Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզչական շտաբը որոշել է, թե ովքեր են հանդես գալու աշխարհամասի առաջնությունում:

«Եվրոպայի առաջնությունում հանդես կգանք երկու զենքաձևում` խոցասուսեր և ճկասուսեր: Այժմ մարզումներ ենք անցկացնում և՛ միասին, և՛ առանձին-առանձին: Մեր սուսերամարտիկները վատ մարզավիճակում չեն: Դեռ ժամանակ ունենք լավագույնս ներկայանալու համար:

Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մերոնք մի քանի փուլ կհաղթահարեն»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձևում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը և Պարգև Ստեփանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում