Եվրո-2017. Անգլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայտնի է կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։

Երրորդ տուրում Անգլիան 3։0 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ, գլխավորեց A խումբը և ապահովեց իր տեղը կիսաեզրափակչում։ Էյդի Բուտրոյդի սաների այսօրվա հաղթանակում մեծ ներդրում ունեցավ Դեմարայ Գրեյը, ով նախ գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, ապա արդյունավետ փոխանցում կատարեց Ջեյկոբ Մերֆիին։ Անգլիացիները պաշտպանությունում իդեալական հանդիպում չանցկացրին, սակայն Լեհաստանի հավաքականը ոչ միայն չօգտվեց մրցակցի սխալներից, այլև երրորդ գոլը բաց թողեց․ 82-րդ րոպեին Լյուիս Բեյկերն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Սլովակիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Շվեդիային։ Սլովակները զբաղեցրին A խմբի երկրորդ հորիզոնականը և պայքարը շարունակելու հնարավորություն կստանան միայն 3 խմբերի երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների միջև լավագույն արդյունքն ունենալու դեպքում։

Եվրոպայի երիտասարդական առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր

Անգլիա – Լեհաստան՝ 3։0
Գոլերը՝ Գրեյ 6՛, Մերֆի 69՛, Բեյկեր 82՛
Հեռացում՝ Բեդնարեկ 82՛

Սլովակիա – Շվեդիա՝ 3։0
Գոլերը՝ Խրիեն 5՛, Միխալիկ 22՛, Շատկա 73՛

А խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը՝

1. Անգլիա — 7 միավոր
2. Սլովակիա — 6
3. Շվեդիա — 2
4. Լեհաստան — 1

Հավելենք, որ հունիսի 23-ին կայանալու են B խմբի երրորդ տուրի՝ Սերբիա – Իսպանիա, Մակեդոնիա – Պորտուգալիա հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում