Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը ջրացատկի Եվրոպայի առաջնությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսի 12-18-ը, Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է թիմի կազմը: Աշխարհամասի առաջնությանը կմասնակցեն Լև Սարգսյանը, Ազատ և Վլադիմիր Հարությունյան եղբայրները.

«Եղբայրները կմրցեն սինքրոն ցատկում, իսկ աշտարակացատկում հանդես կգան Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Ազատն այդ մրցաձևին չի մասնակցի, քանի որ ամեն երկիր իրավունք ունի ներկայացնելու երկու մարզիկ: Բացի այդ, Ազատը վնասվածքից ամբողջությամբ դեռ չի ապաքինվել: Չեմ ցանկանում շատ ծանրաբեռնել նրան:

Լավագույն վեցյակի մեջ տեղ գտնելը մեզ համար գերազանց արդյունք կլինի, քանի որ շատ հզոր երկրներ են մասնակցելու: Ինձ համար կարևոր է, որ տղաները կարողանան իրենց արժանի միավորներ վաստակել»,- ասել է Հրաչյա Չանդիրյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում