Ջոկովիչը կզրկվի երկրորդ ռակետի կոչումից

Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 6:7 (5:7), 3:6, 0:6 հաշվով պարտվել է ավստրացի Դոմինիկ Տիմին։

Այս պարտության պատճառով սերբ թենիսիստը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) նոր վարկանիշային աղյուսակում չի լինի երկրորդ տեղում։ Ջոկովիչը միավորների զգալի կորուստ կգրանցի, քանի որ «Ռոլան Գարրոսի» գործող չեմպիոնն է։ Թարմացված աղյուսակում Ջոկովիչը կունենա 5805 միավոր, ինչը 2007 թվականի հունիսից հետո թենիսիստի վատագույն ցուցանիշն է։

Նովակ Ջոկովիչը կնահանջի չորրորդ հորիզոնական, եթե այժմ երրորդ տեղում գտնվող Ստեն Վավրինկան հասնի եզրափակիչ, իսկ եթե շվեյցարացուն չհաջողվի հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, Նովակը կնահանջի երրորդ հորիզոնական։ Նշենք, որ 2011 թվականի հուլիսից հետո Նովակը ATP վարկանիշային աղյուսակում չէր նահանջել երկրորդ հորիզոնականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում