Հենրիխ Մխիթարյան․ Մոնտենեգրո ենք մեկնելու հաղթանակի համար

Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումից հետո (5:0) մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Մխիթարյանը խոսեց ընկերական խաղի նշանակության և Մոնտենեգրոյի հավաքականի հետ հունիսի 10-ին կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումից ունեցած սպասելիքների մասին․

«Չենք կարող ասել, որ մրցակիցը բարձրակարգ թիմ էր, սակայն այս հանդիպումն այն առումով էր լավ, որ փորձում էինք արագ խաղալ, արագ եզրափակել գրոհները։ Մեզ համար կարևոր էր ոչ թե շատ գոլ խփելը, այլ ճիշտ խաղալը, ինչն արդեն պետք կգա Մոնտենեգրոյի հետ առաջիկա խաղին։ Մարդիկ կարող են կարծել, որ այս հաղթանակը մեզ շատ բան է տալիս, սակայն այն ոչինչ չի տալիս։ Հիմա պետք է ամեն ինչ անենք Մոնտենեգրոյի հետ խաղին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Պետք է այս խաղից հետո վերլուծություններ անել, հասկանալ, թե որտեղ ենք վատ խաղացել: 

Մոնտենեգրո ենք մեկնելու հաղթանակի համար։ Հեշտ խաղ չի ստացվելու, բայց դեռ ժամանակ ունենք, փորձելու ենք հնարավորինս լավ պատրաստվել։ Չի լինի այն խաղը, որը եղավ այստեղ՝ Հայաստանում: Լինելու էլ ավելի հետաքրքիր և դժվար հանդիպում։

Ինձ շատ լավ եմ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Պարզապես այսօր մարզիչը ճիշտ համարեց, որ պետք է ընդամենը մեկ խաղակես խաղամ, այդ իսկ պատճառով որոշեց փոխարինել ինձ»,- ասաց Հենրիխը։

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» շատ հաճախ խաղում է եզրերում, իսկ ազգային ընտրանու կազմում՝ կենտրոնում։ Sport.Times․am-ի հարցին, թե ո՞ր դիրքն է ավելի հոգեհարազատ, մեր ընտրանու ավագը տվեց հետևյալ պատասխանը․

«Ինձ համար խաղալն է հարազատ։ Նշանակություն չունի՝ աջի՞ց, ձախի՞ց, թե՞ կենտրոնից։ Կարևորը խաղամ, կարողանամ թիմին օգուտ բերել, և հաղթենք»։

Օգոստոսին կայանալու է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը․ տիտղոսի համար պայքարելու են Եվրոպա լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Մխիթարյանն անդրադարձավ նաև այդ հանդիպմանը․

«Գիտենք, որ «Ռեալը» շատ լավ թիմ է, բայց կարծում եմ՝ այս տարի շատ ֆուտբոլիստներ կգան և կգնան մեր թիմ, ուստի դեռ ժամանակ ունենք վերլուծելու և պատրաստվելու համար։ Հաճելի է Սուպերգավաթի նման հանդիպումներին մասնակցելը»,- ասաց Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում