Տիմ․ Ջոկովիչն ինձ մտածելու ժամանակ չէր տալիս

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի կիսաեզրափակչում 0։6, 1։6 հաշվով պարտվեց աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին։ 

Խաղից հետո Տիմը, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել մրցաշարի գլխավոր ֆավորիտ Ռաֆայել Նադալին, խոսել է անհաջող ելույթի պատճառների մասին։

-Չեմ կարող ասել, թե շատ հիասթափված եմ։ Այսօրվա պարտությունս իր պատճառներն ուներ։ Առաջին հերթին, Նադալն ու Ջոկովիչը տարբեր խաղաոճեր ունեն։ Ինձ համար բարդ է խաղալ Նովակի դեմ։ Նա ինձ մտածելու ժամանակ չէր թողնում։ Նովակի խաղաոճն ընդհանրապես չի համապատասխանում ինձ։

Երկրորդ, առաջին անգամ կարիերայիս ընթացքում մի քանի շաբաթ շարունակ մասնակցում եմ բարձրակարգ մրցաշարերի։ Կարելի է ասել՝ հատուցեցի համարձակությանս համար։ Դեռևս Կուերիի հետ խաղում հոգնածություն էի զգում։ Ինքս էլ էի զարմացել, թե ինչպես կարողացա խաղալ Նադալի հետ, բայց հասկանում էի՝ այսպես երկար չի շարունակվելու։

Սպասում էի, որ Նովակը հենց սկզբից ագրեսիվ է խաղալու, սակայն ոչինչ չկարողացա անել։ Հոգեբանորեն ևս պատրաստ չէի նման խաղի։ Երբեմն նման պարտություններ գրանցվում են հաջող հանդիպումների շարքից հետո։ Եվ եթե հանդիպում ես Նովակի նման մրցակցի, 0։6, 1։6 հաշիվը տրամաբանական է դառնում,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է 23-ամյա թենիսիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում