Կոնֆեդերացիաների գավաթ․ B խմբի առաջատարները հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գերմանիա – Չիլի խաղով ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրը։

Կազանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Արդեն 6-րդ րոպեին Բունդեսթիմի պաշտպանության անփույթ խաղի արդյունքում Ալեքիս Սանչեսն առաջ մղեց Չիլիին։ Այս գոլը Սանչեսի համար 38-րդ էր ազգային ընտրանու կազմում։ 28-ամյա ֆուտբոլիստը, ով 2006 թվականից է հանդես գալիս Չիլիի հավաքականում, դարձավ իր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Մարսելո Սալասին, ով 1994-2007 թվականների ընթացքում 37 գոլ էր խփել։

Յոահիմ Լյովի սաները հաշվի հավասարությունը վերականգնեցին առաջին խաղակեսի վերջնամասում․ 42-րդ րոպեին Հեկտորի փոխանցումից հետո աչքի ընկավ Լարս Շտինդլը։

Երկրորդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1. Չիլի — 4 միավոր 
2. Գերմանիա — 4 
3. Ավստրալիա — 1
4. Կամերուն — 1 

Հավելենք, որ հունիսի 25-ին կայանալիք երրորդ տուրում Գերմանիան խաղալու է Կամերունի հետ, իսկ Չիլին՝ Ավստրալիայի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում