«Ռոլան Գարրոս»․ Ռաֆայել Նադալը նվաճեց 10-րդ տիտղոսը

«Ռոլան Գարրոս»․ Ռաֆայել Նադալը նվաճեց 10-րդ տիտղոսը

Ֆրանսիայի Բաց առաջնության՝ «Ռոլան Գարրոսի» եզրափակիչ խաղում իսպանացի Ռաֆայել Նադալը գերվստահ հաղթանակ տոնեց շվեյցարացի Ստեն Վավրինկայի նկատմամբ։

2 ժամ, 5 րոպե տևած հանդիպումն ավատվեց 6:2, 6:3, 6:1 հաշվով։ «Գրունտի արքայի» ակտիվում գրանցվեց 4 էյս, 6 բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից, իսկ Վավրինկայի ակտիվում՝ 1 էյս, 19 «վիններս»։ Բացի այդ, շվեյցարացին չօգտագործեց իր միակ բրեյք-փոյնթը։

Ռաֆայել Նադալի համար այս տիտղոսը 10-րդն է «Ռոլան Գարրոսում»։ Տղամարդկանց թենիսի պատմության մեջ դեռևս որևէ թենիսիստի չի հաջողվել «Մեծ Սաղավարտի» մեկ մրցաշարում 10 անգամ չեմպիոն դառնալ։ Կանանց թենիսում Մարգարետ Կորտը 11 անգամ հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում։

Նադալը նվաճեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում իր 15-րդ տիտղոսը և այս ցուցանիշով շրջանցեց ամերիկացի Պիտ Սամպարսին։ Հիշեցնենք, որ ռեկորդակիրը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 18 տիտղոս, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը 12 անգամ է հաղթել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում