6 պատճառ Խաբի Ալոնսոյին կարոտելու համար

«Ես ֆուտբոլով եմ ապրել ու սիրում եմ այն: Հաջողությո՜ւն, հիասքանչ խաղ»,- հայտարարեց Ալոնսոն և խաղակոշիկները մեղից կախեց։ 

Ֆուտբոլում իր հետքը թողած ևս մեկ ֆուտբոլիստ ավարտեց կարիերան: Նրան միայն Լիվերպուլում, Մադրիդում կամ Մյունխենում չէ, որ կարոտելու են, և դրա համար բավարար պատճառներ կան։

Իդեալական կարիերայի համար

Տիտղոսները թվելն ավելորդ է․․․

Ֆուտբոլ խաղացող բոլոր բասկերի պես Ալոնսոն էլ 18 տարեկանում ելույթները սկսեց հայրենի «Ռեալ Սոսյեդադում», որտեղ արդեն 20 տարեկանում ավագի թևկապը ստացավ, ապա հանդես եկավ երեք լավագույն առաջնություններում։ Ալոնսոն խաղաց «Լիվերպուլում», «Ռեալում» և «Բավարիայում» և միայն Պրեմիեր լիգայում չեմպիոն չդարձավ:

«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ում չհաղթելն է: 2009-ին մենք ինչպես երբեք մոտ էինք հաղթանակին: Հիմա այդ զգացողությունները չկան, չեմ զգում քաղաքի արձագանքը: Ցավոտ է, քանի որ գիտեմ՝ երկրպագուների համար ԱՊԼ-ի հաղթանակն ամեն ինչից կարևոր է»,- «The Guardian»-ի հետ զրույցում ասել է իսպանացին: 

Իսպանիայի հավաքականի կազմում ևս Ալոնսոն գլխավոր աստղերից էր: Նա ավագի պարտականություններ կատարեց Եվրո-2008-ի ժամանակ, մասնակցեց Մունդիալ-2010-ի բոլոր խաղերին, Լեհաստանի և Ուկրաինայի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի՝ ֆրանսիացիների դեմ խաղում թիմին փրկեց պարտությունից, իսկ 2014-ին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին։

Ստամբուլի քամբեքի համար

Անգամ «Բարսելոնա» – «Պարի Սեն Ժերմեն» խաղից հետո Չեմպիոնների լիգայի ամենադրամատիկ քամբեքը շարունակում է մնալ 2005-ի Ստամբուլի եզրափակիչը: Առանց Խաբի Ալոնսոյի «Լիվերպուլը» չէր կարողանա նվաճել 21-րդ դարի իր կարևորագույն տիտղոսը: Իսպանացին փայլուն հանդիպում անցկացրեց, հավասարեցրեց հաշիվը ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում «Լիվերպուլը» լուծեց բոլոր խնդիրները։

Ճշգրիտ փոխանցումների համար

Ալոնսոն փոխանցման վարպետությունը հասցնում էր արվեստի: Պրեմիեր լիգայի կոպիտ և ուժեղ ֆուտբոլին Խաբին արագ հարմարվեց ու շուտով դասական անգլիական ֆուտբոլ խաղացողները ստիպված եղան հաշվի նստել իսպանացի նկարչի հետ: Առավելագույն ճշգրտությամբ 80 մետր հեռավորությունից կատարած փոխանցումներն ԱՊԼ-ում, Բունդեսլիգայում և Լա Լիգայում Ալոնսոյի հակառակորդներին անհասկանալի իրավիճակի մեջ էին դնում: 

Սեփական կիսադաշտից խփած գոլերի համար

Խաբին ոչ միայն փոխանցումներով, այլև հեռահար հարվածներով է հիշվում: Անգլիայում իսպանացին երկու անգամ գոլի հեղինակ է դարձել սեփական կիսադաշտից. սկզբում համեստ «Լուտոնը» տուժեց, ապա «Նյուքասլը»:

«Ես ռիսկի՞  եմ դիմել: Ո՛չ։ Եթե դաշտի կենտրոնից չհարվածեի, սարսափելի ոչինչ տեղի չէր ունենա: Երբեք չեմ անում այն, ինչն ինձ հիմար կդարձնի: Երբևե տեսե՞լ եք, որ պաշտպաններին հնարքներով խաբեմ կամ ներխուժեմ տուգանային հրապարակ»,- ասում է Ալոնսոն։

Ընտանիքի հանդեպ հավատարմության և հանգիստ բնավորության համար

Բասկ գեղեցկուհի Նագորե Արանբուրի հետ Ալոնսոն ծանոթացել է Սան-Սեբաստյանում, որտեղ նրա ապագա կինը հեռուստատեսության ոճաբան էր աշխատում: Հիմա զույգը երեք երեխա ունի: Առաջնեկի՝ Յոնչի ծնվելու առիթով Ալոնսոն բաց թողեց Չեմպիոնների լիգայի՝ «Ինտերի» հետ արտագնա խաղը, որպեսզի կնոջ կողքին լինի։

«Ես հաջողակ եմ, քանի որ աշխատել եմ Բենիտեսի, Մոուրինյուի, Գվարդիոլայի ու Անչելոտիի հետ»,- ասում է Ալոնսոն: Միանգամայն տարբեր մարզիչներից և ոչ մեկի հետ իսպանացին տարաձայնություն չի ունեցել: Ալոնսոն «Լիվերպուլում» Բենիտեսի հետ հարաբերությունները հարթել է անգամ այն ժամանակ, երբ մարզիչը ցանկանում էր գումար աշխատելու համար վաճառել ֆուտբոլիստին:

Բացարձակապես խաղաղասեր մարդ լինելով՝ Ալոնսոն դրական տրամադրվածություն և վստահություն էր տարածում: «Հենց միայն նրա ներկայությունից իմ մյուս տղաները սկսում էին ավելի լավ խաղալ»,- բասկյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Ջոն Տոշակի խոսքերն են:

Խաբին բոլորից շատ մոտ էր «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերրարդի հետ: Դաշտում նրանց կապն ուժեղագույններից էր, իսկ կյանքում նրանք անբաժան ընկերներ են: «Քո հեռանալու պահից սկսած ամեն օր կարոտում եմ»,- Ալոնսոյի տեղափոխությունից հետո նման հայտարարություն էր արել Ջերրարդը:

Ով գիտի, գուցե նրանք միանան «Լիվերպուլում», բայց արդեն մարզչի կարգավիճակում․․․

Նվիրվածության համար

««Լիվերպուլի» փառքի վերադարձն արդեն մոտ է»,- Ալոնսոն դրական է տրամադրված իր երկրորդ տան ապագայի նկատմամբ և հույսեր է կապում Յուրգեն Կլոպի հետ: Իսպանացին հետևում է նախկին թիմերի խաղերին, պարբերաբար մեկնաբանում, շփվում լրագրողների հետ ու գիտի, որ կարևոր է երկրպագուների համար: 

Լիվերպուլում ասում են՝ «Once Red – always Red»: Հյուպիա, Ագեր, Կարագեր, Կայտ, Յորն Արնե Րիսե, Ջերրարդ, Ալոնսո․․․ Նրանք բոլորը «հավերժ կարմիրներ» են, թեև վաղուց «Լիվերպուլում» չեն:

«Լիվերպուլի» կազմում հիմա շատ աստղեր կան, բայց ակումբին այդքան նվիրված մեկը դեռ չի նկատվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում