«Ռեալն» ու Ռոնալդուն պատմություն կերտեցին

«Ռեալն» ու Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդներ սահմանեցին, Զինեդին Զիդանը համալրեց մեծագույն մարզիչների շարքը, իսկ Իսպանիան ամրապնդեց առաջատարի դիրքը Չեմպիոնների լիգային մասնակցած երկրների շարքում: Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպման (1:4) արդյունքում գրանցված ռեկորդները։

Առաջատարը Եվրոպայում

  • «Ռեալը» Չեմպիոնների լիգայում (մրցաշարի նորագույն պատմություն) երկու անընդմեջ հաղթանակ տարած առաջին թիմը դարձավ: «Միլանը» (1989, 1990) վերջինն էր, որ երկու մրցաշրջան անընդմեջ կարողացել էր նվաճել Չեմպիոնների գավաթը
  • «Ռեալը» շարունակեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչների իր կատարյալ ցուցանիշը՝ 6 հաղթանակ 6 եզրափակչում: «Միլանը» միակ թիմն է, որ 6 եզրափակչի է մասնակցել, բայց հաղթել է դրանցից 3-ում:
  • «Ռեալը» այս մրցաշրջանից առաջ Չեմպիոնների լիգայում հաղթել էր միայն զույգ տարեթվերին: 
  • Այժմ Չեմպիոնների լիգայի (նորագույն պատմություն) ամենատիտղոսակիր ակումբների մրցապայքարում «Ռեալը» 2 է գավաթով առաջ «Բարսելոնայից»՝ 6-ը 4-ի դեմ: Կատալոնացիները 5 անգամ եզրափակիչ են դուրս եկել, 1 անգամ պարտվել («Միլանին» 1994-ին):
  • Եզրափակչում Կրիշտիանու Ռոնալդուի առաջին գոլը «Ռեալի» համար 500-րդն էր Չեմպիոնների լիգայում: Մադրիդցիներն առաջինն են հասել այս արդյունքին: Նրանց 459 գոլով «Բարսելոնան» է հաջորդում, եռյակը 415 գոլով եզրափակում է «Բավարիան»: 
  • Չեմպիոնների գավաթում (մրցաշարի ամբողջ պատմության ընթացքում) «Ռեալը» իր 12-րդ տիտղոսը նվաճեց և այս ցուցանիշով ևս առաջատար է: Մադրիդյան թիմին 7 գավաթով հաջորդում է «Միլանը»: 5-ական տիտղոս ունեն «Բավարիան», «Բարսելոնան» և «Լիվերպուլը»:
  • Տարօրինակ ցուցանիշ՝ «Ռեալը» մրցաշարի առաջին հաղթողն է, որը հաղթանակի ճանապարհին ընդամենը մեկ անգամ է անառիկ պահել դարպասը («Ատլետիկոյի» դեմ առաջին կիսաեզրափակչում): Այս ցուցանիշով երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը 1998-99թթ. մրցաշրջանում ընդամենը 2 չոր հանդիպում է անցկացրել։

Ռոնալդու. Ավելի շատ ռեկորդներ

  • Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 3 եզրափակչում գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է: 2 եզրափակչում աչքի են ընկել Սերխիո Ռամոսը, Ռաուլ Գոնսալեսը, Սամուել Էտոն, Լեո Մեսսին: 
  • Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակչում դուբլ ձևակերպած 6-րդ ֆուտբոլիստը դարձավ: Նախկինում 2 գոլ խփել են Դանիելե Մասսարոն («Միլան», 1994), Կառլ-Հայնց Ռիդլեն («Բորուսսիա Դորտմոււնդ», 1997), Էրնան Կրեսպոն («Միլան», 2005), Ֆիլիպո Ինձագին («Միլան», 2007) և Դիեգո Միլիտոն («Ինտեր», 2010): Հեթ-տրիկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում դեռևս չի գրանցվել: 
  • Ռոնալդուն 5 մրցաշրջան անընդմեջ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն ճանաչվեց: Այս անգամ նա խփած գոլերի թվով (12) առաջ անցավ Լիոնել Մեսսիից: 
  • Անդրես Ինյեստայից ու Կլարենս Զեդորֆից հետո Ռոնալդուն երրորդ ֆուտբոլիստն է, ով խաղացել է Չեմպիոնների լիգայի 4 հաղթական եզրափակչում:

Զիդանի ձեռքբերումները

  • Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայում որպես մարզիչ և որպես ֆուտբոլիստ երկու անգամ հաղթած միակ մարդն է (մեկական անգամ որպես ֆուտբոլիստ ու մարզիչ հաղթել էր Ֆրանկ Ռայկարդը): Զիդանը միակն է, ով Չեմպիոնների լիգայի եզրափակչում գոլ է խփել, ապա որպես մարզիչ չեմպիոն դարձել:
  • Զիդանը երկրորդ մարզիչն է, ով երկու անգամ հաղթել է Չեմպիոնների գավաթում (մրցաշարի ամբողջ պատմության ընթացքում) թիմը գլխավորելու առաջին երկու մրցաշրջաններում: Նման արդյունք նախկինում գրանցել է միայն Խոսե Վիլյալոնգեն:

Իսպանիայի գերիշխանությունը

  • Իսպանական ակումբները 10 հաղթանակ են տարել Չեմպիոնների լիգայում (նորագույն պատմություն): Երկրորդն Իտալիան է՝ 5 տիտղոս: Չեմպիոնների գավաթում Իսպանիան 17 տիտղոս ունի, ինչը 5-ով ավելի է Իտալիայի ու Անգլիայի արդյունքից: 
  • Իսպանիայի ներկայացուցիչները 4-րդ անգամ անընդմեջ հաղթեցին մրցաշարում: Ոչ մի երկիր նախկինում անգամ 2 տարի անընդմեջ չի հաղթել:

 

Տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում