Ռակիտիչ. Ֆուտբոլը մեծ ուժ է, որ պետք է ճիշտ օգտագործել

Ռակիտիչ. Ֆուտբոլը մեծ ուժ է, որ պետք է ճիշտ օգտագործել

Այսօր Ավստրիայի ու Շվեյցարիայի հավաքականների կազմում կարելի է բալկանական ծագում ունեցող շատ ազգանուններ հանդիպել: Նրանք 90-ականների պատերազմի, տնտեսական ճգնաժամի հետևանքով հայրենիքից արտագաղթածների երեխաներն են:

Իվան Ռակիտիչը (ծննդավայրը՝ Մյոլին, Շվեյցարիա) այդ տղաներից մեկն է ու հավաքականում խաղալու հրավեր ստանալիս ընտրեց ոչ թե Շվեյցարիան, այլ Խորվաթիան: «Բարսելոնայի» կիսապաշտպանը սպորտում կոսմոպոլիտիզմի մարմնավորում է, թեև մեղադրվել է նաև անհանդուրժողականության մեջ: Jotdown.es-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը բացարտել է, որ դրանք անհիմն մեղադրանքներ էին, որոնք ոչ մի կապ չունեն այն սկզբունքների հետ, որոնցով դաստիարակվել է: Ներկայացնում ենք Ռակիտիչի հարցազրույցի թարգմանությունը։

-Խորվաթիայում քեզ «Ռակետ» են կոչում:

-Այդ կեղծանունն ինձ մամուլն է տվել, երբ դեռ նոր էի սկսում հավաքականում խաղալ: «Ռակետ» բառն իմ ազգանունն է հիշեցնում, ես այնքան էլ արագ չեմ (ծիծաղում է):

-Ֆուտբոլիստ դառնալուդ համար հայրդ հրաժարվել է սեփական ֆուտբոլային կարիերայից․․․

-80-ականներին հայրս խաղում էր Բոսնիայում, ներկայացնում առաջին ու երկրորդ դիվիզիոնների միջև տատանվող «Չելիկ Զենիցան»: Ինչ-որ պահի նա հասկացավ, որ Հարավսլավիայում ուղղակի գոյատևում է ու որոշեց հետևել եղբորն ու Շվեյցարիա տեղափոխվել: Հայրս մտածում էր, որ գուցե բախտը ժպտա, ինչ-որ մեկի հետ ծանոթանա ու մնա այնտեղ: Ավագ եղբայրս՝ Դեյանը մեկ տարեկան էր: Հայրս տեղափոխվեց Մյոլին, ընկերացավ ոստիկանապետի հետ, ով ֆուտբոլ շատ էր սիրում ու հորս օգնեց տեղ գտնել քաղաքային թիմում:

Այդ ակումբը 4-րդ դիվիզիոնում էր խաղում, հորս մակարդակն ավելի բարձր էր: Հայրս Հարավսլավիայում կիսապաշտպանությունում էր խաղում, իսկ այդ թիմում նրան հարձակվողի դիրքում նշանակեցին ու նա շատ գոլեր խփեց: Նախագահը նրան ասաց. «Խնդրում եմ, խաղա մեր թիմում, գիտեմ՝ սա քո մակարդակը չէ, բայց քեզ համար աշխատանք կգտնենք, կկարգավորենք փաստաթղթերդ, որ ընտանիքիդ Շվեյցարիա բերես»: Հայրս համաձայնեց: Նա կարող էր ավելի բարձրակարգ ակումբում կարիերան շարունակել, բայց նախընտրեց մնալ ու ընտանիքի հետ լինել: Նա իր ցանկությունը հանուն մեզ զոհեց:

-Հայրդ Սիկիրևցա քաղաքից է: Պատերազմն այնտեղ չի հասել, բայց 1992-ի ապրիլին քաղաքը ռմբակոծվել է, իսկ 2000-ին ձեր ընտանիքը կացարան է տրամադրել պատերազմից տուժածներին:

-Մինչև այսօր էլ Սիկիրևիցայում տուն ունենք՝ չնայած հորական պապս մահացել է, երբ 2 ամսական եմ եղել, իսկ տատս, երբ 7 տարեկան էի։ Միակ մարդը, ով ապրել է այնտեղ, հորս ավագ եղբայրն էր, ով ևս մահացել է: Ոչ ոք այնտեղ չի ապրում, դա ուղղակի մեր սեփականությունն է, բայց հայրս 7 քույր ու եղբայր ունի, նրանք հոգ են տանում տան մասին: Տունը պահում են, քանի որ շատ հիշողություններ ունեն դրա հետ կապված:

Ինչ վերաբերում է պատերազմին, ծնողներս փորձում էին այնպես անել, որ չիմանայի, թե Հարավսլավիայում ինչ էր տեղի ունենում: Երբ երեխա ես, ուղղակի հարցնում ես՝ ինչո՞ւ այն տունը, որ կանգնած էր այդտեղ, ավերված է, ինչո՞ւ են փողոցում պայթեցված մեքենաներ կանգնած, ու այդ ժամանակ անօգուտ է թաքցնել իրականությունը: Ծնողներս թեև փոձում էին պաշտպանել ինձ այդ սարսափից, բայց ցանկանում էի իմանալ, թե ինչ էր կատարվել ու հարազատներիս հետ խոսելով հասկացա, թե հորս բախտը որքան է բերել: Այո, նրանց քաղաքը շատ չէր տուժել, բայց պատերազմի ձեռքն այնտեղ ևս հասել էր:

-Ինչպիսի՞ն էր մանկությունդ Շվեյցարիայում:

-Ինչպես բոլոր երեխաներինը, բայց այնտեղ Իսպանիայի պես չէ. 5 տարեկանում երեխաները մանկապարտեզ են գնում, իսկ 6-ում՝ դպրոց: Իսպանիայում ավելի վաղ են մանկապարտեզ հաճախում: Մյոլինը մեծ քաղաք չէ, մարդիկ հասարակ են: Ընդամենը 4 խանութ կա, որտեղից կարելի է ամենօրյա իրեր գնել, կոշիկ, հագուստ և այլն: Գործարաններ կան, որոնցից մեկում մայրս է աշխատել, իսկ հայրս շինարարությամբ էր զբաղվում: Հանգիստ ժամանակներ էին: Մենք քչով էինք բավարարվում: Ծնողներս ասում էին. «Սա այն ամենն է, ինչ կա, ավելին պետք չէ սպասել»: Երբ սկսեցի «Բազելում» խաղալ, այդ ժամանակ միայն հասկացա, որ ծնողներս հաճախ զրկել են իրենց ընթրելու հնարավորությունից, որ ինձ համար խաղակոշիկ գնեն:

Այդ ժամանակ ընդամենը մեկ մարզահագուստ ունեի ու եթե պատռվեր, փոխնորդ չկար: Մանկության տարիներին նման բաներին նշանակություն չես տալիս, բայց տարիների հետ, հատկապես երբ ինքդ ես ծնող դառնում, հասկանում ես, որ քո մանկությունը տարբերվում է այն կյանքից, որ երեխաներդ ունեն: Շատ երախտապարտ եմ ծնողներիս իրենց արարքների համար: Բառերով չես արտահայտի:

-Շվեյցարիայում սովորելիս շատ լեզուներ ես ուսումնասիրել ու մի անգամ ասել ես, որ դա օգնել է քո կարիերայում:

-Դա իսկապես կարևոր է: Նույնն անում եմ աղջիկներիս հետ: Նրանց հետ մի փոքր գերմաներեն եմ խոսում, մի փոքր խորվաթերեն, անգլերեն արդեն դպրոցում են սովորում, իսկ իսպաներենը տան առաջին լեզուն է: Ցանկանում եմ, որ ավելի լավ տիրապետեն գերմաներենին, քանի որ կյանքում այն ավելի անհրաժեշտ է, քան խորվաթերենը: Ամեն դեպքում հետո իրենք կորոշեն, թե ինչ են ցանկանում: 

Երբ տեղափոխվեցի «Սևիլիա», գրեթե ոչ ոք անգլերեն չէր խոսում: Այնպես չէր, որ ինձ հիմարի պես էի զգում, ավելի շուտ պահեստային անվադող էի, որը չէր կարողանում ինտեգրվել թիմին: Բարկանում էի: Նյարդայինացնող է, երբ չես կարողանում թիմակիցներիդ հետ շփվել: Սկսեցի իսպաներեն հեռուստաալիքներ դիտել, որպեսզի հնարավորինս արագ սովորեմ այն: Կարող էի Սևիլիան ցույց տալ քարտեզի վրա ու վերջ: Հիմա խոսում եմ խորվաթերեն, գերմաներեն, անգլերեն ու իսպաներեն, իսկ եթե ինձ մի փոքր ժամանակ տան հիշելու համար, կարող եմ նաև իտալերեն, ֆրանսերեն, քանի որ սովորել եմ դպրոցում, բայց չեմ օգտագործել:

-Ինչպե՞ս են գործերդ կատալոներենի հետ:

-Ամեն ինչ հասկանում եմ, վերջերս զարմացրի մեր տան աշխատողին: Նա կատալոնուհի է, Գվա քաղաքից: Մի քանի արտահայտություն ասացի ու նա ասաց. «Շատ լավ է ստացվում»: Օրինակ, երբ լրագրողները կատալոներեն են հարց տալիս, հասկանում եմ, բայց իսպաներեն եմ պատասխանում:

-Շվեյցարիայում եղածդ ժամանակ հայրդ քեզ ու եղբորդ «Գրասհոպերս» – «Դինամո Զագրեբ» խաղին տարավ: Այդ ժամանա՞կ գիտակցեիք, թե ինչ է նշանակում խորվաթ լինել: 

-Լավ եմ հիշում այդ օրը, քանի որ հայրս ինձ ուսերին էր նստեցրել: «Դինամոն» 5:0 հաշվով հաղթել էր: Նրանց կազմում խաղում էր հորս ընկերը՝ Գորան Յուրիչը: Ես 8 տարեկան էի, եղբայրս՝ 13: Շատ բաներով ինձ շվեյցարացի եմ զգում, բայց սիրտս հուշեց Խորվաթիայի հավաքականն ընտրել: Հավաքական ընտրելը նույնը չէ, ինչ ակումբ ընտրելը: Երկիրը ներկայացնող ֆուտբոլիստը պետք է հպարտությամբ ու սիրով լցված լինի, դա այն դեպքը չէ, երբ առաջին հերթին մտածում ես հարցի մարզական կողմի մասին:

-Հավաքականի մարզիչ Սլավեն Բիլիչն անձամբ Շվեյցարիա եկավ, որ խոսի քեզ հետ:

-Նա եկել է Մյոլնի իմ տուն, դիտել «Բազելի» խաղերը, բայց նա համառ էր, ինչպես Շվեյցարիայի մարզիչ Յակոբ Կունը: Ամեն դեպքում, իմ որոշումը նրանցից կախված չէր: Ինքս եմ այն ընդունել: Երբ Շվեյցարիայի պատանեկան հավաքականում էի (Մ-17) ու խաղում էի Խորվաթիայի դեմ, հակասական զգացողություններ ունեի: Խաղից առաջ լսում էի Խորվաթիայի օրհներգն ու չգիտեի՝ ինչ մտածել: Այդ պահին հասկացա, որ հոգիս ավելի շատ Խորվաթիայում է: Ահա և վերջ:

Դա չի նշանակում, թե Շվեյցարիայի Մ-15 կամ Մ-17 հավաքականներում առանց հպարտության եմ խաղացել, բայց մեծանալով հասկացա, որ ինձ Խորվաթիան ավելի է ձգում: Ամեն դեպքում, երբ հիմա ասում եմ՝ «Տուն եմ գնում», նկատի ունեմ Շվեյցարիայի իմ տունը: Երախտապարտ եմ շվեյցարացիներին ու «Բազելին» իմ ու ընտանիքիս նկատմամբ միշտ լավ վերաբերմունք ունենալու համար:

-Հայրդ ազդեցություն ունեցա՞վ:

-Ոչ։ Առաջին բանը, որ ասացի հորս, եղբորս, ամբողջ ընտանիքիս, այն էր, որ չէի ցանկանում որևէ մեկի կարծիքը լսել: Ես 18 տարեկան էի ու ասացի նրանց. «Հասկացեք, ինչպես ցանկանում եք, բայց ձեզ չեմ լսելու։ Իմ որոշումն է ու չեմ զրուցելու որևէ մեկի հետ: Եթե որոշումս ձեզ դուր գա՝ լավ, եթե ոչ՝ ինչպես գիտեք»: Գիտեի, որ հայրս ցանկացած դեպքում աջակցում էր ինձ, թեև հասկանում էի, որ հակված էր Խորվաթիային: Անգամ դա իմանալով՝ որոշեցի փորձել նրան: Հաղթեցի նրան:

Մտա սենյակ ու զանգահարեցի Շվեյցարիայի հավաքականի մարզչին, որ ասեմ Խորվաթիան ընտրելու մասին: Ապա Բիլիչին, որ հայտնեմ որոշումս: Հետո գնացի հյուրասենյակ, որ հայտնեմ այդ կարևոր նորությունը: Հորս ասացի. «Ես Շվեյցարիան եմ ընտրել»: Նա գրկեց ինձ: Ես ասացի. «Ո՛չ։ Ես կատակեցի, Խորվաթիայի կազմում եմ խաղալու»: Պետք է տեսնեիք նրան: Արտասվում էր:

-Դա հարված էր շվեյցարացիների համար, ովքեր Ավստրիայի հետ ընդունեցին Եվրոպայի առաջնությունը: Դու նրանց լավագույն խաղացողներից էիր, ով հանկարծ որոշեց Խորվաթիայի կազմում խաղալ:

-Որոշումս լայն լուսաբանվեց, թեև դա ինձ վրա չանդրադարձավ, քանի որ տեղափոխվեցի գերմանական «Շալկե»: Ամեն ինչ ընտանիքիս վրա թափվեց, նրանք մնացել էին Շվեյցարիայում: Տհաճ բաներ եղան, որոնց մասին չեմ ցանկանում խոսել: Առավոտյան 04։00-ին զանգահարում էին ընտանիքիս, ասում, որ հեռանան երկրից, վիրավորում էին նրանց: Մեզ լուսանկար ուղարկեցին, որում դեմքիս փամփուշտ էր պատկերված, այսինքն՝ ես վճարելու էի կատարածիս համար: Մի անգամ ամբողջ ընտանիքիս համար Զագրեբի ավիատոմսեր ուղարկեցին…

Իհարկե, մենք գիտեինք, որ միշտ Շվեյցրիայում էինք ապրելու: Որտեղ էլ լինեմ, իմ տունն այնտեղ է: Տհաճ շաբաթներ ու ամիսներ էին, բայց ոչինչ անել չէի կարող: Հասկանում էի, որ մարդիկ դժգոհ էին, թեև դա ինձ համար Շվեյցարիայի դեմ կայացրած որոշում չէր: Պետք է ապրեի դրա հետ: Դա սպորտի վատ կողմն է: Տխուր էի նրա համար, ինչի միջով ծնողներս ստիպված էին անցնել:

-Հազարավոր երկրպագուների առաջ Էստոնիայի դեմ նորամուտդ պետք է քեզ հաճելի զգացողություններ տար:

-Դա իսկապես հատուկ պահ էր, թիմում շատ էին երիտասարդ ֆուտբոլիստները: Փորձառու վետերաններն էլ էին խաղում, որոնց միացել էին Լուկա Մոդրիչի պես երիտասարդները: Հիանալի մթնոլորտ էր հավաքականում:

-Խորվաթիայի հավաքականն ընտրելով՝ զբաղվեցիր պատերազմական շրջանների վերականգնողական աշխատանքներով:

-Եթե օգնելոււ հնարավորություն ունեմ, ուրախությամբ եմ անում դա: Հասկանում եմ, որ ինչ-որ բան անելիս պետք է մամուլին պատմեմ այդ մասին, բայց նախընտրում եմ ոչինչ չլուսաբանել: Ինձ համար կարևոր է, որ արածս օգտակար լինի, ոչ թե պատմեն դրա մասին: Շատ երեխաների եմ օգնել, եկեղեցիներ վերակառուցել:

-Հավատացյա՞լ ես:

-Ամենահավատացյալ մարդը չեմ, բայց դաշտ դուրս գալուց առաջ խաչակնքվում եմ ու միշտ խաչեր կրում: Ամեն կիրակի եկեղեցի գնացող մարդիկ կան, ովքեր այլ պահերի հավատի մասին չեն հիշում: Այդպիսին չեմ, բայց հավատում եմ ամեն ինչին, քանի որ մեր տանն այնդպես էր: Ոչ միայն իմ կրոնն եմ հարգում, այլ բոլորինը՝ ինչպես ծնողներս են սովորեցրել: Ինքս էլ երեխաներիս եմ նույնը սովորեցնում: Ես ու կինս այդ հարցում իդեալական համապատասխանում ենք:

-Թվում է՝ Խորվաթիան պետք է մեծ ձեռքբերում ունենար՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների խաղամակարդակը:

-Վերջին տարիներին այդպես է բոլորիս թվում: Եվրոպայի առաջնությունում ասում էին, որ Իսպանիային հաղթելուց հետո կա՛մ մենք ենք չեմպիոն դառնալու, կա՛մ նրանք, բայց Պորտուգալիան առաջ անցավ: Նրանց շատերը չէին հավատում: Կարծում եմ, որ արժանի էին հաղթանակին: Ֆուտբոլում «կյանքի ու մահվան» հարցերում հաճախ մանրուքներն են վճռորոշ: Պորտուգալիայի դեմ խաղից հետո պատկերացում չունեինք, թե դա ինչպես կատարվեց:

-Դրանից հետո ասել ես, թե ֆուտբոլն ամենահիմար մարզաձևն է:

-Գիտեմ, որ պետք է հարգել խաղընկերներին, բայց երբեմն բարդ է զգացմունքներն արտահայտելը։ Քեզ համար ծանր է ու տեսախցիկի առաջ ասում ես բաներ, որ չպետք է ասես, քանի որ պետք չէ, որ երեխաները դա հետո տեսնեն: Հիմա մեզ ոչինչ չի մնում անել, քան ավելի լավը դառնալ ու հասկանալ, որ քիչ ժամանակ է մնացել մինչև Մունդիալն ու Եվրոպայի առաջնությունը: Պատրաստվելու ժամանակն է, թեև պետք չէ շատ ճնշում գործադրել:

-2008-ին 122-րդ րոպեին Թուրքիայի դեմ խաղում ձեր ոչ-ոքին սարսափ ֆիլմի էր նման: Ակնհայտ էր, որ շոկի մեջ էիք 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ: Դու և Մոդրիչը վրիպեցիք:

-Դա ավելի վատ էր, քան անցյալ տարի: Չգիտեմ․․․ Եթե խաղից առաջ որևէ մեկն ինձ ասեր, թե ինչ էր լինելու, կասեի, որ ֆուտբոլից ոչինչ չի հասկանում։ Սարսափելին այն է, որ մեզ հետ հաճախ են նման դեպքեր տեղի ունենում: Եթե անկեղծ, մենք հիմարություն թույլ տվեցինք: Միայն մեզ կարող ենք մեղադրել:

-2008-ին հաղթեցիք Գերմանիային, 2016-ին՝ Իսպանիային:

-Այո, բայց հետո Գերմանիան հասավ եզրափակիչ, իսկ Իսպանիան արդեն Եվրոպայի 3 գավաթ ունի: Այդքանն ունենալու դեպքում չէի մտահոգվի, եթե Գերմանիան, Իսպանիան կամ որևէ թիմ հաղթեր մեզ: Կարևորն արժեքավոր բան հաղթելն է:

-Շուկերը մի անգամ ասել է, որ Մոդրիչի ու Ռակիտիչի միջև ընտրությունը նման է մոր ու հոր միջև ընտրություն կատարելուն:

-Խորվաթիայում մարդիկ ավելի շատ Լուկային են սիրում, քանի որ նա այնտեղ է ծնվել, խաղացել տեղի առաջնությունում ու նաև աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանն է: Հասկանում եմ նրանց: Լուկայի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Միասին ենք նշել նորամուտը մեծահասակների հավաքականում, ավելի քան 10 տարի ճանաչում ենք միմյանց, կյանքի ընկերներ ենք: Ես շնորհավորում եմ նրա տարեդարձը, նրա երեխաների տարեդարձը և երբ ինչ-որ տիտղոս է նվաճում։ Ես տեղյակ եմ Լուկայի հաջողություններից։ Չնայած ակումբային մրցակիցներ ենք՝ ուրախ եմ նրա համար։

-Մոդրիչի հաջողությունները քեզ համար խնդիրներ առաջացրե՞լ են։

-Ես ուրախանում եմ նրա համար։ Նրա ընկերն եմ։ Շնորհավորում եմ հենց նրան, ոչ թե նրա թիմին։ Խաղադաշտում իրավիճակն այլ է։ Եթե վաղը ստիպված լինեմ խախտում կատարել նրա նկատմամբ, կանեմ այդ խախտումը։ Ուրիշի հաջողությունների համար ուրախանալը նորմալ է, այդպես չէ՞։ Բացի այդ, Մոդրիչը հանգիստ տղա է։ Չնայած հիմա մեր ակումբային սկզբունքները տարբեր են՝ ընկերությունը ոչնչով չես կոտրի։

-«Սևիլյան» քեզ համար մեծ գումար էր առաջարկել:

-«Շալկեից» հունվարին հեռացա ու գրեթե ազատ գործակալ էի: «Շալկեն» առաջարկեց 3 տարով երկարաձգել պայմանագիրս, բայց ես չցանկացա մնալ մինչև հունիս անվճար հեռանալու համար և ստանալ գումարը, որ չունեի ու կարող էի ինձ պահել: «Սևիլյայում» հիանալի էի զգում Մոնչիի, Մանսանոյի և Վիկտոր Օրտայի հետ: Կարող էի այլ ակումբ գնալ ու ավելի շատ տիտղոս նվաճել, բայց Դել Նիդոյի ձեռքը սեղմելուց հետո այլևս ոչինչ ասել պետք չէր:

-Իսկ «Բարսելոնա» տեղափոխվելով հայտարարեցիր՝ «Գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում»:

-Ամենուր պետք է հասկանաս քո դերը: Կցանկանայի խփել Նեյմարի, Մեսսիի ու Սուարեսի բոլոր գոլերը, բայց յուրաքանչյուրը թիմին պետք է օգնի այնպես, ինպես կարողանում է: Գիտեմ, թե աշխատանքի որ մասն է իմը: Կարևորը հաղթելն է:

-Անցյալ մրցաշրջանում Լուիս Էնրիկեն 48 խաղից 24-ում փոխարինեց քեզ:

-Մարզիչն այդպես է տեսնում, պետք է հասկանալ: Պետք է լավագույնը լինել ամեն ինչում: Կցանկանայի ավելի շատ խաղալ, բայց գլխավորը Լուիս Էնրիկեն էր: Փորձում էի ապացուցել, որ պետք էի նրան անգամ այն դեպքում, երբ կարծում էր, թե պետք է հանգստանայի: 

-Կարո՞ղ ես ինչ-որ կերպ փոխել «Բարսելոնայի» ոճը: Չավիին փոխարինելուց հետո ավելի քիչ եք գնդակին տիրում ու ավելի շատ հիմնվում փոխանցումների վրա:

-Փոխարինել Չավիի՞ն: Դրա մասին խոսք գնալ չի կարող: Կցանկանայի, որ ինձ որևէ մեկի հետ չհամեմատեին, քանի որ ցանկանում եմ թիմին օգնել ինչով կարողանում եմ: Ես Լուիսի պես չեմ խփում, Անդրեսի պես փոխանցումներ չեմ կատարում, բայց կարծում եմ՝ ներդրում ունեմ:

Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» ոճին՝ հնարավոր է: Եթե թիմն իրեն կարող է թույլ տալ խաղալ առջևում, ազատ տարածք ստեղծել ու փոխանցումներ կատարել, ապա զարմանալի կլիներ դրանից չօգտվելը: Հակառակ դեպքում դու մրցակցիդ ես օգնում:

-Դու Շվեյցարիայում ծնված խորվաթ ես։ Կինդ Սևիլյայից է։ Դու սովորում ես կատալոներեն։ Կարելի է ասել՝ կոսմոպոլիտ ես։ Ինչպիսի՞ն են նման մարդու ֆուտբոլային էմոցիաները, երբ շուրջբոլորդ, ասես, խենթացած լինեն։ Օրինակ՝ վերջերս ստիպված եղար փակել Սևիլյայում գտնվող բարդ, քանի որ այն մոտ էր «Բետիսի» մարզադաշտին։ Կամ արձակուրդի ընթացքում խնդիրներ ունեցար խորվաթական ուլտրասի հետ։ Ի՞նչ ես մտածում նման խնդիրների մասին։

-Ուլտրասի պատմությունը հասկանալու համար պետք է սկսել Եվրոպայի առաջնությունից, որտեղ մեր երկրպագուները․․․ Անգամ չգիտեմ՝ արժե՞ է նրանց անվանել «մեր»․․․ Նրանք մեր դեմ հանդես եկան։ Այդ ամենը բացատրելու համար պետք է մի մեծ բաժակ սուրճ լցնեմ և երկար-երկար խոսեմ․․․

Այս մարզաձևը շատ մարդիկ են սիրում։ Դու կարող ես և՛ ուրախացնել, և՛ տխրեցնել երկրպագուներին։ Զգացողություններն աստիճանաբար անցնում են։ Մենք չենք կարող անընդհատ կենտրոնանալ էմոցիաների վրա։ Նրանք, ովքեր խնդրահարույց իրավիճակներ են ստեղծում, հետո հասկանում են, որ իրենց պահվածքով զզվեցնում են, բայց արդեն ուշ է լինում։ Ինքս կարծում եմ՝ ֆուտբոլը պետք է գրավիչ լինի։ Սա մեծ ուժ է, որ պետք է օգտագործել հաճելի զգացողություններ առաջացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում