Չեռնոգորիա – Հայաստան. Պարտության պատճառները (վերլուծություն)

Չեռնոգորիա – Հայաստան. Պարտության պատճառները (վերլուծություն)

Հայաստանի հավաքականն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում 1:4 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն: Sport Times.am-ը վերլուծում է Արթուր Պետրոսյանի թիմի ցուցադրած խաղը:

Խաղի սցենարը

Հանդիպման երկրորդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականը օգտվեց հայ պաշտպանների անուշադրությունից և բացեց հաշիվը: Մինչև 30-րդ րոպեն Հայաստանի հավաքականը փորձեց ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը: Պիզելին շատ լավ պահ ունեցավ, սակայն չկարողացավ դիպուկ հարվածել: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստները լավ խաղացին առաջին կեսում․ նրանք տիրում էին գնդակին և փորձում էին կենտրոնով ճեղքել մրցակցի պաշտպանությունը: 28-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականի աստղ Ստեֆան Յովետիչն անհատական վարպետության շնորհիվ կարողացավ կրկնապատկել հաշիվը՝ դիպուկ հարվածով գնդակն ուղարկելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի ներքևի մոտակա անկյունը: Երկրորդ խաղակեսում չեռնոգորցիները լիովին գնդակը հանձնեցին Հայաստանի հավաքականին և կենտրոնացան հակագրոհների վրա, ինչի արդյունքում էլ կարողացան երկու գոլ խփել՝ 54-րդ և 84-րդ րոպեներին: Խաղավերջում մեր թիմի միակ գոլը խփեց Ռուսլան Կորյանը:

Խաղային սխեման

Արթուր Պետրոսյանը, ինչպես և նախորդ խաղում, այս անգամ ևս ընտրել էր 4-1-4-1 տակտիկական սխեման.

Սենթ Քիթս և Նևիսի դեմ խաղի համեմատ մեր թիմի մեկնարկային կազմում երկու փոփոխություն կար՝ Արտակ Եդիգարյանի փոխարեն դաշտ էր դուրս եկել Հրայր Մկոյանը, իսկ Էդգար Մանուչարյանի փոխարեն Կամո Հովհաննիսյանը: Սխեման մնացել էր նույնը՝ Արտակ Գրիգորյանը՝ որպես միակ հենակետային կիսապաշտպան:

Բաց թողած գոլերը

Հանդիպման երկրորդ րոպեին գոլ բաց թողնելը խոսում է ուշադրության պակասի մասին: Այս դրվագում Գաել Անդոնյանը պարզապես պետք է մեկ քայլ ավելի մոտ գտնվեր մրցակցի հարձակվողին՝ նրա տեղաշարժը լավագույնս հսկելու համար:

Երկրորդ գոլի ժամանակ հստակ երևում է, որ Արտակ Գրիգորյանը միայնակ չի կարող կանխել մրցակցի գրոհները: Այստեղ նրա մեղավորությունը չկա: Ինչպես հարկն է չէին նահանջել Պիզելին և Մխիթարյանը, ինչի արդյունքում էլ Գրիգորյանը շրջապատվել էր մրցակցի երեք կիսապաշտպաններով: Բացի այդ, այս գոլը ծնվեց Յովետիչի անհատական անցման արդյունքում:

Երրորդ գոլն արդեն թիմային սխալի արդյունք էր: Նախ Տարոն Ոսկանյանը շատ հեռվից էր փորձում կասեցնել Յովետիչի առաջխաղացումը, ապա Գրիգորյանն էր աչքաթող արել հենակետային գոտին: Գուցե նաև Բեգլարյանը ճիշտ դիրք չէր ընդունել, սակայն արդարության համար պետք է նշել, որ Յովետիչն անկասելի հարված կատարեց:

Չորրորդ գոլը ծնվեց ևս մեկ հակագրոհի արդյունքում: Այս անգամ Բեգլարյանի մեղավորությունը մեծ էր:  Մեր թիմի դարպասապահը նախ ավելորդ քայլ կատարեց դեպի առաջ և հետո անշարժ հետևեց գնդակի ընթացքին:

Ինչ վերաբերում է Ռուսլան Կորյանի խփած գոլին, ապա նա հիանալի գործեց: Հայտնվելով մրցակցի պաշտպանների հետևում՝ Կորյանը ստացավ գնդակը, պտտվեց և գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

Լուսավոր կետերը

Չնայած խոշոր հաշվով պարտությանը, երևում էր Արթուր Պետրոսյանի և ֆուտբոլիստների կատարած աշխատանքը: Հայաստանի հավաքականը փորձում էր ավելի շատ դիրքային գրոհներ կազմակերպել՝ կարճ փոխանցումներով գնդակը հասցնելով Ռուսլան Կորյանին: Բնականաբար, դա արվում էր դաշտի կենտրոնով, քանի որ այդ դիրքում ունեինք երկու փլեյմեյքերներ՝ Մխիթարյանն ու Պիզելին: Սակայն Չեռնոգորիայի ընտրած մարտավարությունը խառնեց Արթուր Պետրոսյանի ծրագրերը: Նրանք ավելի խիտ էին դասավորվել դաշտի կենտրոնական հատվածում, ինչն էլ թույլ չէր տալիս մեր ֆուտբոլիստներին ազատ շունչ քաշել: Իսկ Կորյանը անընդհատ գնդակ էր ստանում՝ լինելով մեջքով մրցակցի դարպասին:

Հիասթափություններ և թերություններ

Զարմանալիորեն պասիվ էր Հենրիխ Մխիթարյանը: Մեր թիմի աստղը գրեթե ոչնչով աչքի չընկավ: Հաճախ սխալվում էր հասարակ փոխանցումներ կատարելիս: Ամեն դեպքում, հասկանում ենք, որ Մխիթարյանը ռոբոտ չէ և չի կարող միշտ լինել գերազանց մարզավիճակում․ ծանր մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդում» 40-ից ավելի խաղ է անցկացրել: Բացի այդ, նրա «ձեռքերը կապված էին»: Մխիթարյանը չէր խաղում 10 համարի դիրքում, որտեղ առավելագույնս վտանգ է ներկայացնում յուրաքանչյուր մրցակցի դեմ խաղում:

Մեր հավաքականն այս խաղում շատ քիչ էր օգտագործում եզրերը: Ձախ պաշտպանի դիրքում խաղացող Գագիկ Դաղբաշյանը լավ հանդիպում անցկացրեց, սակայն նրա կողմից կատարված մի քանի հաջող փոխանցումներին չկարողացավ արձագանքել Ռուսլան Կորյանը: Վերջինս գոլից բացի աչքի ընկավ ընդամենը մեկ հարվածով: Անընդհատ մեջքով էր մրցակցի դարպասին և ոչ մի վտանգ չէր ներկայացնում:

Կամո Հովհաննիսյանն ու Հրայր Մկոյանը, կարծում եմ, ոչնչով չօգնեցին այսօրվա խաղում: Առաջին խաղակեսից հետո Մկոյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը, ով կարողացավ փոքր-ինչ ակտիվացնել աջ եզրը: Իսկ Կամո Հովհաննիսյանը փչացրեց դատարկ դարպասը գրավելու հնարավորությունը: Ամբողջ հանդիպման ընթացքում գրեթե ոչ մի պաշտպանական գործողությունով աչքի չընկավ: Փոխարինման դուրս եկած Մանուչարյանն ու Բարսեղյանը ևս էապես չուժեղացրեցին թիմի խաղը:

Արաս Օզբիլիզի և Մարկոս Պիզելիի խաղային պրակտիկայի բացակայությունը զգացնել տվեց: Գուցե ճիշտ կլիներ, որ Օզբիլիսի փոխարեն խաղար Արտակ Եդիգարյանը կամ Էդգար Մանուչարյանը:

Երկրորդ հենակետային կիսապաշտպանի բացակայությունը զգալի թուլացնում է մեր թիմի խաղը՝ ընդ որում նույնիսկ հարձակման գծում: Եթե Կառլեն Մկրտչյանի կամ Արթուր Եդիգարյանի նման ֆուտբոլիստ լիներ թիմում, ապա հնարավոր կլիներ սխեման փոխել 4-2-3-1-ի՝ երկու հենակետայինով: Այդ խնդիրը կարելի էր լուծել, եթե վնասվածք չունենար Գոռ Մալաքյանը: Մխիթարյանը կազատվեր պաշտպանական գործողություններից և կխաղար 10 համարի դիրքում, որտեղից էլ ավելի օգտակար կլիներ հարձակման ժամանակ: Պիզելին էլ կարող էր լուրջ ուժեղացում լինել երկրորդ խաղակեսում:

Աղյուսակային իրավիճակը

Այս խաղից հետո E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Լեհաստան – 16
  2. Չեռնոգորիա – 10
  3. Դանիա – 10
  4. Ռումինիա – 6
  5. Հայաստան – 6
  6. Ղազախստան – 2

Հայաստանի հավաքականը դեռ 4 խաղ ունի անցկացնելու. արտագնա հանդիպումներ Ռումինիայի և Ղազախստանի հետ և երկու տնային խաղ՝ Դանիայի ու Լեհաստանի դեմ: Եվ քանի մաթեմատիկորեն հնարացորություն կա խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար, պետք է հավատալ և պայքարել:

Միհրան Ալեքսանյան
Գլխավոր լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում