«Չելսին» զայրացած է Կոստայի արարքից. Դիեգոն տրանսֆերի է հանվել

«Չելսին» զայրացած է Կոստայի արարքից. Դիեգոն տրանսֆերի է հանվել

«Չելսիի» ղեկավարությունը դժգոհ է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի արարքից․ ֆուտբոլիստը հրապարակել է այն հաղորդագրությունը, որով գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տեղեկացրել է նրա հետ հույսեր չկապելու մասին:

«As.com»-ը գրում է, որ լոնդոնցիների համար հիմա դժվար կլինի 28-ամյա ֆուտբոլիստի իրավունքները վաճառել 50 միլիոն եվրոյից բարձր գումարով, քանի որ հնարավոր գնորդները տեղյակ են, որ Իսպանիայի հավաքականի խաղացողը տրանսֆերի է հանվել:

Հաղորդվում է, որ «ազնվականների» ղեկավարությունը համաձայն չէ Կոնտեի որոշման հետ և նպատակահարմար չի գտնում բաժանվել թիմի լավագույն ռմբարկուից: «Չելսիում» նաև հավանություն չեն տվել ֆուտբոլիստի հեռանալու մասին հաղորդագրությամբ հայտնելու միջոցին:

Հաղորդագրության տեքստն այսպիսին է եղել. «Ողջույն, Դիեգո՛: Հուսով եմ` լավ ես: Շնորհակալ եմ միասին անցկացրած մրցաշրջանի համար: Հաջողություն եմ մաղթում հաջորդ մրցաշրջանում, բայց դու իմ ծրագրերի մեջ չես մտնում»:

Կոստան միայն պատասխանել է. «OK»:

Հարձակվողն արդեն հայտարարել է «Ատլետիկո» վերադառնալու ցանկության մասին: Նա նաև բանակցություններ է վարում «Միլանի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում