«Ռոլան Գարրոս». Մարեյի կամային հաղթանակը, այլ արդյունքներ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում այսօր ընթանում են երկրորդ շրջանի մի շարք հանդիպումներ:

Աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը մրցել է Մարտին Կլիժանի հետ ու կամային հաղթանակ տարել: Առաջին սեթում սլովակը թայ-բրեյքում ավելի ուժեղ է եղել, սակայն հաջորդ երեք մրցափուլերում բրիտանացին գրեթե անսխալ է գործել: Գրանցվել է 6:7 (3), 6:2, 6:2, 7:6 (3) հաշիվը:

1/16 եզրափակչում Մարեյը մրցելու է Խուան Մարտին դել Պոտրոյի հետ: Արգենտինացին այսօր հանդիպել էր Նիկոլաս Ալմագրոյին: Ընդհանուր 6:3, 3:6, 1:1 հաշվի ժամանակ իսպանացին վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:

Խաղային օրվա կենտրոնական մրցավեճերից մեկը Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի ու Թոմաշ Բերդիխի միջև դիմակայությունն էր: Յուրաքանչյուր սեթում շահելով չեխի մեկ մատուցում` 21-ամյա թենիսիստն առավելության է հասել 7:5, 6:4, 6:4 հաշվով:

Խաչանովի հաջորդ մրցակիցը Ջոն Իզներն է, ով 6:3, 7:6 (3), 7:6 (2) հաշվով պարտության է մատնել Պաոլո Լորենցիին:

Հաջորդ փուլ է դուրս եկել նաև Ստեն Վավրինկան: Շվեյցարացին 6:4, 7:6 (5), 7:5 հաշվով հաղթել է Ալեքսանդր Դոլգոպոլովին: «Ռոլան Գարոսսում» աշխարհի երրորդ թենիսիստի հաջորդ մրցակիցն է լինելու իտալացի Ֆաբիո Ֆոնինին, ով այսօր շանս չի տվել իր հայրենակից Անդրեաս Սեպպիին (6:4, 7:5, 6:3):

Առայժմ խաղային օրվա ամենահամառ պայքարն ընթացել է իսպանացիներ Ֆելիսիանո Լոպեսի ու Դավիդ Ֆերերի միջև: Լոպեսը հաղթել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:4 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում