Տոտտին վերջին խաղն անցկացրեց «Ռոմայի» կազմում (տեսանյութ)

Իտալիայի 2016-17թթ․ առաջնության վերջին տուրում «Ռոման» հյուրընկալեց «Ջենոային» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։ «Գայլերի» կազմում մեկական գոլ խփեցին Էդին Ջեկոն, Դանիելե դե Ռոսսին և Դիեգո Պերոտին, իսկ հյուրերից աչքի ընկան Պյետրո Պելեգրին և Դարկո Լազովիչը։

«Ռոման» առաջնությունն ավարտեց 87 միավորով՝ երկրորդ տեղում և 1 միավորով գերազանցեց լավագույն եռյակը եզրափակած «Նապոլիին»։ «Ջենոան» 36 միավորով 16-րդ տեղում է։

40-ամյա Ֆրանչեսկո Տոտտիի համար այս հանդիպումը վերջինն էր «Ռոմայի» կազմում։ «Գայլերի» ավագը մեկնարկային կազմում չէր և 54-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Մոհամեդ Սալահի փոխարեն։ Տոտտին «Ռոմայի» կազմում 786 հանդիպման է մասնակցել, խփել է 307 գոլ։ «Հռոմի կայսրի» կարիերայի շարունակությունը հարցականի տակ է․ Տոտտին պաշտոնապես հայտարարել է, որ ավարտում է ելույթները «Ռոմայում», սակայն չի հայտարարել կարիերան ավարտելու մասին։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռոմա» – «Ջենոա»՝ 3։2
Գոլերը՝ Ջեկո 10՛, դե Ռոսսի 74՛, Պերոտի 90՛ – Պելեգրի 3՛, Լազովիչ 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում