Խաղային սխեմաների առավելություններն ու թերությունները. բացատրում է Արամ Ոսկանյանը

Sport.Times.am-ին տված հարցազրույցի երկրորդ մասում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ներկայացրեց խաղային սխեմաների առավելություններն ու թերությունները: Ավելի լավ պատկերացում կազմելու համար 41-ամյա մասնագետն օրինակներ բերեց «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Չելսիից»: Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

– Եզրային և կենտրոնական պաշտպանի միջև սահմանված հեռավորություն կա՞: Այսինքն, եթե մրցակցի գրոհի ժամանակ աջ պաշտպանը լքում է իր դիրքը, ապա պետք է կենտրոնական պաշտպանները վերադասավորվե՞ն։

– Դա կախված է նրանից, թե որտեղ է գնդակը: Փորձեմ սխեմայի վրա բացատրել։

(Պարոն Ոսկանյանից որոշ տակտիկական նյուանսներ պարզելու համար վերցրել էի մի քանի սխեմաների նկարներ: Երբ մարզիչն առաջարկեց դրանց վրա բացատրել, պարզվեց՝ նա նախընտրած սխեման 4-1-4-1-ն է)։



Երբ գնդակն այդ դիրքում է (նկար 1, x-գնդակ), տեղաշարժվում են ոչ թե կենտրոնական պաշտպանները, այլ հենակետայինը:



Իսկ երբ գնդակն այս դիրքում է (նկար 2), ապա իմ փիլիսոփայության համաձայն՝ ֆուտբոլիստները դասավորվում են հետևյալ կերպ՝ թեքված վիճակում գտնվող ռուսերեն Г տառի տեսքով:



Ինչո՞ւ այս ձևով, այլ ոչ մի գծով։ Որովհետև մենք ունենք դարպասպահ, ով կառավարում է տվյալ հատվածը, իսկ նրանից աջ գտնվող ֆուտբոլիստը փակում է մոտակա անկյունը: Վերադառնալով պաշտպանների միջև եղած հեռավորությանը՝ ասեմ, որ կախված գնդակի դիրքից՝ այն կարող է լինել 8-ից 10 մետր, կամ առավելագույնը՝ 15 մետր:

– Պարո՛ն Ոսկանյան, օրինակ՝ Լոնդոնի «Չելսիի» անցկացրած խաղերից երկուսում Էդեն Ազարի դեմ կիրառում էին անհատական հսկողություն: Նախ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում նրան հսկում էր Անդեր Էրերան, իսկ «Չելսի» – «Էվերթոն» խաղում՝ Իդրիսա Գանա Գուեյեն: Ի՞նչ ռիսկեր կան այսպիսի մարտավարություն կիրառելու ժամանակ։

– Ռիսկերը քիչ են: Սխեման կարելի է ասել դրանից չի տուժում: Դա մարտավարություն է, որը կիրառելու ժամանակ կարելի է մյուս ֆուտբոլիստի շնորհիվ փակել բաց մնացած դիրքը: Օրինակ՝ եթե հենակետային ֆուտբոլիստն առաջադրանք ունի մրցակցի որևէ խաղացողի անհատապես հսկելու, ապա, ըստ նրա տեղաշարժի, անհրաժեշտության դեպքում կենտրոնական պաշտպաններից մեկը բարձրանում է վերև և փակում է դիրքը (նկար 3): Կամ կարող ես երկու հարձակողական ոճի կիսապաշտպաններից մեկին իջեցնել ներքև: Այստեղ արդեն պետք է հաշվի առնել ֆուտբոլիստների որակները:



– Իսկ մրցակցի ստանդարտ դիրքերի ժամանակ ո՞ր տարբերակն եք նախընտրում՝ անհատակա՞ն, թե՞ դիրքային պաշտպանություն:

Այս հարցի պատասխանն ավելի լավ մատուցելու համար Արամ Ոսկանյանը ցուցադրեց գրաֆիկական պատկերներ։

– Մինչև 19 տարեկանների հավաքականում օգտագործում էինք միքս տարբերակը, այսինքն՝ 4 հոգի դիրքային, 3 հոգին էլ անհատապես հսկում էին մրցակցի խաղացողներին: Իսկ «Բանանցում», կախված մրցակցից, հնարավոր են փոփոխություններ: Օրինակներից մեկը սա է.

Բայց եղան նաև դեպքեր, երբ այս տարբերակն օգտագործելու ընթացքում հասկացանք, որ մրցակցի ֆուտբոլիստներին լիովին չենք կարողանում կառավարել: Դրա համար էլ փոխեցինք այն: Երբ մրցակցի ֆուտբոլիստները երկրորդ հարկում լավ են հանդես գալիս, կարելի է օգտագործել դիրքային պաշտպանությունը, քանի որ մեկը մեկի դեմ պայքարում հաղթում է նա, ով ավելի ուժեղ է: Այդ իսկ պատճառով թիմը պետք է ճկուն լինի, որպեսզի նմանատիպ փոփոխությունները հնարավոր լինի կատարել անմիջապես խաղի ընթացքում:

– Վերջում մի քանի բառով կներկայացնե՞ք այս խաղային սխեմաների կառուցվածքը, դրական ու բացասական կողմերը: Սկսենք 4-2-3-1 -ից։

– Ոչ թե 4-2-3-1, այլ 1-4-2-3-1, քանի որ դարպասապահն էլ է ֆուտբոլիստ (ժպտում է-խմբ.):



Սա ավելի ապահով համակարգ է, քանի որ ազատ տարածությունները դիրքերի միջև ավելի քիչ են, քան, օրինակ, 4-1-4-1 -ի դեպքում: Սրա դեպքում հենակետայինի դիրքում ազատ գոտիներ են մնում: Յուրաքանչյուր սխեմա ունի իր ուժեղ և թույլ կողմերը:

Կոնկրետ 4-1-4-1-ի դեպքում սա է թույլ կողմը, իսկ ահա 4-2-3-1-ն ամենաբալանսավորվածն է: Եզրային կիսապաշտպանները փոքր-ինչ նահանջում են և, կարելի է ասել, որ սխեման դառնում է 4-4-1-1: Պաշտպանության ժամանակ այս սխեման կարող է փոփոխվել նաև 4-4-2-ի: Սրա ճիշտ օգտագործման դեպքում ազատ գոտիներ գրեթե չեն մնում: Եթե հնարավորություն լինի կենտրոնական հատվածում ընտրելու երկու այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր հավասարաչափ լավ կարողանում են և՛ գնդակ խլել, և՛ գրոհ կազմակերպել, ապա այս համակարգը դառնում է գրեթե իդեալական:

Եթե մրցակիցը խաղում է 3 պաշտպանով, ապա լավ տարբերակ է դրա դեմ օգտագործել 4-1-4-1-ը: Նույնը կարելի է կիրառել 4-2-3-1 ի դեմ, երբ մեր հենակետայինը աշխատում է մրցակցի ենթահարձակվողի հետ, իսկ մեր ենթահարձակվողները՝ մրցակցի հենակետայինների:

-Անդրադառնանք 4-3-3-ին…

-Սա ավելի հարձակողական համակարգ է:

Բայց այս սխեմայի մեջ եզրային կիսապաշտպանների դիրքում պետք են ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք յուրաքանչյուր պահի կկարողանան ապահովագրել խաղընկերներին: Ու եթե ունես երեք լավ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ, ապա կարող ես նրանց ազատություն տալ, սակայն այդ բացը պետք է լրացնեն եզրային կիսապաշտպանները: Այս համակարգը ևս հեշտությամբ կարող է փոփոխվել 4-1-4-1-ի, երբ եզրային հարձակվողները փոքր ինչ նահանջեն դեպի կենտրոն: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների խաղային որակներից:

– Ի՞նչ կասեք 3-4-3 -ի մասին։

-Սա հիմա ամենաքննարկվող խաղային համակարգն է ֆուտբոլում՝ շնորհիվ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեի:



– Բայց, ինձ թվում է, որ այս սխեման թերություններ ունի։

-Իհարկե ունի, նույնիսկ մի քանիսը: Սակայն կոնկրետ «Չելսիում» հիանալի են գործում աջ և ձախ կենտրոնական պաշտպանները: Նրանք կարողանում են փակել եզրերը, իսկ երկու հենակետային կիսապաշտպանները շատ մեծ ծավալի աշխատանք են կատարում:

Պաշտպանության ժամանակ ամենաքիչը 4 ֆուտբոլիստ կա՝ 3 կենտրոնական պաշտպան և մեկ հենակետային կիսապաշտպան: Դա այն դեպքում, երբ հենակետայիններից մեկը չի հասցրել նահանջել: Անկախ ամեն ինչից, ինչ իրավիճակ էլ որ լինի, 4 ֆուտբոլիստներ պետք են մնան պաշտպանվելու համար՝ մրցակցի հակագրոհների դիմակայելու համար: Այս տարբերակը կիրառում եմ նաև ես: Ամենաքիչը 4 հոգի պետք է մնան հետևում: Հազվագյուտ դեպքերում, երբ պետք է ամբողջ ուժերը կենտրոնացնել գրոհելու վրա, նրանցից մեկը կարող է առաջ գնալ:

Բացի այդ, շատ մեծ դերակատարում ունեն եզրային կիսապաշտպանները, ովքեր պատասխանատու են ամբողջ եզրի համար թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս: Իսկ երբ չեն հասցնում նահանջել, ապա նրանց ապահովագրում են հենակետային կիսապաշտպանները, որոնց հնարավոր չէ չեզոքացնել։ Ինչպե՞ս չեզոքացնել նրանց, եթե այս երկուսը գրեթե միշտ առանց գնդակի են: Նրանք անընդհատ սպասման մեջ են: Նրանք խաղ կառուցողները չեն, որ հնարավոր լինի չեզոքացնել և զրկել գնդակից: Այս երկու ֆուտբոլիստների առաջնային նպատակն է մրցակցից գնդակ խլելը:

– Եվ վերջում մի քանի խոսք էլ 4-4-2-ի մասին։

– Սա սկանդինավյան, բրիտանական թիմերի սիրելի համակարգն է՝ ավելի դասական:

Կարևոր է, որ երկու հարձակվողները տարբեր խաղաոճ ունենան: Այսինքն՝ մեկը լինի արագավազ, մյուսը կարողանա լավ խաղալ երկրորդ հարկում: Այս համադրությունն ավելի արդյունավետ է: Այստեղ ամեն ինչ ավելի պարզ է ու հստակ: Մյուս սխեմաներին եթե նայենք, շատ են տեղաշարժերը, իսկ 4-4-2-ի դեպքում երկու դիրքերը գիծը պահելով հստակ փոխկապակցված խաղում են: Սա այն համակարգն է, որը երբեք չի հնանա:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում