Հեմիլթոնը զայրացած է. «Արդեն ամեն ինչ պարզ է»

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դժգոհ է մնացել Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան-պրիի արդյունքում Սեբաստիան Ֆետելի հաղթանակից: Բրիտանացին վստահ է, որ առաջին տեղում ընթացող «Ֆերրարիի» մյուս պիլոտ Կիմի Ռայկոնենը միտումնավոր է զիջել գերմանացուն:

«Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է: «Ֆերրարին» ընտրել է առաջին համարին ու ամեն ինչ անելու է, որ Ֆետելը յուրաքանչյուր շաբաթ առավելագույն միավորները վաստակի: Մյուս բոլիդներին իրենց մարտավարության պատճառով շատ դժվար է շրջանցել առաջատարին, եթե իհարկե թիմը չորոշի օգնել նրանց: Կարծում եմ` դա ակնհայտ է»:

Հեմիլթոնը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում «Մերսեդեսի» ղեկավարությանը խնդրել իր նկատմամբ նույն վերաբերմունքը ցուցաբերել, որպեսզի չեմպիոնության շանսերն ավելի մեծանան:

«Այդ մասին չեմ խոսել թիմի հետ և չեմ էլ պատրաստվում: Վալտերին (Բոտասը, «Մերսեդեսի» մյուս արշավորդը-խմբ.) հիանալի ելույթ է ունենում և ինձ չի թվում, թե «Մերսեդեսը» պետք է նախապատվություն տա որևէ մեկին:

Ինչ-որ պահի կարող է կարևոր իրավիճակ ստեղծվել, երբ հարկավոր կլինի օգնել ինձ, բայց կարող է նաև հակառակը լինել, և ես զիջեմ Բոտասին: Մեզ պարզապես հարկավոր է մրցակիցներից առաջ լինել, որպեսզի Մոնակոյում տեղի ունեցածի օրինակին չհետևենք»,- աշխարհի եռակի չեմպիոնի խոսքերն է մեջբերում autosport.com-ը:

Մոնակոյում Հեմիլթոնը գրավել է 7-րդ տեղը: 7 փուլերից հետո առաջատար Սեբաստիան Ֆետելն ունի 129, իսկ նրան հետապնդող Հեմիլթոնը` 104 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում