Կոնֆեդերացիաների գավաթ. Պորտուգալիա – Մեքիսկա խաղը թրիլերային ավարտ ունեցավ (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթ. Պորտուգալիա – Մեքիսկա խաղը թրիլերային ավարտ ունեցավ (տեսանյութ)

Ռուսաստանում ընթացող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ A խմբի երկրորդ հանդիպումը․ մրցեցին Պորտուգալիայի ու Մեքսիկայի հավաքականները:

Առաջին կեսի սկզբում հյուսիսամերիկյան թիմն առավելություն ուներ, սակայն հետո ակտիվացան Ֆերնանդու Սանտուշի սաները: Պորտուգալացիները սկզբում բացեցին խաղի հաշիվը, երբ Անդրե Գոմեշը գրավեց հեռավոր անկյունը, սակայն տեսակրկնության շնորհիվ գոլը չեղարկվեց: Քիչ անց, Կրիշտիանու Ռոնալդուի հմտորեն կատարած փոխանցումից հետո Ռիկարդու Կուարեժման շրջանցեց դարպասապահին և գրավեց անպաշտպան դարպասը:

«Ացտեկների» պատասխանը երկար սպասել չտվեց: Կարլոս Վելայի փոխանցումից հետո Չիչարիտոն գլխի գեղեցիկ հարվածով հավասարացրեց հաշիվը:

Երկրորդ կեսում երկար ժամանակ հանդարտ խաղ էր ընթանում, սակայն խաղավերջում թիմերը կտրուկ ակտիվացան: 85-րդ րոպեին մեքսիկացիների դարպասապահ Գիլերմո Օչոան ֆանտաստիկ ցատկով հետ մղեց Անդրե Սիլվայի հարվածը, սակայն մեկ րոպե անց գրոհին միացած Սեդրիկ Սոարեշի հարվածից ու անդրադարձից հետո գնդակը հայտնվեց դարպասում:

Թվում էր, թե Եվրոպայի չեմպիոնները հաղթանակով կավարտեն հանդիպումը, սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում՝ անկյունայինի խաղարկման ժամանակ, Էկտոր Մորենոն գլխի հարվածով փրկեց իր թիմին: Գրանցվեց 2:2 հաշիվը:

Այս խմբի առաջատարը Ռուսաստանի ընտրանին է, որն ունի 3 միավոր:

Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ
Պորտուգալիա – Մեքսիկա` 2:2
Գոլերը՝ Կուարեժմա (34), Սեդրիկ (86) – Չիչարիտո (42), Մորենո (90+1)

Հետևեք մեզ նաև Telegram-ում