Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության գավաթակիր՝ վճռորոշ խաղում 2։0 հաշվով առավելության հասնելով «Այաքսի» նկատմամբ։

Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներն անցան «կարմիր սատանաների» առավելությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին առջևի գծում, իսկ ամստերդամցիների գործողություններում որոշակի խուճապ էր նկատվում։ Հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակը, Սանչեսից անդրադարձով, հայտնվեց Անդրե Օնոնայի պաշտպանած դարպասում։ «Այաքսը» փորձեց նախքան ընդմիջում վերականգնել հավասարությունը, սակայն Սերխիո Ռոմերոյի դարպասն անառիկ մնաց։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, «կարմիր սատանաների» առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցեց եվրագավաթային եզրափակչի։ Երկրորդ գոլը հոգեբանորեն կոտրեց «Այաքսի» ֆուտբոլիստներին, ովքեր այդպես էլ չկարողացան փոխել հանդիպման ընթացքը․ հաշվի մեջ այլևս փոփոխություններ չարձանագրվեցին։

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն ստացավ։

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և 74-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։

Եվրոպա լիգա, եզրափակիչ

«Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2
Գոլերը՝ Պոգբա 18՛, Մխիթարյան 48՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում