Կոնֆեդերացիաների Գավաթ. Գերմանիան կորուստ ունի

«Մանչեսթեր Սիթիի» ու Գերմանիայի հավաքականի եզրային հարձակվող Լերոյ Սանեն չի մասնակցելու Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությանը: 21-ամյա ֆուտբոլիստը քթի վնասվածքի պատճառով վիրահատության է ենթարկվելու:

«Ցանկանում էի մեկնել Ռուսաստան, սակայն բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո որոշեցի վիրահատության ենթարկվել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ամբողջովին առողջ լինեմ»,- վինգերի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել էր Ռուսաստանում կայանալիք մրցաշարին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որում բացակայում էին ազգային ընտրանու մի շարք առաջատարներ, նրանց հանգիստ է տրվել:

Մինչև հունիսի 7-ը մարզչական շտաբը կարող է այդ հայտացուցակում փոփոխություններ կատարել: Կոնֆեդերացիաների Գավաթը կանցկացվի հունիսի 17-ից հուլիսի 2-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում