Զիդանը, Կրուիֆը, Գվարդիոլան ու պատմական ցուցանիշի հասած ևս 4 մարդ

2016 թվականին Զինեդին Զիդանը դարձավ 7-րդ մարդը, ով Չեմպիոնների լիգան հաղթել է որպես ֆուտբոլիստ ու մարզիչ: Այս տարի ֆրանսիացին ամրապնդեց իր հաջողությունը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը վերհիշել է այդ յուրահատուկ նվաճմանը հասած մարդկանց:

Միգել Մունյոս
Որպես Ֆուտբոլիստ – «Ռեալ» (1956, 1957)
Որպես մարզիչ – «Ռեալ» (1960, 1966)

Մադրիդցիների ավագը, ով երկու տիտղոս էր նվաճել, դարձավ թիմի գլխավոր մարզիչն ու օգնեց ևս մեկ գավաթ նվաճելուն: 6 տարի անցա նրա ղեկավարությամբ «արքայական ակումբը» 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Ջովանի Տրապատոնի
Որպես ֆուտբոլիստ – «Միլան» (1963, 1969)
Որպես մարզիչ – «Յուվենտուս» (1985)

Խաղալով կիսապաշտպանությունում՝ իտալացին մասնակցություն ունեցավ Չեմպիոնների Գավաթում «ռոսոներիի» 2 տիտղոսներին: Մեկ անգամ էլ նա այդ կոչումը նվաճեց «Յուվենտուսի» ղեկին, երբ 1985 թվականին նրա թիմը հաղթեց «Լիվերպուլին» (1:0): Այդ եզրափակիչը մթագնեց Բրյուսելի «Էյզել» մարզադաշտի տրիբունաներում տեղի ունեցած աղետը:

Յոհան Կրուիֆ
Որպես ֆուտբոլիստ – «Այաքս» (1971, 1972, 1973)
Որպես մարզիչ – «Բարսելոնա» (1992)

Հոլանդական տոտալ ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչն «Այաքսին» օգնեց երեք անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի լավագույն ակումբը: 1992 թվականի եզրափակչում «թռչող հոլանդացին» դուբլի հեղինակ դարձավ: Մարզիչ դառնալուց հետո նա «Բարսելոնային», որը նույն հարձակվողական ֆուտբոլն էր դավանում, 1992 թվականին «Ուեմբլիում» դարձրեց Չեմպիոնների Գավաթի վերջին հաղթողը:

Կարլո Անչելոտի
Որպես ֆուտբոլիստ – «Միլան» (1989, 1990)
Որպես մարզիչ – «Միլան» (2003, 2007) և «Ռեալ» (2014)

«Ռեալից» առաջ Անչելոտի-ֆուտբոլիստի «Միլանը» վերջին թիմն էր, որը երկու անգամ անընդմեջ դարձել էր Եվրոպայի լավագույն ակումբը: Դա տեղի է ունեցել 27 տարի առաջ: Մարզիչ դառնալուց հետո իտալացին կրկնել է «Լիվերպուլի» լեգենդ Բոբ Փեյսլիի ռեկորդը, ով երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Եթե Անչելոտին «Բավարիայի» հետ նվաճի այդ բաղձալի տիտղոսը, ապա կդառնա պատմության առաջին մարզիչը, ով երեք տարբեր թիմերի հետ հասել է նման նվաճման:

Ֆրանկ Ռայկարդ
Որպես ֆուտբոլիստ – «Միլան» (1989, 1990) և «Այաքս» (1995)
Որպես մարզիչ – «Բարսելոնա» (2006)

Ռայկարդը 1989 և 1990 թվականներին Անչելոտիի հետ խաղում էր «Միլանի» կիսապաշտպանությունում: Հոլանդացին հասցրեց այդ տիտղոսը նվաճել նաև «Այաքսի» հետ 1995 թվականին, ընդ որում եզրափակչում պարտության մատնեց հենց «Միլանին»: 2006 թվականին մարզչի կարգավիճակով Ռայկարդի տրիումֆի հասցրեց «Բարսելոնային»:

Խոսեպ Գվարդիոլա
Որպես ֆուտբոլիստ – «Բարսելոնա» (1992)
Որպես մարզիչ – «Բարսելոնա» (2009, 2011)

Գվարդիոլան հանդես էր գալիս Կրուիֆի թիմում, որը հաղթող դարձավ 1992 թվականին, սակայն կատալոնացին ավելի մեծ հաջողությունների հասավ մարզչի կարգավիճակում: Պեպը «կապտանռնագույնների» հետ Չեմպիոնների լիգան հաղթեց այդ թիմը գլխավորելու առաջին իսկ տարում: Երկու տարի անց նա էլ ավելի համոզիչ կերպով կրկնեց այդ արդյունքը:

Զինեդին Զիդան
Որպես ֆուտբոլիստ – «Ռեալ» (2002)
Որպես մարզիչ – «Ռեալ» (2016, 2017)

Զիդանը ֆուտբոլիստի կարգավիճակով «Յուվենտուսի» հետ պարտվեց 1997 և 1998 թվականների եզրափակիչներում, սակայն հետո նվաճեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2002 թվականին «Ռեալի» հետ վերջապես լավագույնը դարձավ ակումբային ֆուտբոլում: Զիդանը ֆանտաստիկ գոլ խփեց «Բայերի» հետ եզրափակչում: «Ռեալը» գլխավորելու առաջին տարում ֆրանսիացին նվաճեց Չեմպիոնների լիգան, իսկ մեկ տարի անց կրկնեց հաջողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում