«Մեծ Սեմն» ավարտել է մարզչական կարիերան

«Քրիսթալ Փելասը» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Սեմ Էլարդայսի հեռանալու մասին: Այդ որոշումը կայացվել է 62-ամյա մասնագետի նախաձեռնությամբ:

«Շատ բարդ որոշում էր: Միշտ շնորհակալ կլինեմ «Քրիսթալ Փելասին» ինձ հնարավորություն տալու համար, որովհետև կարողացա Անգլիայի հավաքականում տեղի ունեցածից հետո վերականգնել հեղինակությունս: Ինձ նման շանս էր հարկավոր: Այդ պատճառով դժվար է հեռանալ:

Ակումբը ճիշտ ճանապարհով է շարժվում: Ինձ համար մեծ պատիվ էր այստեղ աշխատելը: Գիտեմ, որ ղեկավարության համար իմ հեռանալը շոկ էր, բայց որևէ կոնֆլիկտ կամ չկատարված պարտավորություններ չկան: Սա իմ որոշումն է:

Ցանկանում եմ պարզապես վայելել կյանքը, քանի դեռ հարաբերականորեն երիտասարդ ու առողջ եմ: Ուզում եմ ճանապարհորդել, առանց ճնշման ժամանակս անցկացնել ընտանիքիս հետ, ինչը հնարավոր չէր մարզչի աշխատանքում: Հեռանալու համար համապատասխան ժամանակն է: Այլ աշխատանք չեմ փնտրում: Կկարոտեմ մարզչի գործը, բայց որոշմանս համար չեմ զղջում»,- անգլիացու խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Էլարդայսն իր կարիերայի ընթացքում գլխավորել է «Լիմերիկը», «Պրեսթոնը», «Բլեքպուլը», «Նոթս Քաունտին», «Բոլթոնը», «Նյուքասլը», «Բլեքբեռնը», «Վեսթ Հեմը», «Սանդերլենդը», Անգլիայի հավաքականը և «Քրիսթալ Փելասը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում