«Ռեալը», «Միլանը» և «Մանչեսթեր Յունայթեդը»՝ տրանսֆերային խառնաշփոթի կենտրոնում

Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը» դարպասապահների պատճառով տրանսֆերային խառնաշփոթի մեջ են։

Ի՞նչ է կատարվում «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև

«Ռեալը» վաղուց հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններով և արդեն պաշտոնական առաջարկով դիմել է անգլիական կողմին, սակայն մերժվել է։ «Sky Sports»-ի հաղորդմամբ, մադրիդյան ակումբն առաջարկել է 70 միլիոն եվրո, ինչը, ըստ «Մանչեսթեր Յունայթեդի», բավարար չէ դե Խեայի տրանսֆերային իրավունքները զիջելու համար։

Իրենց հերթին «Արքայական ակումբի» մարզչական անձնակազմը և ֆուտբոլիստները դիմել են նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ Կեյլոր Նավասին հիմնական դարպասապահի կարգավիճակում թողնելու խնդրանքով, սակայն մադրիդցիների ղեկավարությունը մտադրված է ամեն գնով գնել Դավիդ դե Խեայի տրանսֆերը։

Ի՞նչ է կատարվում «Միլանում»

«Միլանի» ղեկավարությունը տարաձայնություններ ունի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ «Միլանը» 18-ամյա դարպասապահին, ով Իտալիայի ավարտված առաջնությունում մեկ խաղում բաց է թողել միջինը 1․18 գնդակ (12 «չոր» հանդիպում), առաջարկել է ընտրություն կատարել ակումբի և գործակալի միջև։ Դոնարուման «Միլանի» հետ մինչև 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր ունի։ Ակումբի ղեկավարությունը Դոնարումային վերջնաժամկետ է ներկայացրել․ խոստումնալից դարպասապահը մինչև հունիսի 16-ը պետք է պատասխանի՝ երկարաձգո՞ւմ է պայմանագիրը, թե՞ ոչ։

Ի՞նչ էր անում «Միլանը» Մինո Ռայոլայի ծրագրերը խառնելու համար

Մինո Ռայոլան շատ լավ հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ և հաշվի առնելով Դավիդ դե Խեայի՝ «Ռեալ» հավանական տեղափոխությունը, մտադրված է եղել Դոնարումայի ծառայությունները առաջարկել «կարմիր սատանաներին»։ «Միլանի» ղեկավարությունը, նման վերաբերմունքից վիրավորված, որոշել է մեկ քայլ առաջ անցնել Ռայոլայից։ Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Միլանը» «Ռեալին» առաջարկել է գնել իր դարպասապահի տրանսֆերը, սակայն տեղափոխությունը կազմակերպել 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտից հետո։ «Ռեալը» դեռ վերջնական պատասխան չի տվել։

Մինո Ռայոլան չի պատրասվում զիջողի դիրում լինել

Այս տրանսֆերային թեման ավելի տարօրինակ դարձավ «Football Italia»-ի հրապարակումից հետո։ Հեղինակավոր պարբերականը, հղում կատարելով «Mediaset Premium»-ին, գրում է, որ Մինո Ռայոլան ևս որոշել է Դոնարումայի տրանսֆերն առաջարկել «Ռեալին»։ Գործակալն անձամբ հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Վերջինս Ռայոլային միանշանակ պատասխան չի տվել, սակայն բացառված չէ, որ այս ամռանը «Ռեալը» գնի ոչ թե Դավիդ դե Խեայի, այլ երիտասարդ Դոնարումայի տրանսֆերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում