Պերես․ Գուշակ չեմ և չգիտեմ՝ որտեղ կխաղա Դավիդ դե Խեան

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» (1:4) խաղից հետո մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հարցրել են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու հավանականության մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալը» դե Խեայի համար 60 մլն ֆունտ սթերլինգ է առաջարկել, սակայն անգլիական կողմը բացասական պատասխան է տվել։

«Դավիդ դե Խեան հիանալի դարպասապահ է, ով խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես չգիտեմ, թե հաջորդ մրցաշրջանում նա որտեղ կխաղա, քանի որ գուշակ չեմ»,- Պերեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

«Արքայական ակումբի» նախագահը նաև խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ համագործակցությունը շարունակելու մասին։ Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտը։

«Զիդանը կարող է մինչև իր կյանքի վերջը մնալ «Ռեալում»։ Ակումբի յուրաքանչյուր երկրպագու շատ շնորհակալ է նրան։ Երբ 2001 թվականին նա միացավ «Ռեալին», թիմն ավելի տաղանդավոր դարձրեց։ Այն ժամանակ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, իսկ հիմա լավագույն մարզիչն է։ Նա ընդամենը 17 ամիս է աշխատում, բայց արել է այն ամենը, ինչը պահանջվում էր»,- ասել է Պերեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում