«Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ». Տարվա առաջին մեծ եզրափակիչը

Կկարողանա՞ «Այաքսն» իր երիտասարդ ֆուտբոլիստների շնորհիվ 22 տարում առաջին անգամ չեմպիոն դառնալ եվրագավաթային խաղարկությունում, թե՞ «Մանչեսթեր Յունայթեդը» կհամալրի տիտղոսների շարքը պակասող գավաթով:

Հարցի պատասխանը կստանանք, երբ հետևենք ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, որի վերաբերյալ առանձնացրել են ուշագրավ փաստեր։

Նախորդ հանդիպումները

ՈւԵՖԱ-ի մրցաշարերում այս եզրափակիչը լինելու է թիմերի 5-րդ հանդիպումը։ Նախորդ 4 խաղերում յուրաքանչյուրը երկուական հաղթանակ են տոնել: Առաջին անգամ թիմերի ճանապարհները խաչվեցին ՈւԵՖԱ-ի գավաթի 1976-77թթ. խաղարկության առաջին տուրում: «Այաքսն» Ամստերդամում Ռուդ Կրոլի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ, բայց «Օլդ Թրաֆորդի» պատասխան խաղում դաշտի տերերը 2:0 հաշվով առաջ անցան հյուրերից: «Կարմիր սատանաների» կազմում աչքի ընկան Լու Մակարին և Սեմի Մակիրլոյը:

Վերջին անգամ թիմերը հանդիպել են Եվրոպա լիգայի 2011-12թթ. խաղարկության 1/16 եզրափակչում: Նիդեռլանդների մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին խաղում Էշլի Յանգի ու Խավյեր Էրնանդեսի գոլերը 2:0 հաշվով հաղթանակ բերեցին Ալեքս Ֆերգյուսոնի թիմին: Չիչարիտոն աչքի ընկավ նաև պատասխան խաղում, բայց Արազ Օզբիլիսը և Թոբի Ալդերվեյրելդը կարողացան փոխել հանդիպման ընթացքը: Հյուրերը հաղթեցին պատասխան խաղում (2:1), բայց հաջորդ փուլ անցավ «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Կարմիր սատանաների» այսօրվա ֆուտբոլիստներ Յանգը, Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգն ու Դավիդ դե Խեան մասնակցել են 2011-12թթ․ խաղարկության խաղերին: Պոլ Պոգբան, ով դեռ չէր տեղափոխվել «Յուվենտուս», հայտավորված էր անգլիացիների կազմում, բայց հանդիպմանը պահեստայինների նստարանից հետևեց:

Վիճակագրություն

  • «Այաքսը» եզրափակչի ճանապարհին 1 գոլ ավելի է խփել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 24-ը 23-ի դիմաց: Փոխարենն ավելի շատ է բաց թողել՝ 8-15։
  • «Այաքսը» եվրագավաթում 6 անընդմեջ արտագնա խաղում հաղթանակ չի կարող տոնել՝ 3 ոչ-ոքիին հաջորդել է 3 պարտություն: 
  • «Մանչեսթեր Յունայթեդը»  խմբային փուլում «Ֆեներբախչեից» պարտություն կրելուց հետո (1:2) արդեն 10 խաղ անընդմեջ եվրագավաթում չի պարտվում՝ Հ7 Ո3:
  • «Այաքսն» այս խաղարկությունում առաջատար է դարպասի ուղղությամբ կատարած հարվածների (255) և դարպասին ուղղված հարվածների (95) քանակով: «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցանիշն է՝ 208 և 76: 
  • «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 7582 փոխանցում է կատարել, որոնցից 6702-ը ճշգրիտ են եղել: «Այաքսի» 6033 փոխանցումից 5142-ն է նպատակին հասել:
  • Ամստերդամցիները 236 խախտում են կատարել, 45 դեղին քարտ ստացել և 4 կարմիր: «Մանչեսթեր Յունայթեդը» 176 խախտման հետ 21 դեղին ու 2 կարմիր քարտ է ստացել:

Թիմերի միջև եղած կապը, փաստեր

  • «Չելսիից» վարձավճարի դիմաց «Այաքս» տեղափոխված Բերտրան Տրաորեն «Մանչեսթեր Յունայթեդի» սկզբունքային հակառակորդն է: Բուրկինա-Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը Ժոզե Մոուրինյուի օրոք սկսեց խաղալ «Չելսիում» և նորամուտը նշեց 2015-ի սեպտեմբերին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մակաբիի» դեմ խաղում (4:0):
  • «Այաքսի» հարձակվող Ջասթին Կլյույվերտը Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է: Ավագ Կլյույվերտը 2004-05թթ․ մրցաշրջանն անց է կացրել Պրեմիեր լիգայում և «Նյուքասլի» կազմում 3 անգամ հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում և պարտվել է․ առաջնության շրջանակներում՝ 1:2 և 1:3 հաշվով, իսկ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում՝ 1։4
  • «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր ուղին «Այաքսից» է սկսել: Ամստերդամի ակումբում շվեդ ֆուտբոլիստը 2001-04թթ. է հանդես եկել, չեմպիոնական երկու գավաթ նվաճել ու արժանացել Նիդեռլանդների գավաթին: Իբրան միակ շվեդ ֆուտբոլիստն է, ով վնասվածք չստանալու դեպքում կարող էր խաղալ Ստոկհոլմում: 
  • «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդը խաղալու է նախկին թիմի դեմ, որի կազմում ժամանակին նաև նրա հայրն է խաղացել: «Այաքսի» սանը 2008-14թթ. չեմպիոնական 4 տիտղոս է նվաճել:

  • 2008 թվականին անգլիացիների հետ Չեմպիոնների լիգայում չեմպիոն դարձած Էդվին վան դեր Սարը վերադարձել է «Այաքս» ու դարձել ակումբի գլխավոր տնօրենը։
  • «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն 2007-11թթ. խաղացել է հոլանդական «Ալկմարում», 2008-09թթ․ մրցաշրջանում չեմպիոն դարձել: 2010-11թթ. նրա խաղընկերն էր «Այաքսի» այօրվա պաշտպան Նիկ Վիրգևերը:
  • Պաշտպան Տիմոտի Ֆոսու-Մենսան ծնվել է Ամստերդամում և խաղացել «Այաքսում», իսկ 2014-ին համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը: 
  • 8-ական գոլ խփած «Զենիթի» կիսապաշտպան Ժուլիանոն և «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն գլխավորում են Եվրոպա լիգայի 2016-17թթ. լավագույն ռմբարկուների ցուցակը: «Այաքսի» լավագույն ռմբարկու Կասպեր Դոլբերգը 6 գնդակ է խփել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներ Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը՝ 5-ական: 
  • Պոգբան Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջատար է փոխանցումների ցուցանիշով, նրա 954 փոխանցումից 840-ը հասել է նպատակին: 
  • «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային միակ ֆուտբոլիստն է, ում Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 2 անգամ հեռացրել են դաշտից: «Այաքսի» պաշտպան Յոել Վելտմանն էլ 6 զգուշացմամբ գլխավորում է դեղին քարտ ստացածների ցուցակը:
  • «Հրեաների» կազմում ընթացիկ խաղարկությունում բոլորից շատ խախտումներ Դոլբերգի նկատմամբ են կատարել (25): «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պոգբան է առանձնանում (20): 
  • Ժոզե Մոուրինյուի թիմի կիսապաշտպան Մայքլ Կերիկը հնարավորություն ունի դառնալու Եվրոպա լիգայի եզրափակչի ամենատարեց մասնակիցը և հաղթողը (35 տարեկան և 300 օրական): Այսօր այդ ցուցանիշով առանձնանում է Ֆրենկ Լեմպարդը (2013-ին նա 34 տարեկան և 329 օրական էր, երբ «Չելսին» գավաթակիր դարձավ): 
  • 17-ամյա Մատեյս դե Լիգտը կարող է դառնալ մրցաշարի եզրափակչի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը: Այսօր այդ կարգավիճակում է Էդուարդո Սալվիոն, ով 2010-ի «Ատլետիկոյի» հաղթանակի ժամանակ 19 տարեկան և 303 օրական էր: Առանց դե Լիգտի էլ հոլանդական թիմում շատ են երիտասարդները, ովքեր կարող են շրջանցել Սալվիոյին։

Շվեդական հողում

  • «Այաքսը» եվրագավաթների շրջանակներում 2 անգամ է խաղացել Շվեդիայում՝ Հ1 Պ1: 1987-ի Գավաթակիրների գավաթում ամստերդամցիները «Մալմյոյից» պարտություն կրեցին, իսկ 1991-ին ՈւԵՖԱ-ի գավաթում 1:0 հաշվով հաղթեցին։
  • «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեդիայում մեկ հանդիպում է անցկացրել, մրցակիցը եղել է «Գետեբորգը»: Չեմպիոնների լիգայի 1994-95թթ. խաղարկության խմբային փուլում «կարմիր սատանաները» պարտվել են 1:3 հաշվով: Հաղթող թիմի գոլերից մեկի հեղինակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 1999-ին Չեմպիոնների գավաթը նվաճած Յեսպեր Բլոմկվիստն էր: 
  • Մինչև Եվրոպա լիգայի այս խաղարկությունը Ստոկհոլմը տղամարդկանց եվրագավաթի միայն մեկ եզրափակիչ է ընդունել, որում հաղթել է անգլիական ակումբ․ 1998-ի Գավաթակիրների գավաթում «Չելսին» 1:0 հաշվով  պարտության է մատնել «Շտուտգարտին»:

Եզրափակիչ խաղերի փորձ

  • Սա «Այաքսի» 15-րդ եվրագավաթային եզրափակիչն է (Հ10 Պ4), բայց առաջինը «Յուվենտուսից» 1996 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում կրած պարտությունից հետո:
  • «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա եվրագավաթների 12-րդ եզրափակիչն է (Հ6 Պ5): Անգլիական գրանդը վերջին երեք գլխավոր խաղերում պարտվել է․ 2008-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում զիջել է «Զենիթին» (1:2), Չեմպիոնների լիգայի 2009-ի եզրափակչում՝ «Բարսելոնային» (0:2), 2011-ին՝ կրկին կատալոնացիներին (1:3): «ՄՅՈՒ»-ի եվրագավաթային եզրափակչում վերջին անգամ հաղթել է 2008-ին, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ (1:1, 11մ 6:5)։
  • «Մանչեսթեր Յունայթեդը» 1999-ից հետո միջազգային մրցաշարերի եզրափակիչներում հիմնական ժամանակում չի հաղթել: Վերջին անգամ Միջմայրցամաքային գավաթի ժամանակ «Պալմեյրասի» դեմ խաղում Ռոյ Կինի գնդակն է նրանց հաղթանակ պարգևել (1:0):
  • «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա խաղում հաղթելու դեպքում կդառնա 5-րդ ակումբն որին հաջողվում է հաղթել եվրագավաթի բոլոր մրցաշարերում: Նախկինում այդ հաջողությանը հասել են «Այաքսը», «Բավարիան», «Չելսին» և «Յուվենտուսը»:
  • «Այաքսը» հաղթանակի դեպքում յուրատեսակ հավաքածու ձեռք կբերի ու կդառնա միակ ակումբը, որին կհաջողվի հաղթանակ տանել ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերերի բոլոր ձևաչափերում: 1971, 1972 և 1973 թվականներին նրանք նվաճել են Եվրոպական չեմպիոնների գավաթը, 1995-ին արժանացել Չեմպիոնների լիգայի տիտղոսին: 1992-ին նվաճել են ՈւԵՖԱ-ի գավաթը: «Պորտուն» միակ ակումբն է, որ հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթում (2003)/Եվրոպա լիգայում (2011), Չեմպիոնների գավաթում (1987)/Չեմպիոնների լիգայում (2004): «Պորտուն» չի հաղթել Գավաթակիրների գավաթում:
  • Անգլիական գրանդի համար սա Եվրոպա լիգայի առաջին եզրափակիչն է: Մրցաշարի եզրափակչին մասնակցած ակումբների թիվը դառնում է 12: «Ֆրենդս Արենայում» հաղթող թիմը տիտղոս նվաճած 5-րդ ակումբը կդառնա: Եվրոպա լիգայում գավաթակիրներ են դարձել «Սևիլյան» (3 անգամ), «Ատլետիկոն» (2 անգամ), «Պորտուն» (1 անգամ), «Չելսին» (1 անգամ):
  • «Մանչեսթեր Յունայթեդը» «Ֆուլհեմից», «Չելսիից» ու «Լիվերպուլից» հետո 4-րդ անգլիական ակումբն է, որ հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ այն բանից հետո, երբ այն սկսել է փոխարինել ՈւԵՖԱ-ի գավաթին: Պորտուգալիայից ու Իսպանիայի եզրափակչին երեքական թիմեր են մասնակցել:
  • «Այաքսը» հոլանդական առաջին թիմն է, որ հասնում է Եվրոպա լիգայի եզրափակիչ: 

Մարզիչները

Պետեր Բոսը, Իսրայելից վերադառնալով, 2016-ին է գլխավորել «Այաքսը»: «Ֆեյենորդի» կազմում Նիդեռլանդների չեմպիոն դարձած մարզիչը հայրենիքում աշխատել է «Հերակլեսի» և «Վիտեսի» հետ:

Ժոզե Մոուրինյուն անցյալ ամռանը ձեռքն առավ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը: Պորտուգալացին «Պորտուի» հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Ավելի ուշ «Ինտերի» հետ հասել է եվրագավաթային գլխավոր մրցաշարի հաղթանակին: Երկու անգամ աշխատել է «Չելսիի» հետ, դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն: Մոուրինյուն վերջին անգամ այս մրցաշարին 2002-03թթ․ մրցաշրջանում է մասնակցել, երբ գլխավորում էր «Պորտուն»: Սևիլյայում կայացած եզրափակչում նրա թիմը 3:2 հաշվով հաղթեց «Սելթիկին»: 

«Ռեալի» հետ աշխատելու տարիներին Մոուրինյուն 6 անգամ հանդիպել է «Այաքսին» և դրանցից յուրաքանչյուրում հաղթանակի հասել՝ 20:2 ընդհանուր տարբերությամբ: 

Մոուրինյուն հաղթել է եվրագավաթների իր մասնակցած 3 խոշոր եզրափակիչներում, իսկ Բոսն առաջին անգամ է հասնում ՈւԵՖԱ-ի մրցաշարերի եզրափակիչ խաղին:

Հաղթողը կդառնա Եվրոպա լիգայի գավաթը նվաճած ամենատարեց մարզիչը: Այս պահին այդ ցուցանիշը Ռաֆայել Բենիտեսին է պատկանում, ով 2013-ին «Չելսիի» հետ տիտղոսը նվաճելիս 53 տարեկան և 21 օրական էր: Եզրափակչի օրը Բոսը 53 տարեկան և 184 օրական կլինի, իսկ Մոուրինյուն՝ 54 տարեկան և 118 օրական:

Մոուրինյուն կարող է այլ կերպ էլ շրջանցել Բենիտեսին: Հաջողության հասնելու դեպքում նա կդառնա ՈւԵՖԱ-ի գավաթում և Եվրոպա լիգայում հաղթանակ տարած երկրորդ մարզիչը: Բենիտեսը մրցանակները նվաճել է «Վալենսիայի» (2004) և «Չելսիի» հետ (2013):

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում