Պաշտոնական․ Անդրե Աղասին կդառնա Նովակ Ջոկովիչի մարզիչը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի եզրափակչում Ալեքսանդր Զվերևին պարտվելուց հետո հայտարարել է, որ սկսելու է համագործակցել լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի հետ։ Սերբ թենիսիստը նշել է, որ արդեն «Ռոլան Գարրոսում» Աղասին կլինի իր թիմում։ Ջոկովիչը կարիերայի ընթացքում պարբերաբար խորհրդատվություն է ստացել Աղասիից, սակայն պաշտոնական համագործակցություն չի եղել։

Համագործակցության պայմանները և ժամկետը հայտնի չէ․ ամենայն հավանականությամբ, դրանք կախված են լինելու առաջիկա արդյունքներից։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Նովակ Ջոկովիչը հայտարարել էր մարզիչ Մարիան Վայդայի, ֆիթնես-մարզիչ Գեբհարդ Ֆիլ-Գրիտշի և ֆիզիոթերապևտ Միլյան Ամանովիչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, իսկ նախորդ մրցաշրջանի ավարտին դադարեցրել էր համագործակցությունը Բորիս Բեկերի հետ։

Անդրե Աղասին կարիերայի ընթացքում 870 հաղթանակ է տոնել, 274 պարտություն կրել։ 1995 թվականի ապրիլի 10-ին դարձել է աշխարհի առաջին ռակետը և այդ հորիզոնականում մնացել է 101 շաբաթ (դադարներով): 16 մրցաշրջան Աղասին եղել է ATP-ի թոփ-տասնյակում, ինչը Ջիմի Կոնորսի ռեկորդային ցուցանիշի կրկնությունն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում