Եվրոպայի առաջնություն․ Արտաշես Մինասյանն առաջատարների թվում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները:

Երրորդ հաղթանակը տոնեց գրոսմայստեր Արտաշես Մինասյանը։ Նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն: Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի հետ: Երրորդ տուրում հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը:

Այժմ 9 շախմատիստ վաստակել է 3-ական միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը: Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունն ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում