Սանտուշ․ Երաշխավորում եմ՝ Ռոնալդուն ազնվագույն մարդ է

Սանտուշ․ Երաշխավորում եմ՝ Ռոնալդուն ազնվագույն մարդ է

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում իր թիմի հնարավորությունների մասին և աջակցել է ավագ Կրիշտիանու Ռոնալդուին, ով Իսպանիայում մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ։

-Երկար տարիներ ճանաչում եմ Ռոնալդուին։ Նրան մարզել եմ, երբ դեռ 18 տարեկան էր։ Երաշխավորում եմ՝ Ռոնալդուն ամուր բնավորությամբ ազնվագույն մարդ է։ Նա իսկական տղամարդ և մարզիկ է։ 100 տոկոս վստահում եմ Կրիշտիանուին։ Ֆուտբոլիստներիս հետ պայմանավորվածություն ունեմ՝ այն ամենը, ինչ վերաբերվում է նրանց անձնական կյանքին, չենք քննարկում։ Դրանք թողնում ենք հավաքականից դուրս։ Ինքս չեմ հետաքրքրվում դատական գործի վերաբերյալ լուրերով։ Բացի այդ, պետք է շատ զգույշ լինել նման շշուկներ տարածելիս։ Կարևորը՝ ոչ միայն ես, այլև բոլոր տղաներն աջակցում են Ռոնալդուին։

Կոնֆեդերացիաների գավաթում ֆավորիտ չենք, բայց հավակնում ենք հաղթանակի։ Այդպես էր նաև Եվրոպայի առաջնության ժամանակ։ Կան Պորտուգալիայի հավաքականից վառ թիմեր, բայց համոզված եմ՝ իմ թիմը կենտրոնացած է իր նպատակի վրա և կարող է հաղթել ցանկացած մրցակցի։ Պորտուգալիան իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Կոնֆեդերացիաների գավաթին, այնպես որ՝ մեզ համար մրցաշարը շատ կարևոր է,- Սանտուշի խոսքերը փոխանցում է «Championat.com»-ը։

Հավելենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում առաջին հանդիպումը Պորտուգալիան անցկացնելու է հունիսի 18-ին, Երևանի ժամանակով 19։00-ին մեկնարկելու է Պորտուգալիա – Մեքսիկա հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում