«Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» և դարձավ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

«Բարսելոնան» երրորդ տարին անընդմեջ հաղթեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացավ Իսպանիայի գավաթի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ՝ «Բարսելոնա» – «Ալավես» հանդիպումը։ Կատալոնական թիմը սպասված հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով 3։1 հաշվով։ Բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին խաղակեսի վերջնամասում։

30-րդ րոպեին հիանալի գոլով աչքի ընկավ Լիոնել Մեսսին։ 3 րոպե անց տուգանային հարվածից ոչ պակաս գեղեցիկ գոլ խփեց Թեո Էրնանդեսը։ 45-րդ րոպեին Անդրե Գոմեշի փոխանցումից հետո Նեյմարը խփեց «Բարսելոնայի» երկրորդ գոլը, իսկ խաղակեսին ավելացված ժամանակի երրորդ րոպեին կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց Մեսսին․ արգենտինացու արդյունավետ խաղից և փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պակո Ալկասերը։

Երկրորդ խաղակեսում «Ալավեսն» առանձնակի մեծ ջանքեր չգործադրեց հանդիպման ընթացքը փոխելու համար, իսկ Լուիս Էնրիկեի սաներն առանձնապես ակտիվ չէին առջևի գծում․ արդյունքում՝ հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին։

«Բարսելոնան» 29-րդ անգամ հաղթեց Գավաթի խաղարկությունում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Ատլետիկն» է՝ 23։

Իսպանիայի գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» – «Ալավես»՝ 3։1
Գոլերը՝ Մեսսի 30՛, Նեյմար 45՛, Ալկասեր 45+3՛ – Էրնանդես 33՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում