Մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը. Հայ շախմատիստների արդյունքները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը: 

Մրցաշարի առաջին տուրում գրանցվեցին մի շարք անակնկալներ։ Առաջնության առաջին և երկրորդ դասակարգված շախմատիստները՝ Դավիդ Նավարան և Դմիտրի Անդրեյկինը, չեն կարողացել հաղթել իրենց մրցակիցներին, իսկ Ուկրաինան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Անտոն Կորոբովը պարտվել է իտալացի միջազգային վարպետ Պիեր Լուիջի Բասսոյին:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ են տոնել Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը:

Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի են խաղացել իրենցից շուրջ 250 կետ բարձր գործակից ունեցող գրոսմայստերների՝ Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ: Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով է սկսել նաև Գաբրիել Սարգսյանը: Եվրոպայի առաջնության առաջին տուրում անակնկալ պարտություն է կրել Սամվել Տեր-Սահակյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունն ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում