվ: Այս երկու ֆուտբոլիստների խաղային որակների համադրությունը թույլ է տալիս ցեմենտել դաշտի կենտրոնը: Բացի մրցակցի գրոհները քանդելուց, նրանք գերազանց են հանդես գալիս նաև սեփական թիմի գրոհները կառուցելու գործում: Պաշտպանությունից հարձակում դուրս գալն առաջին հերթին կազմակերպում են երկու կենտրոնական պաշտպանները՝ Դավիդ Լուիսն ու Սեզար Ասպիլիկուետան՝ երկար փոխանցումներով, իսկ Մատիչն ու Կանտեն լրացնում են նրանց:

Հարձակման գծի ֆուտբոլիստները միշտ շարժման մեջ են: Կոնտեն ազատություն է տվել Ազար-Պեդրո-Կոստա եռյակին: Նրանք խաղի ընթացքում անընդհատ փոխվում են դիրքերով՝ փորձելով ազատ գոտիներ գտնել: Ըստ էության, այս սխեման ավելի շատ թիմային աշխատանքի վրա է հիմնված: Եթե մնացած խաղային սխեմաներում առկա է վառ արտահայտված փելյմեյքերը, ապա այստեղ այն բացակայում է:

***

Անտոնիո Կոնտեն Անգլիայում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում դարձավ երկրի չեմպիոն: Նա կրկնեց Մոուրինյուի 2004-2005թթ. մրցաշրջանի ռեկորդը՝ 29 հաղթանակ մեկ մրցաշրջանի ընթացքում: Հաշվի առնելով, որ դեռ մեկ խաղ էլ կա անցկացնելու, ապա հնարավոր է Կոնտեն այս ցուցանիշով շրջանցի պորտուգալցուն:

Չեմպինությունը նվաճելուց հետո Կոնտեի թիմը կենտրոնանալու է Անգլիայի գավաթի եզրափակչի վրա, որտեղ մրցելու է մեկ այլ լոնդոնյան թիմի՝ «Արսենալի» հետ:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում