Սուպերխաղ Եվրոպայի Մ-21 առաջնությունում. Իսպանիան հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում տեղի ունեցավ B խմբի ֆավորիտների` Իսպանիայի ու Պորտուգալիայի միջև հանդիպումը: Բազմաթիվ գոլային պահերով անցած խաղում «ֆուրիա ռոխան» հաղթեց 3:1 հաշվով:

Առաջին կեսի միջնամասում (21-րդ րոպե) հաշիվը բացեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեզը: Իսպանացու՝ միջին տարածությունից կատարած հարվածից հետո անդրադարձ եղավ, ապա գնդակը հայտնվեց դարպասում:

Երկրորդ կեսի սկզբնամասում «Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սելադեսի սաները մի շարք լավ հնարավորություններ ունեին, սակայն չէին կարողանում գրավել դարպասը: Հատկապես լավ պահ ուներ Մարկո Ասենսիոն, ում հարվածից հետո պաշտպանը փակեց դեպի դարպասն ընթացող գնդակը: 65-րդ րոպեին իսպանացիների արագ հակագրոհից հետո Ժերար Դեուլոֆեուն փոխանցում կատարեց «Բարսելոնայի» մեկ այլ սան Սանդրո Ռամիրեսին («Մալագա»), ով մեկ հպումով գրավեց մոտակա անկյունը:

77-րդ րոպեին պորտուգալացիներին հաջողվեց գոլի վերածել իրենց բազմաթիվ հարվածներից մեկը: Անկյունայինի խաղարկումից հետո մոտ 22 մետրից փայլուն հարվածով Կեպա Արիսբալագայի դարպասը գրավեց «ՌԲ Լեյպցիգի» նորեկ Բրուման:

Հանդիպման մնացած ժամանակահատվածը լարված անցավ` ընդհուպ մինչև մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեն, երբ հերթական հակագրոհի ժամանակ Իսպանիայի հաղթանակն ամրապնդեց «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը:

Խմբի մյուս մրցավեճում Սերբիան ու Մակեդոնիան գրանցեցին մարտական ոչ-ոքի` 2:2:

B խմբում 2 տուրերից հետո Իսպանիան ունի 6 միավոր, Պորտուգալիան` 3, իսկ բալկանյան թիմերը` 1-ական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում