«Ռոլան Գարրոս»․ Տիտղոսի համար կպայքարեն Վավրինկան և Նադալը

Ֆրանսիայի Բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարրոսում» հայտնի են եզրափակչի մասնակիցները։

Կիսաեզրափակիչ փուլում աշխարհի երրորդ ռակետ Ստեն Վավրինկան հաղթեց առաջին ռակետ Էնդի Մարեյին։ Շվեյցարացի թենիսիստը 5 սեթում առավելության հասավ 6:7 (6:8), 6:3, 5:7, 7:6 (7:3), 6:1 հաշվով։ 4 ժամ, 34 րոպե տևած հանդիպման ընթացքում Վավրինկայի ակտիվում գրանցվեց 9 բրեյք-փոյնթ՝ 14 հնարավորից, 3 կրկնակի սխալ, իսկ Մարեյի ակտիվում՝ 1 էյս, 5 սխալ՝ սեփական մատուցման ժամանակ, 5 բրեյք։

Տիտղոսի համար Վավրինկան պայքարելու է մրցաշարի գլխավոր ֆավորիտ Ռաֆայել Նադալի հետ։ «Գրունտի արքան» կիսաեզրափակչում 6:3, 6:4, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ։ Նադալի ակտիվում գրանցվեց 23 «վիններս», 6 բրեյք-փոյնթ՝ 10 հնարավորից, իսկ Տիմի ակտիվում՝ 3 էյս, 1 բրեյք-փոյնթ՝ 8 հնարավորից։ Առաջիկա եզրափակչում հաղթելու դեպքում Նադալը կդառնա մրցաշարի տասնակի չեմպիոն։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում