Կարիմ Բենզեմա. Հանգիստ լինել չի նշանակում անտարբեր լինել

Ներկայացնում ենք «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ «La Razon» պարբերականին տված հարցազրույցը։

***

Եթե կարող ես անխռով մնալ, երբ շուրջբոլորը խռովքի մեջ են ու դրա համար քեզ են կշտամբում․․․

Եթե կարող ես վստահել քեզ, երբ կասկածում են քեզ բոլորը, իսկ դու փոխարենը թողություն տալով, նրանց չես նախատում․․․

Սրանք Ռեդյարդ Քիփլինգի «Եթե» բանաստեղծության առաջին տողերն են: Թվում է, թե Քիփլինգը Բենզեմային է նկարագրել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում: Երբ Սիմեոնեի սաները 2 գոլ խփեցին, մարզադաշտում կրքերը բորբոքվեցին: Սակայն Կարիմը հանգիստ էր, ասես գիտեր, որ իր պահը գալու էր: Ասես գիտեր, որ ժամանակ կլիներ ամեն ինչ վճռելու համար: Հենց սա է անհամբերներին առանձնացնում համբերատարներից:

Բենզեման ակումբի ղեկավարության սիրելին է, բայց երկրպագուներին չի գոհացնում: Երկրպագուներն այն ֆուտբոլիստներին են սիրում, ովքեր դաշտից քրտինքի մեջ կորած են հեռանում: Նրանց, ովքեր անընդհատ ջանք են գործադրում: Ինչո՞ւ: Այդ ֆուտբոլիստներին հասկանալը հեշտ է:

Կարիմն այդպիսի ֆուտբոլիստների հակապատկերն է: Գրեթե երբեք նա ուժերը զուր չի վատնում: Նրան դեռևս բարդ է հստակ բացատրություն տալ: Նա հարձակվողի դիրքում է խաղում, բայց գործողությունները կիսապաշտպանի են: Երբ գնդակը նրա մոտ է հայտնվում, նա գոլի համար դուռ է բացում այնտեղ, որտեղ մյուսները պատնեշ են տեսնում: Ասում են, որ «Ռեալում» պահ է եղել, երբ Բենզեման դժգոհել է իր կարգավիճակից ու հասկացրել, որ պատրաստ է գնալ Ֆլորենտինո Պերեսի մոտ ու պատմել բարդ իրավիճակի մասին: Այսպիսին է ֆուտբոլը, այսպիսին են հզոր ակումբները․․․ Կարիմն այդ ժամանակ իր մտադրության մասին հոր հետ խոսեց: Հայրը նրան դաս տվեց. «Այո՛, մի օր դու կխոսես Պերեսի հետ, բայց առաջին բանը, որ պետք է անես, դաշտում վազելն է»:

Կարիմը Պերեսից երբեք ավելի շատ գումար չի պահանջել, չի պահանջել երկարաձգել պայմանագիրը, ակումբի ղեկավարության կոկորդին երբեք մյուս ակումբների առաջարկները դեմ չի տվել: Հիմա էլ չի անում: Այս շրջանում նա դեռևս հերոս է, ով իր թիմի համար Չեմպիոնների լիգայի երկրորդ անընդմեջ եզրափակչի ուղեգիր վաստակեց: 

-Գնդակը քեզ մոտ էր, դու միայնակ էիր երեք մրցակցի հետ: «Ռեալը» մինչև այդ պահը մեծ առավելություն չուներ: Ինչի՞ մասին էիր մտածում:

-Այն ամենը, ինչ միշտ անում եմ, ուղղված է «Ռեալի» գրոհը գոլով ավարտելու լուծում գտնելուն:

-Իսպանիայում շատերը վիճում են՝ «9 համա՞ր» ես, «մարդասպա՞ն», թե՞ հարձակողական ոճի կիսապաշտպանի հմտություններ ունեցող հարձակվող: Ի՞նչ սահմանում կտայիր ինքդ քեզ:

-Ես հարձակվող ֆուտբոլիստ եմ:

-Ո՞րն ես նախընտրում՝ գոլ խփե՞լ, թե՞ փոխանցում կատարել, որ ընկերդ խփի:

-Ինձ դուր է գալիս, երբ թիմս գոլ է խփում: Գոլերը հաղթանակ են բերում, իսկ հաղթանակները մրցաշրջանի ավարտին տիտղոս են բերում:

-Քեզ մյուս ֆուտբոլիստներից առանձնացնում է այն, որ միշտ հանգիստ ես՝ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակ: Կյանքո՞ւմ էլ ես այդպիսին:

-Հանգիստ լինել չի նշանակում անտարբեր լինել: Երբեմն լավ է հանգիստ մնալը: Ֆուտբոլում դա շատ կարևոր է թիմի համար:

Բենզեման «La Razon»-ի լուսանկարի համար դիրք է ընդունում: Ուրբաթ է, Վալդեբեբասում մարզումը նոր է ավարտվել: Սովորական մթնոլորտ է: Ֆուտբոլիստներն անցնում-դառնում են. Մորատան բեռնված է պայուսակներով, Իսկոն իրեն բնորոշ ծուռթաթ քայլվածքով է անցնում (իրականում դա առավելություն է նրա համար): Բենզեման հեռախոսով ֆրանսերեն խոսում է ու զուգահեռ լսում լուսանկարչի հրահանգները: «Ինչպես ասես»,- շշուկով, ֆրանսիական առոգանությամբ իսպաներեն պատասխանում է լուսանկարչին: Փորձում է չշարժվել, որպեսզի լուսանկարը չփչացնի: Նրան լուսարձակումն է անհանգստացնում, Կարիմը յուրաքանչյուր նկարից հետո թարթում է աչքերը, բայց ոչինչ չի ասում:

Գալիս են Պեպեն ու Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Բենզեման ասես սոսնձված է ապակուն, նայում է անվերջությանը: Պորտուգալացիները հրում են նրան ու ծիծաղում: Բենզեման ժպտում է, բայց շատ թույլ նկատելի: Հեռվից Մարսելոն է նրան հրաժեշտ տալիս, Կարիմը ձեռքով է անում: 

Վալդեբեբասում զգացվում է ընկերական մթնոլորտը: Հնարավոր է, որ դա ակումբում Կարիմի գլխավոր պաշտպաններից մեկի՝ Զինեդին Զիդանի վաստակն է: Մարզիչը միշտ լավ է արտահայտվում ֆուտբոլիստի մասին. «Կարիմը տպավորիչ խաղացող է: Նրան խնդրում ենք շատ գոլեր խփել, բայց նա շատ ավելին էլ է կարողանում անել: Ինձ ավելի շատ անհանգստացնում է, թե Կարիմն ինչպես կարող է համագործակցել մյուսների հետ, քանի որ գոլերի համար Ռոնալդուն, Մորատան ու մյուսներն էլ կան»։

Երբ Զիդանը Կարլո Անչելոտիի օգնականն էր, Բենզեմայի հետ հաճախ էր մարզումներից հետո մնում, որպեսզի տարբեր շարժումներ կատարելագործեին: Կարիմն անդրադառնում է արդեն գլխավոր մարզիչ Զիդանի 1.5 տարվա գործունեությանը:

-Ի՞նչ է Զիդանը փոխել, որքա՞ն է նրա վաստակն այսօր «Ռեալի» հետ կատարվելիքում:

-Զիդանը ֆուտբոլի աստղ է եղել, նա «Ռեալի» լեգենդն է: Նա հիանալի ճանաչում է ֆուտբոլային աշխարհն ու այս ակումբը: Սա է հենց մեր հաջողության գաղտնիքը:

-Միայն տաղանդը բավակա՞ն է «Ռեալում» խաղալու համար:

-«Ռեալում» խաղալու համար շատ բան է պահանջվում, քանի որ սա աշխարհի լավագույն ակումբն է: Տաղանդ, ծանր աշխատանք, հաղթողի մտածողություն… Բացի այդ, բոլոր այս հատկանիշները միշտ պետք է առավելագույնի վրա լինեն, որպեսզի քեզ թիմում պահեն:

-Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն ես «Ռեալի» շարքային երկրպագուի աչքերում:

-Երկար տարիներ է, որ «Ռեալում» եմ խաղում և երկրպագուները հիանալի ճանաչում են ինձ: Բոլորին հարգանքով եմ վերաբերում՝ անկախ իմ հանդեպ նրանց կարծիքից:

-«Ռեալի» պես թիմում ես խաղում, որը միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում։ Ճնշում զգո՞ւմ ես:

-Երբ խաղում ես «Ռեալում», այդ ժամանակ ես հասկանում, թե որքան կարևոր է թիմը ու հսկայական ճնշում ես նկատում, որն անդրադառնում է «Ռեալի» ցանկացած ֆուտբոլիստի վրա: Ով չի եղել այստեղ, չի կարող հասկանալ: Միշտ զարմացել եմ, որ մարդիկ սիրում են խոսել մի բանի մասին, ինչն առհասարակ անծանոթ է իրենց:

-Այս ամբողջ շաբաթվա ընթացքում շատ է խոսվել թիմի արժեքների մասին, ասես դրանք դաշտում կատարվելիքից կարևոր են: Դու 2009-ին ես Մադրիդ տեղափոխվել ու վաղուց հարմարվել ես: Ի՞նչ արժեքներ ունի այս ակումբը:

-Դրանք բոլորին են հայտնի՝ երբեք չհանձնվել, պայքարել մինչև վերջ, հարգել մրցակցին, հոգ տանել կանտերայի մասին, խոնարհ լինել, լավ խաղալ, տիտղոսներ նվաճել, շարունակել պատմություն կերտել… Շատ բան կարելի է ասել նաև «Ռեալի» բարեգործությունների մասին: Գիտեմ, թե ինչ անհավատալի աշխատանք է այդ առումով տարվում: Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ կան, ովքեր ամեն օր ակումբից օգնություն են ստանում:

***

Ֆլորենտինոն անձամբ մեկնել էր Ֆրանսիա, որպեսզի Բենզեմային համոզեր «Ռեալ» տեղափոխվել: Հենց նախագահն էր, որ բոլորից խանդավառ տոնեց ֆրանսիացու՝ Չեմպիոնների լիգայում հարազատ «Օլիմպիկի» դարպասը խփած գոլը: Հանգստությունը, որով Պերեսը սովորաբար հետևում է խաղերին, մոռացվում է Բենզեմայի գոլերի ժամանակ․․․ Իսպանիա տեղափոխվելուց հետո Բենզեմայի կյանքում շատ բան է տեղի ունեցել, բայց ֆրանսիացին կրկին նախընտրում է հակիրճ պատասխանել։

-Արդեն 8 տարի է՝ Իսպանիայում ես ապրում: Ի՞նչն է այս երկրում քեզ դուր գալիս:

-Իսպանիան հիանալի երկիր է: Այստեղ երջանիկ եմ: Մարդիկ շատ լավն են, շատ սրտացավ:

 

 

Աղբյուրը՝ Խոսե Ագուադո, «La Razon»
Թարգմանությունը՝ Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում