Արամ Ոսկանյան․ Ունեմ իմ փիլիսոփայությունը, որը փորձում եմ հասցնել թիմին

Մրցաշրջանի մեկնարկին նախորդած փուլի կարևորությունը հնարավոր չէ թերագնահատել․ ֆիզիկական պատրաստվածություն, տակտիկական փորձարկումներ, նոր ֆուտբոլիստների ինտեգրում․․․ Պատահական չէ, որ մրցաշրջանի ընթացքում թիմերի անհաջող ելույթները հաճախ ներկայացվում են որպես վատ նախամրցաշրջանային փուլի արդյունք։

Նախամրցաշրջանային և նախախաղյա փուլի կարևորության, մարզումային գործընթացի, խաղային տարատեսակ սխեմաների առավելությունների և թերությունների վերաբերյալ Sport.Times.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ։

***

– Պարո՛ն Ոսկանյան, հիմա նախամրցաշրջանային փուլ է: Ի՞նչ կասեք այս շրջանի մասին, ո՞րն է դրա նպատակն ու ի՞նչ ժամկետներ են անհրաժեշտ այն լավագույնս անցկացնելու համար:

– Տարվա մեջ լինում է երկու նախապատրաստական շրջան՝ ամռանը և ձմռանը: Տարբերությունն այն է, որ Հայաստանում ձմեռային փուլն ավելի երկար է: Ամռանն արձակուրդը տևում է գրեթե 20 օր: Այնպես որ՝ ֆուտբոլիստները, կարելի է ասել, չեն հասցնում շատ մարզավիճակ կորցնել: Սակայն մենք արձակուրդի ընթացքում անհատական ծրագիր ենք տալիս ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք զրոյական վիճակով չսկսեն նախամրցաշրջանային փուլը: Հիմա բավականին ժամանակ ունենք մրցաշրջանին լավ պատրաստվելու համար։

– Ըստ Ձեզ, տակտիկական սխեմաների առումով՝ յուրաքանչյուր թիմ պետք է ունենա հստա՞կ սահմանված սխեմա, թե՞ այն կարող է փոփոխվել մրցաշրջանի ընթացքում:

– Յուրաքանչյուր թիմի մասին չեմ կարող ասել, բայց յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունը: Սխեմայի տարբերությունը, իմ կարծիքով, 3 կամ 4 կենտրոնական պաշտպաններ ունենալու մեջ է: Այսինքն՝ եթե դու խաղում ես 4-3-3, 4-1-4-1 կամ 4-2-3-1, դրա մեջ տարբերություն չկա, իսկ եթե անցնում ես 3-4-3-ի կամ 3-5-2-ի, ապա այստեղ կա տարբերություն: Իհարկե, շատ լավ կլինի, որ մարզիչն ունենա ճկուն, ինտելեկտով ֆուտբոլիստներ և հարկ եղած դեպքում խաղա թե՛ 4, թե՛ 3 պաշտպանով սխեմայով: Ես դավանում եմ 4 պաշտպանով խաղային համակարգին: Ճիշտ է, ասում են, որ 3 կենտրոնական պաշտպանով խաղալն ավելի ապահով է, բայց այդ դեպքում դժվար է կառուցվում նրանց փոխկապակցությունը. երկու հոգով ավելի հեշտ են միմյանց հասկանում, քան երեքով։

– Իսկ ինչի՞ց ելնելով եք ընտրում Ձեր թիմի խաղային սխեման․ ֆուտբոլիստների՞ն եք հարմարեցնում դրան, թե՞ հակառակը:

– Այստեղ երկու տարբերակ կա, և հենց նման դեպք պատահեց ինձ հետ «Ալաշկերտը» գլխավորելու ընթացքում: Ես ունեմ իմ փիլիսոփայությունը, իմ խաղային սխեման և ըստ դրա ֆուտբոլիստներ ընտրեցի: Բայց երբ եկա «Բանանց», տրանսֆերային պատուհանը փակ էր, և ես պետք է բավարարվեի թիմում եղած ֆուտբոլիստներով: Այսինքն՝ ըստ նրանց էի ընտրում մարտավարությունը: Հիմա ժամանակ կա, և այս պահին կոնկրետ իմ գաղափարներին համապատասխան ֆուտբոլիստներ եմ փնտրում:

– Մարզումային ծրագրերն ամբողջ մրցաշրջանի համար հստակ սահմանվա՞ծ են, թե՞ մրցաշրջանի ընթացքում հնարավոր են փոփոխություններ:

– Այո, կա մշակված այդպիսի սխեմա, սակայն ես ավելի շատ հաշվի եմ առնում ոչ թե այդ անգիր արածն ու գրածը, որը պետք է մեկ ամիս հետո անել, այլ թիմի ցուցադրած խաղը: Եթե զգում եմ, որ նախորդ խաղում մեզ ինչ-որ բան չհերիքեց՝ թե՛ ֆունկցիոնալ, թե՛ տակտիկական առումով, հաջորդ շաբաթ ավելի շատ ուշադրություն եմ դարձնում կոնկրետ դրա վրա: Շաբաթական ցիկլի մեջ ես կարողանում եմ այդ փոփոխությունները կատարել:

– Իսկ կոնկրետ խաղի պատրաստվելու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր: Ասում են՝ երբ մեկ շաբաթվա ցիկլ է լինում, թիմը տոնուսի մեջ չի լինում, իսկ եթե երեք օրը մեկ պետք է խաղ անցկացնել, թիմը ծանրաբեռնվում է:

– Դա հարաբերական է: Կան մարզիչներ, որոնք նշում են, որ իրենց թիմը չի հասցնում 3 օրում վերականգնվել, բայց ինձ համար տարբերություն չկա: Օրինակ՝ իմ նախկին թիմում՝ «Միկայում», եղել է ժամանակահատված, երբ մենք մեկ ամսում գրեթե 9-10 խաղ ենք անցկացրել և 7-8 հաղթանակ տարել: Բայց շաբաթական ցիկլի դեպքում էլ կարողացել ենք լավ արդյունքներ գրանցել: Այստեղ կարևորն այն է, թե ինչ ձև կնախապատրաստվես: Երբ շաբաթվա մեջ մեկ խաղ պետք է անցկացնես, մի ձև ես պատրաստվում դրան, իսկ երբ հաջորդ շաբաթ երեք խաղ պետք է լինի՝ մի ուրիշ ձև:

– Ինչպե՞ս է կատարվում մրցակցի խաղի վերլուծությունը և ի՞նչ ռեսուրսներ եք օգտագործում դրա համար: Օգտվո՞ւմ եք Instat վերլուծական ծրագրից։

– Այո, մենք օգտվում ենք Instat-ից, բայց ես շատ չեմ հիմնվում այդ փաստերի վրա, որովհետև ես կարող եմ ֆուտբոլիստին հետևյալ առաջադրանքը տալ՝ այնպես խաղա, որ մրցակցի ֆուտբոլիստը դաշտում չերևա, ոչինչ, դու էլ մի խաղա: Այդ դեպքում իմ ֆուտբոլիստի ՏՏԳ-ն (տեխնիկատակտիկական գործողություն – խմբ.) հավասար կլինի 0-ի, բայց չէ՞ որ նա կատարել է մարզչի առաջադրանքը:

Instat-ն ավելի շատ օգնում է այս նախապատրաստական շրջանում, երբ նոր ֆուտբոլիստներ ենք ուզում թիմ հրավիրել: Այս ծրագրի շնորհիվ կարողանում ենք մանրակրկիտ ուսումնասիրել ֆուտբոլիստի որակները: Դուք գիտեք, որ ֆուտբոլիստների գործողություններից բաղկացած բազում վիդեոներ են տեղադրվում Youtube-ում, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ դրանց մեջ հիմնականում լավ դրվագներն են հավաքած: Ինչպես նաև կան կոնկրետ հանդիպումներ, երբ կարող ենք Instat-ի միջոցով վերլուծել մրցակցի խաղը՝ որ եզրով է խաղում, երկար թե միջին փոխանցումներ է կիրառում և այլն: Բացի այդ, ես ունեմ օգնականներ, ովքեր վերլուծում են թե՛ մեր, թե՛ մրցակցի խաղերը:

– Այսինքն՝ ընդհանուր մարզչական շտաբով եք կատարում մրցակցի խաղի վերլուծությունը։

– Պարտադիր: Դրա վրա ավելի շատ կենտրոնացած է իմ օգնականը՝ Սարգսյան Մանուկը, ով թե՛ գրաֆիկական պատկերներով, թե՛ վիդեոհատվածներով վերլուծում է մրցակցի խաղը: Դրանից հետո էլ մենք մարզչական շտաբով քննարկում ենք։ Այդպես ավելի ճկուն ու ռացիոնալ է օգտագործվում ժամանակը:

– Խոսեցիք ֆուտբոլիստների տեխնիկատակտիկական գործողությունների մասին: Կասե՞ք՝ ինչպե՞ս է այն հաշվարկվում և արդյո՞ք այն արտացոլում է ցուցադրած խաղը։

– Տեխնիկատակտիկական գործողությունը ներառում է, թե քանի փոխանցում է կատարել ֆուտբոլիստը, քանի շարժում, քանի անգամ է «բացվել» փոխանցում ստանալու համար, քանի անգամ է գնդակ խլել և այլն: Դրանց ընդհանուր թվից միջին ենք հանում՝ ըստ բանաձևի, բայց չենք կարող նույն գործողությունների մեջ համեմատել հարձակվողին և պաշտպանին: Պաշտպանի վրա ճնշումն ավելի քիչ է: Նա կարող է 10 կամ 20 փոխանցում կատարել, որը տեխնիկատակտիկական գործողություն է, իսկ հարձակվողը կարող է մեկ անգամ «բացվել» և գոլ խփել: Շատ կարևոր է, թե ինչ դիրքի խաղացող է, պետք է ճիշտ հաշվի առնել այդ հանգամանքը:

– Ինչպե՞ս է կազմված խաղին հաջորդող վերականգնողական փուլը: Ի՞նչ առանձնահատկություններ կան:

– Մեր մարզաբազայում հրաշալի պայմաններ ունենք։ Մանավանդ տնային խաղերից հետո, երբ գրաֆիկը խիտ է և 3 օր հետո նորից խաղ ունենք անկացնելու, մենք միանգամից անցնում ենք վերականգնողական գործողություններին: Ովքեր չեն մասնակցել խաղին, համապատասխան ծանրաբեռնվածություն են ստանում, որպեսզի թիմում ընդհանուր մարզավիճակի կայունություն պահպանվի: Իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր խաղ են անցկացրել, միանգամից անցնում են վերականգնողական փուլին՝ լողավազան, սաունա, մերսում: Նորից շատ բան է կախված գրաֆիկից: Եթե 4 օր հետո էլի խաղ ունենք, հնարավոր է, մեկ օր հանգիստ տրամադրվի թիմին, որից հետո նոր կսկսենք պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Բայց երբ զգում ես, որ պետք է տոնուսի մեջ մնա թիմը, ապա հանգիստ չի տրամադրվում: Ֆուտբոլը ճկուն խաղ է, և պետք է ամեն ինչ հաշվի առնել իրավիճակից ելնելով:

– Ինչպե՞ս է կատարվում անցկացրած խաղի վերլուծությունը։

– Ես նորից դիտում եմ խաղը, և իմ օգնականների հետ սկսում եք վերլուծել: Ինչպես արդեն նշեցի, այս հարցում մեծ ծավալի աշխատանք է կատարում Սարգսյան Մանուկը՝ առանձնացնելով այն դրվագները, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Օրինակ՝ խաղի ընթացքում տեսնում եմ, որ լավ չէինք պաշտպանվում կամ ավելի խորը պաշտպանության էինք դիմել, այս բոլոր դրվագների մասին տեղեկացնում եմ Սարգսյան Մանուկին, ով էլ համապատասխան աշխատանք է կատարում: Ավելի շատ ուշադրություն ենք դարձնում իմ տված այն հրահանգներին, որոնք ֆուտբոլիստները չեն կատարել: Լինում են դեպքեր, երբ անհատապես որևէ ֆուտբոլիստի հետ վերլուծում ենք նրա գործողությունները: Մենք դրա համար էլ լավ հնարավորություններ ունենք, քանի որ մենք մեր մարզումները ևս տեսագրում ենք: Կարող ենք որոշակի տակտիկական մարզում անցկացնել, դա տեսագրել և հետո, օգտագործելով այդ տեսանյութերը, բացատրել ֆուտբոլիստին իր սխալները:

– Իսկ ինչպե՞ս եք օգտագործում ընդմիջման 15 րոպեն: Ավելի շատ տակտիկակա՞ն առաջադրանքներ եք տալիս, թե՞ փորձում եք հոգեբանորեն աջակցել Ձեր թիմին։

– Դա կախված է խաղից: Երկու տարբերակներն էլ լինում են: Նախ՝ 5 րոպե ոչինչ չենք խոսում, որպեսզի թիմը շունչ քաշի, հանգստանա: Հետո մարզչական շտաբով քննարկում ենք: Հնարավոր է՝ ոչինչ չասեմ, հնարավոր է՝ նույնիսկ շատ էմոցիոնալ խոսեմ։ Երբեմն որևէ ֆուտբոլիստի անհատապես ցուցումներ եմ տալիս: Ֆուտբոլը թիմային խաղ է, բայց թիմի մեջ անհատներ են: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերես: Մեկին պետք է մի ձև ասես, մյուսի՝ այլ, երրորդին՝ ընդհանրապես չասես: Բնավորության գծեր են, պետք է կարողանաս ճիշտ մոտեցում ցուցաբերել:

– Մարզումների ժամանակ ավելի շատ նախընտրում եք գնդակո՞վ, թե՞ առանց գնդակի՝ ֆիզիկապես ծանրաբեռնող վարժություններ։

– Գնդակով ֆիզիկական ծանրաբեռնված մարզումներ եմ նախընտրում (ժպտում է-խմբ.):

– Այսինքն՝ դրանք հնարավոր է համատեղել։

– Այո, լինում է և նույնիսկ ավելի արդյունավետ է: Վազելու համար մտածել պետք չէ․ սա իմ կարծիքն է, և ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրել: Իսկ երբ ֆուտբոլիստը գնդակով է վազում, սկսում է մտածել: Սա ավելի խաղային է: Կան շատ վարժություններ, որոնք օգտագործում ենք և փորձում ենք դրանց հետ համատեղել որևէ տակտիկական մտքեր: Օրինակ՝ կազմակերպում ենք 6-ը 3-ի դեմ խաղ, որտեղ 3-ը պաշտպաններ են: Մոտ 3-4 րոպե այդ պաշտպանները սկսում են ծանրաբեռնված գործել՝ վազել, մտածել, գնդակով աշխատել: Այս վարժության ընթացքում նաև զարգանում է նրանց օղակային կապերը, այսինքն՝ համագործակցության մակարդակը բարձրանում է: Նմանատիպ մի շարք վարժություններ կան, որտեղ համատեղում ես ֆունկցիոնալն ու տակտիկականը, ինչպես նաև գնդակով աշխատանքն ու տեխնիկան:

– Դուք հնարավորություն եք ունեցել աշխատելու իսպանացի մարզիչների հետ: Ի՞նչ գիտելիքներ տվեց դա Ձեզ ֆուտբոլային տակտիկայի տեսանկյունից:

– Յուրաքանչյուր մարզչից կարող ես ինչ-որ բան վերցնել, եթե դա քոնն է: Օրինակ՝ նրանք շատ էին փորձարկում սխեմայի փոփոխությունները՝ նույնիսկ խաղի ընթացքում, բայց ես դրա կողմնակիցը չեմ: Իսպանացի մարզիչների օրոք կարող էր մի խաղի ընթացքում սխեման 3-ից 4 անգամ փոփոխվել: Ես, եթե նույնիսկ ցանկանում եմ փոխել սխեման, ապա դա անում եմ հաջորդ խաղի ժամանակ: Կամ երբեմն պետք է լինում «վա բանկ» գնալ խաղավերջում, այդ ժամանակ կարող եմ որևէ ռիսկային տարբերակ կիրառել:

Նրանց մոտ շատ դրական բաներ կային, որոնք, իհարկե, յուրացրել եմ, սակայն ունեմ իմ փիլիսոփայությունը, որն էլ փորձում եմ հասցնել թիմին: Բայց կրկնեմ՝ շատ լավ գաղափարներ ունեին: Օրինակն այսպես ներկայացնեմ՝ դու ունես մի քանի համեղ ուտեստ, բայց առավոտյան չես կարող խորոված ուտել: Ամեն ինչ պետք է բալանսավորված լինի:

– Պարո՛ն Ոսկանյան, շատ մարզիչներ ֆուտբոլում տակտիկական տեսանկյունից այլ սպորտաձևերից հնարքներ են կիրառում: Դուք այդպես վարվու՞մ եք։

– Իհարկե: Օրինակը բերեմ բասկետբոլի հետ կապված: Ինչպես բասկետբոլում, այնպես էլ ֆուտբոլում մրցակիցն ու գնդակը իրար մոտ են գտնվում: Այդ իսկ պատճառով, ես միշտ շեշտում եմ, որ փոխանցում կատարելիս գնդակը պետք է հասցեագրել խաղընկերոջ հեռու ոտքին: Դա ավելի ապահով է, իսկ շարունակությունն ավելի արդյունավետ: Այս քայլը շատ լավ կարողանում են կատարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որովհետև այնտեղ փոխանցման ճշգրտությունը բարձր մակարդակի վրա է:

Այս հարցերից հետո, Արամ Ոսկանյանն օրինակներով ներկայացրեց խաղային սխեմաների առավելությունները, թերությունները, որոնք ներկայացված են հարցազրույցի երկրորդ մասում։

 

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում