Պեպեի փոխարինողն ու այլընտրանք Մորատայի հեռանալու դեպքում․ երկու ֆուտբոլիստ վերադարձավ «Ռեալ»

Պեպեի փոխարինողն ու այլընտրանք Մորատայի հեռանալու դեպքում․ երկու ֆուտբոլիստ վերադարձավ «Ռեալ»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն կարիերան շարունակելու է «Ռեալում»: Գերմանական ու իսպանական ակումբների վարձակալության համաձայնագրի ժամկետը լրացել է, և 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Մադրիդ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսպանացին «Արքայական ակումբում» դառնալու է Պեպեի փոխարինողը: Պորտուգալացու պայմանագրի ժամկետը սպառվել է, և նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:

Միաժամանակ մեկ այլ գերամանակ ակումբ` «Վոլֆսբուրգը» հայտարարել է, որ հարձակվող Բորխա Մայորալը նույնպես վերադարձել է «Ռեալ»: Սպասվում է, որ Ալվարո Մորատայի հեռանալու դեպքում «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն նախապատրաստական շրջանում իրեն դրսևորելու հնարավորություն կտա 20-ամյա իսպանացուն: Վերջինս Բունդեսլիգայում անցկացրած 19 մրցավեճում 2 գոլ է հեղինակել:

Ամենայն հավանականությամբ, «Արքայական ակումբ» կվերադառնա նաև «Ալավեսում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, ում ներկայությունը թույլ կտա ավելի շատ հանգիստ տրամադրել Կազեմիրոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում