Ստավանգեր․ Արոնյանը հաղթեց Կարյակինին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ստավանգեր․ Արոնյանը հաղթեց Կարյակինին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess» մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:

Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, 30-րդ քայլին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, ապա սկսեց հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չկարողացավ պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 41–րդ քայլին:

Այս տուրում Վլադիմիր Կրամնիկը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, Անիշ Գիրին՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անանդ – Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը։ Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան զիջում է կես միավորով: Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին ունեն 4-ական միավոր, Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը: 

Հավելենք, որ 8-րդ տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝

  • Արոնյան – Անանդ
  • Կարլսեն – Կարյակին
  • Վաշիե-Լագրավ – Կրամնիկ
  • Նակամուրա – Սո
  • Գիրի – Կարուանա
Հետևեք մեզ նաև Telegram-ում