Հայաստանի հավաքականը գերվստահ հաղթանակ տոնեց ընկերական խաղում (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ընկերական խաղ Հայաստանի ազգային ու Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների միջև։

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանի հավաքականի ահռելի առավելությամբ։ Մեկնարկային 20 րոպեների ընթացքում Արթուր Պետրոսյանի թիմը մի քանի գոլային պահ ստեղծեց։ Ջամալ Ջեֆերսի դարպասին տուգանային հարվածով սպառնաց Մարկոս Պիզելին, հակագրոհի ժամանակ՝ Արազ Օզբիլիսը, ապա կրկին Պիզելին՝ Մխիթարյանի՝ հետ գլորած փոխանցումից հետո։ Գործադրված ճնշումն արդյունք տվեց, և հաշիվը բացվեց։ 20-րդ րոպեին Արտակ Գրիգորյանն անհատական անցում ձեռնարկեց, դարպասապահի հետ մեն-մենակ դուրս եկավ, փոխանցում կատարեց ավելի հարմար դիրքում գտնվող Ռուսլան Կորյանին, ով գրավեց անպաշտպան դարպասը։ 28-ամյա ֆուտբոլիստն առաջին գնդակը խփեց Հայաստանի ընտրանու կազմում։ Դրա համար նրան 7 խաղ պահանջվեց։

Պետրոսյանի թիմը չթուլացրեց ճնշումը և 11 րոպե հետո կրկին գոլ խփեց։ Կորյանի հետ պատ խաղարկելուց հետո Հենրիխ Մխիթարյանը նախանձելի սառնասրտություն ցուցաբերեց, դադար պահեց և մոտ տարածությունից գրավեց դարպասը։ Այսօր անկասելի է նաև Օզբիլիսը, ով աջ եզրում մեկ մյուսի հետևից շրջանցում է մրցակիցներին։ Նման անցումներից մեկից հետո Մխիթարյանը հարմար դիրքից հարված կատարեց, սակայն Ջեֆերսը գնդակը հանեց անկյունային։ Հայաստանի հավաքականի գրոհների նոր ալիքը ևս ավարտվեց դարպասի գրավմամբ։ 40-րդ րոպեին ձախ եզրից ձեռնարկած գրոհից հետո Գագիկ Դաղբաշյանը գնդակը հասցեագրեց դարպասային հրապարակ, որտեղից Մխիթարյանը մեկ մետրից չէր կարող վրիպել։ Այսպիսով, արդեն առաջին կեսում Հայաստանի ընտրանին գործնականում լուծեց հաղթողի հարցը։

Ընդմիջման ժամանակ փոխարինվեցին Մխիթարյանն ու Կորյանը։ Երկրորդ կեսում տանտերերը շարունակեցին հսկայական առավելությամբ խաղալ, սակայն հաշիվը թույլ էր տալիս ավելի հանգիստ գործել։ Գոլային պահեր ունեցան փոխարինման մտած Արթուր Սարկիսովը (մի քանի անգամ), Հրայր Մկոյանը և Տիգրան Բարսեղյանը։ 68-րդ րոպեին Սարկիսովը սուր անկյան տակ ներխուժեց տուգանային հրապարակ, մոտեցավ դարպասապահին ու նրա ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը։

Խաղավերջում հարվածային դիրքում էր Արտակ Եդիգարյանը, սակայն նրա հարվածից հետո անդրադարձ եղավ, և գնդակն անցավ դարպասաձողի կողքով։ Այդուհանդերձ, 5-րդ գոլը նույնպես հաջողվեց խփել։ 89-րդ րոպեին երկրորդ կեսի մեծ մասը կիսապաշտպանությունում անցկացրած Արտակ Եդիգարյանը մոտ տարածությունից ռմբահարեց Ջեֆերսի դարպասը։

Այսպիսով, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի հետ արտագնա հանդիպումից (հունիսի 10) առաջ Հայաստանի հավաքականը սեփական ուժերի վստահության համար հաջող հանդիպում անցկացրեց։

Ընկերական հանդիպում

Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս՝ 5։0
Գոլերը՝ Կորյան 20՛, Մխիթարյան 31՛, 40՛, Սարկիսով 68՛, Եդիգարյան 89՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում