Ֆիգու․ Կարծում եմ՝ Դավիդ դե Խեան կտեղափոխվի «Ռեալ»

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն «Cadena Ser»-ին տված հարցազրույցում գովաբանել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին և կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հավանական տեղափոխության վերաբերյալ։

Ֆիգուն կարծում է, որ ամռանը Դավիդ դե Խեան կհամալրի «Ռեալի» շարքերը․

«Կեյլոր Նավասը հիանալի մրցաշրջան է անցկացրել և այստեղ մեծ է մարզչական անձնակազմի գործոնը։ Ամեն դեպքում կարծում եմ՝ դե Խեան կտեղափոխվի «Ռեալ» և Նավասի հետ կպայքարի մեկնարկային տեղի համար։ «Ռեալը» միշտ ձգտում է հնարավորինս ուժեղացնել կազմը»,- ասել է Ֆիգուն։

Լուիս Ֆիգուն բարձր է գնահատել նախկին թիմակից Զինեդին Զիդանի՝ «Արքայական ակումբում» կատարած աշխատանքը․

««Ռեալի» նման ակումբում բարդ է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ֆուտբոլիստները գոհ լինեն։ Խոսքը բարձրակարգ ֆուտբոլիստների մասին է։ Ֆուտբոլիստները միշտ առավելագույնն են ցանկանում և երբ չեն ստանում, սկսում են դժգոհել։ Չէի մտածում, որ Զիդանը մարզիչ կդառնա, սակայն նա հիանալի է կատարում այդ աշխատանքը։ «Ռեալում» ավելի լավ հնարավոր չէ աշխատել։ Որպես Զիզուի ընկեր՝ հույս ունեմ, որ նա «Ռեալում» երկար տարիներ կաշխատի»։

Հունիսի 3-ին կայանալիք «Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակչի վերաբերյալ Ֆիգուն ասել է հետևյալը․

««Յուվենտուսը» հիանալի մարզավիճակում է, հաղթել է Իտալիայի գավաթի խաղարկությունում և առաջնությունում։ Հատկապես տակտիկական տեսանկյունից «Յուվենտուսը» շատ ուժեղ մրցակից է և ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր կոնկրետ դերակատարություններ ունեն։ Այս ամենը նշանակում է, որ հաղթելու համար «Ռեալը» պետք է շատ լավ խաղա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում