Ժոզե Մոուրինյու՝ ֆուտբոլի պրագմատիկ ընդդիմադիրը

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Եվրոպա լիգայում՝ եզրափակիչ խաղում 2:0 հաշվով պարտության մատնելով հոլանդական «Այաքսին»: Այս խաղը մեծ նշանակություն ուներ թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի», թե՛ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար: Խաղից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ՝ նվիրված թիմին և առանձին ֆուտբոլիստների (հատկապես Հենրիխ Մխիթարյանին), բայց ինչպես հարկն է չգնահատեցին Մոուրինյուին՝ այն մասնագետին, ով կարողացավ վերջ դնել սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող քաոսին:

Sport.Times.am-ի թղթակից Միհրան Ալեքսանյանի հոդվածը հենց Ժոզե Մոուրինյուի՝ ժամանակակից ֆուտբոլի «Գորշ կարդինալի» աշխատանքի մասին է:

Նախ մի փոքր «Մանչեսթեր Յունայթեդում» Մոուրինյուի առաջին մրցաշրջանի մասին թվերով․

  • Պրեմիեր լիգա – 38 խաղ՝ 18 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 5 պարտություն, 6-րդ տեղ
  • Անգլիայի գավաթ – 4 խաղ՝ 3 հաղթանակ, 1 պարտություն՝ «Չելսիից» 1/4 եզրափակչում
  • Անգլիայի լիգայի գավաթ – 6 խաղ՝ 5 հաղթանակ, 1 պարտություն՝ գավաթակիր
  • Եվրոպա լիգա – 15 խաղ՝ 10 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն՝ գավաթակիր
  • Անգլիայի Սուպերգավաթ – գավաթակիր
  • Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր

Անկասկած, մրցաշրջանը հաջողված էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Երեք տիտղոս և Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ յուրատեսակ պոկեր «կարմիր սատանաների» կատարմամբ։ Ժոզե Մոուրինյուն դարձավ առաջին մարզիչը, ով երկու տարբեր թիմերի հետ հաղթում է Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգան:

Մոուրինյուի կատարած առանցքային աշխատանքները

Տրանսֆերները։ Երբ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տրանսֆերը կատարեց՝ գնելով երիտասարդ Էրիկ Բայիին, շատերը սկսեցին քննադատել պորտուգալացուն՝ պնդելով, որ նա վերջնականապես ցնորվել է: Բայց, արի ու տես, որ Բային դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանության հենասյունը:

Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելն ու սեփական մեթոդներով մոտիվացնելը հայ կիսապաշտպանին դուրս բերեց նոր մակարդակի վրա: Եվրոպա լիգայում նրա փայլուն ելույթները ցնցեցին ամբողջ աշխարհը: Եզրափակիչ խաղում գոլ խփելով՝ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով խաղացել է եվրագավաթային եզրափակչում և դարձել գոլի հեղինակ:

Իբրահիմովիչի և Մոուրինյուի վերամիավորումը «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձրեց վերջին տարիներին խարխլված հեղինակությունը: Իսկ Պոգբա, Էրերա, Ֆելայինի եռյակի համագործակցությունը Մոուրինյուի գլխավոր գլուխգործոցն է «Մանչեսթեր Յունայթեդում»:

Եզրափակչի մասին

Խաղից առաջ ներքին զգացում կար, որ Մոուրինյուի թիմը չի կարող պարտվել: Մի կողմ դնենք ֆուտբոլային պատճառները՝ գավաթ, Չեմպիոնների լիգայի ուղեգիր և այլն: Օրեր առաջ «Մանչեսթեր» արենայում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցել էր ամբողջ աշխարհը․․․ Զոհվել և վիրավորվել էին երեխաներ, ամբողջ Մանչեսթերը շոկի մեջ էր: Հավատացեք, որ նման պայմաններում դժվար էր լիովին կենտրոնանալ ԵԼ-ի եզրափակչի վրա, բայց այդ օրը ՄՅՈՒ-ին աջակցում էր նույնիսկ թշնամին․

«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված այս լուսանկարը պարզապես արժանի է հարգանքի: Մարդկությունը վեր է ամեն ինչից: Մոուրինյուի թիմը դուրս էր եկել խաղադաշտ հաղթելու՝ Մանչեսթեր քաղաքին ուրախություն պարգևելու անսահման ցանկությամբ:

Վերադառնալով եզրափակիչ խաղին` պետք է նշեմ Մոուրինյուի հիանալի տակտիկական գաղափարները, որոնք էլ ապահովեցին այս հաղթանակը:

Խաղային սխեման։ Մոուրինյուն ընտրել էր 4-3-3 դասավորությունը՝ ցեմենտելով դաշտի կենտրոնը: Պետք էր օգտագործել մրցակցի թույլ կողմը՝ երկրորդ հարկում ճնշում գործադրելով: Մարուան Ֆելայինին երբեմն հայտնվում է անախորժ իրավիճակներում, դառնում ծաղրի առարկա, բայց, միևնույն է, գերազանց կերպով կատարում է Մոուրինյուի առաջադրանքները: Այս խաղում նա միայնակ հաղթել է 15 օդային միկրոմենամարտում՝ 3-ով ավելի շատ, քան «Այաքսի» բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած:

Շատերը տեսած կլինեն այն դրվագը, երբ Մխիթարյանի գոլից առաջ Անդեր Էրերան հայ կիսապաշտպանի հորդորում է գնալ տուգանային հրապարակ: Առաջին հայացքից սովորական դեպք՝ երկու խաղընկերների երկխոսություն, բայց հարց է առաջանում` ո՞վ է Անդեր Էրերան, ինչո՞ւ է նա հրահանգներ տալիս խաղադաշտում: Պատասխանն ավելի քան պարզ է. Մոուրինյուն ընթացիկ մրցաշրջանում Էրերային դարձրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլադիատորը՝ տալով ազատություն, իրեն նորովի դրսևորելու և թիմի խաղը կոորդինացնելու հնարավորություն:

Պատահական չէ, որ եզրափակիչ խաղից հետո ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հարցերով պատասխանատուների խումբն Անդեր Էրերային ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ իր սրության, դրայվի, գնդակով և առանց գնդակի ցուցադրած խաղի, մարտական ոգու և թիմի համար իրեն զոհաբերելու ցանկության համար:

Մոուրինյու մարդու, այլ ոչ Մոուրինյու մարզչի մասին

Ժոզե Մոուրինյուին կնախանձեր նույնիսկ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը: Մոուրինյուն օժտված է մարդկային հոգեբանությունը հասկանալու, ֆուտբոլիստների հետ շփման եզրեր գտնելու, խորը կապվածություն ստեղծելու, պատասխանատվության մեծ զգացում սերմանելու բնատուր տաղանդով: Նրա մարդկային որակները ցնցել են այնպիսի ֆուտբոլային գազանների, ինչպիսիք են Զլատանը Իբրահիմովիչը, ով բազմիցս նշել է, որ պատրաստ է նույնիսկ կյանքը տալ Ժոզեի համար, Մարկո Մատերացին, ով երեխայի պես լաց էր լինում, երբ Մոուրինյուն 2010 թվականին հեռանում էր «Ինտերից»: Եվ, վերջ ի վերջո, Մոուրինյուին հաջողվել է Հենրիխ Մխիթարյանի նման համեստ անձնավորությանը ֆուտբոլային խաղադաշտում դարձնել հրեշ՝ այդ բառի լավագույն իմաստով:

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից շատերը, հիմնվելով Մոուրինյուի օրոք ակումբում առաջացած տարաձայնությունների վրա, պարբերաբար արժեզրկում են պորտուգալացու կատարած աշխատանքն իսպանական ակումբում: Սակայն պետք չէ մոռանալ, որ 5 տարի առաջ հենց Ժոզեի մեծ ջանքերի շնորհիվ վերջ դրվեց Լա Լիգայում «Բարսելոնայի» հեգեմոնիային, իսկ այս տեսանյութը թող հիշեցնի, որ գրեթե 100 հազար հանդիսականի աչքի առաջ սեփական թիմի դեմ ծնկի եկող մարդը կարիերայի ընթացքում թերևս առաջին և վերջին անգամ իր թիմին վեր դասեց իր անձից, բայց չհասկացվեց։

 

Ամփոփելով չեմ կարող չնշել այն էմոցիաները, որը Եվրապա լիգայի եզրափակչից հետո կիսեցին հայր և որդի Մոուրինյուները․

 

Հ.Գ. Հուսանք, որ գրեթե մեկ տարի հետո հայ ազգը կունենա հպարտանալու էլ ավելի մեծ առիթ, երբ Մոուրինյուի և Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» փայլի Չեմպիոնների լիգայում, գուցե նաև «ոսկե հեթ-տրիկի» հավակնություններ ունենա․․․ Հրաշքները կատարվում են, երբ դրանց հավատում ենք:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում