Վավրինկա․ Ֆեդերերն ու Նադալը հրեշներ են թենիսի աշխարհում

Վավրինկա․ Ֆեդերերն ու Նադալը հրեշներ են թենիսի աշխարհում

Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան գովաբանել է հայրենակից Ռոջեր Ֆեդերերին և իսպանացի Ռաֆայել Նադալին, ովքեր հաղթել են «Մեծ Սաղավարտի» առաջին երկու մրցաշարերում։ Հիշեցնենք, որ Ֆեդերերը հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում՝ նվաճելով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում ռեկորդային՝ 18-րդ տիտղոսը, իսկ Նադալը 10-րդ չեմպիոնությունն է տոնել «Ռոլան Գարրոսում»։

-Ո՞ւմ հաջողությունն է ավելի նշանակալի։ Այս հարցին պատասխանելու համար պետք է սպասել մրցաշրջանի ավարտին, սակայն ես Ռոջերին և Ռաֆային նման չափանիշներով չեմ գնահատում։ Նրանք պարզապես հրեշներ են թենիսի աշխարհում։ Նրանք միշտ կարողանում են ազդել մրցակցի խաղի վրա։ Բավական է ընդամենը մեկ վայրկյան ուշադրությունդ շեղվի, և նրանք առավելություն կստանան։ Նրանց դեմ խաղալիս ամենաբարդը հենց զգոն մնալն է։

Դու խաղում ես՝ չմտածելով ինքդ քո մասին և անընդհատ կրկնում ես․ «Ես առաջինը չեմ, ոչ էլ վերջինն եմ, ով կպարտվի Նադալին»։ Նադալն անհավանական մարտիկ է։ «Ռոլան Գարրոսի» եզրափակչում փորձում էի ինչ-որ ձև պայքարել նրա դեմ, ինչ-որ լուծումներ գտնել, բայց հիմա քիչ բան կարող եմ ասել այդ խաղում իմ արածների մասին,- Վավրինկայի խոսքը փոխանցում է «Tennis World USA»-ը։

«Ռոլան Գարրոսի» եզրափակչում Ստեն Վավրինկան Ռաֆայել Նադալին պարտվել է 2։6, 3։6, 1։6 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում