«Շուտով կհասկանաք, որ նա ցանկանում է ստեղծել աշխարհի լավագույն թիմը». Մոուրինյուի դասախոսությունը

Ապագա մարզիչ 24-ամյա Պետեր Սկոգսլետենը Լիսաբոնի համալսարանի մարզական ֆակուլտետում ներկա է եղել «Բենֆիկայի» ու «Պարի Սեն Ժերմենի» ներկայացուցիչների դասախոսություններին: Նա հնարավորություն է ունեցել լսելու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և այդ մասին հրապարակում է պատրաստել, որի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Մինչ նստած էինք մեր տեղերում, նա մի քանի անգամ ներս մտավ ու դուրս եկավ լսարանից: Ողջունեց մեզ շատ բաց ու հասարակ: Գիտեինք, որ փորձում էր կենտրոնանալ ու ինքներս էլ մի փոքր նյարդային էինք»,- պատմում է Սկոգսլետենը:

Ծրագրավորման վարպետ

«Մոուրինյուն սկզբում կարող է բարդ թվալ, բայց մի փոքր շփվելուց հետո նա մեզ այլ կողմից ներկայացավ: Քչերը նրան այդպիսին կպատկերացնեն: ԶԼՄ-ներում նրան որպես մեծամիտ մարդու են ներկայացնում, բայց մենք հիանալի անձնավորության տեսանք: Նա ոչ ոքի չմերժեց ինքնագրի կամ լուսանկարի հարցում: Դասախոսությունից հետո կարող էինք հարցեր տալ, բայց բոլորս այնքան հիացած էինք նրա ներկայությամբ, որ ուղղակի կորցրել էինք մեզ։

Մոուրինյուի հետ անցկացրած օրն ուղղակի հիասքանչ էր: Հանդիպեցի այն մարզչին, ում կարիերան ամենաշատն է տպավորել ինձ: Եթե հանդիպումը մեկ բառով նկարագրելու լինեմ, ապա կասեմ՝ «ֆանտաստիկ էր»»,- ներկայացնում է Սկոգսլետենը։

Դասախոսության հիմնական թեման Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Այաքս» խաղն էր: Ուսանողներն իմացան, թե Մոուրինյուն ինչպես էր պատրաստվել հաղթական հանդիպմանը։

«Հանդիպման նախորդ 3 օրերին նա ուսումնասիրել է «Այաքսի»՝ հատկապես պաշտպանության խաղը, ուշադրության կենտրոնում պահել ստանդարտները: Հետո մտքերը հայտնել է թիմին, կարճ տեսանյութեր ցուցադրել, ապա անցել պրակտիկ գործողությունների: Ֆուտբոլիստներին «Այաքսի» այս կամ այն խաղացողի գործողությունները պատկերող լուսանկարներ է բաժանվել, որպեսզի ուսումնասիրեն ու պատրաստ լինեն ցանկացած անակնկալի»:


Պետեր Սկոգսլետենը և Ժոզե Մոուրինյուն

Կանգնեցնել «Այաքսին»

«Այաքսին» հաղթելու համար Մոուրինյուն ոչ մի մանրուք բաց չէր թողել:

«Ամեն ինչ ուշադրության կենտրոնում էր՝ մրցակցի ֆուտբոլիստների հասակը, նրանց դիրքերը նախքան խաղի այս կամ այն պահին կատարվող փոփոխությունները: Նա շատ էր կենտրոնացել մրցակցի վրա»։

Տպավորություններով կիսվելով՝ Սկոգսլետենը նշում է, որ Մոուրինյուն «Այաքսի» դանիացի աստղին վնասազերծելու ծրագիր էլ ուներ․ Կասպեր Դոլբերգն ամբողջությամբ ուսումնասիրվել էր։ Անկախ նրանից, որ Մոուրինյուն հասկացել էր, թե ինչպես պետք է կանգնեցներ «Այաքսին», նա գիտակցում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գրոհեր: Նրա առաջ Մարկուս Ռաշֆորդին մրցակցի պաշտպաններից առավելագույնս ազատելու և Մարուան Ֆելայինիի ֆիզիկական կարողություններն օգտագործելու խնդիր էր դրված:

Խելացի Էրերան

Մոուրինյուն շատ բարձր կարծիք ունի Անդեր Էրերայի մասին:

«Մոուրինյուն շատ էր պատմում Էրերայի մասին։ Նրան համարում է իր կարիերայում հանդիպած ամենախելացի ֆուտբոլիստներից մեկը: Մոուրինյուն խոսեց եզրափակչի բեկումնային պահի մասին: Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ պահն ըստ ծրագրի տեղի չի ունեցել»:

Խաղից առաջ Ժոզեն հասկացրել է, որ «Այաքսի» հակագրոհներիի դեպքում Հենրիխ Մխիթարյանը պետք է գնդակը խլողների մեջ առաջիններից մեկը լինի։

«Հանկարծ Էրերան Մխիթարյանին դարպասապահի դիմացի պաշտպանի դիրքն ուղարկեց ու ինքը տեղափոխվեց հայ կիսապաշտպանի դիրք: Մոուրինյուն պատմեց, որ գոհ չի եղել դաշտում կատարվելիք գործողություններից ու ընթացքում բղավել է. «Գրողը տանի, ի՞նչ է կատարվում»:

Ավելի ուշ մարզիչը հասկացել է, որ Էրերան նկատել էր այն, ինչ ինքը բաց էր թողել:

«Պարզվեց, որ Էրերան իր վրա էր վերցրել այդ պահի պատասխանատվությունը: Մխիթարյանն արդեն դեղին քարտ ուներ: Եթե «Այաքսն» անսպասելիորեն հակագրոհ սկսեր, ապա Հենրիխը ստիպված էր լինելու խախտում թույլ տալ, ու թիմը կարող էր տուժել»:

Հնարավոր դժբախտությունից առաջ Էրերան նպաստեց Մխիթարյանի գոլին:

«Մոուրինյուն ասաց, որ շատ ուրախ է այնպիսի ֆուտբոլիստներ ունենալու համար, ովքեր կարող են ինքնուրույն վերահսկել իրավիճակն ու հարմարվել խաղի ընթացքին»,- շարունակում է Պետեր Սկոգսլետենը։

Շփոթված Մոուրինյուն

Դասախոսությունն ավարտելուց հետո ուսանողները հարցեր տալու հնարավորություն ունեին: Պետերը մոտեցավ խոսափողին և Ժոզեին անհարմար իրավիճակի մեջ դրեց:

«Երբ «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին մրցաշրջանի մասին հարցրի, Մոուրինյուն իրեն անհարմար զգաց ու պետք է զգուշորեն ընտրեր բառերը: Նա նշեց, որ մրցաշրջանի մեկնարկին իր առաջ մեծ նպատակներ էր դրել, իսկ ընթացքում ստիպված էր փոխել առաջադրանքները, որպեսզի խաղացողներն իրենց վստահ զգային: Դա շատ կարևոր պահ էր թիմի հետ աշխատանքում»:

54-ամյա մասնագետը չթաքցրեց, որ իր ֆուտբոլիստները չէին համապատասխանում ակումբի մակարդակին:

«Նա նկատի ուներ, որ եթե ֆուտբոլային աշխարհում ակումբի կարգավիճակին նայելու լինենք, իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները չէին համապատասխանում սպասելիքներին: Նրան ժամանակ է հարկավոր ցանկալի թիմ կառուցելու համար»,- նշում է Սկոգսլետենը։

Իհարկե, ուսանողները փորձեցին իմանալ, թե հաջորդ մրցաշրջանում ո՞ւմ է պետք սպասել «Օլդ Թրաֆորդում»:

«Նա կցանկանար ամռանը թարմ արյամբ զինել թիմը: Ասաց, որ շուկա է դուրս եկել «թարմ արյուն» գտնելու համար: Պարտադիր չէ, որ երիտասարդ ֆուտբոլիստներ լինեն: Կարևորը, որ բավարարեն իր պահանջները: Ի դեպ, նրա ժեստերին ուշադրություն դարձնելիս տպավորություն ունեցա, որ ստում է։ Պետք է ուղղակի տեսնեիք, թե ինչպես էր այդ մասին խոսում: Նա շատ քաղաքակիրթ էր ու ժպտում էր: Շուտով կհասկանաք, որ նա ցանկանում է կառուցել աշխարհի լավագույն թիմը»:

Հիմնադիրը

Շատերը Մոուրինյուին ինքնահավան են համարում, բայց պորտուգալացին սեփական մոտեցումն ունի այդ հարցի վերաբերյալ։

«Նա շատ խոսեց այդ մասին։ Ասաց, որ շատ է աշխատել խիստ ու սեփական ձգտումներ ունեցող մարզիչ դառնալու համար: Նա փորձելու է շտկել թերությունները, որպեսզի ավելի լավ պատրաստվի ցանկացած մրցակցի դեմ հանդիպմանը»:

Շատերը Մոուրինյուին համարում են այնպիսի մարզիչ, ով ցանկանում է ամեն ինչ իր ուզածով անել։ Իսկ 54-ամյա պորտուգալացին հավատում է, որ շատ է փոխվել մարզչական աշխատանք կատարելու տարիներին:

«Մենք մանրամասն խոսեցիք «հիմնադիր, կառուցող մարզիչ» լինելու մասին: Որպես ուժեղ հիմնադիր՝ կարող եք հիանալի մարզիչ լինել և ունենալ սեփական փիլիսոփայությունը: Դրա հետ մեկտեղ, Մոուրինյուն կարծում է, որ շատ է փոխվել երիտասարդ տարիների համեմատ»,- պարզաբանում է Սկոգսլետենը:

Նա ինքն ասել է, որ երբ հայացք է գցում երիտասարդ Մոուրինյուին, անխիղճ մեկին է տեսնում: Զգում է, որ վերջին տարիներին ավելի բաց է ամբողջ աշխարհի համար: Չպետք է մոռանալ, որ պորտուգալացին ընդգծում է արդյունքի կարևորությունը՝ անկախ նրանից, թե որքան ցինիկ մոտեցում է պահանջում դրա կատարումը:

«Նա այլևս չի կենտրոնանում իմաստուն բաներ անելու վրա: Ամեն ինչ պետք է հասարակ լինի, գործնական ու հասկանալի: Քանի դեռ ցանկալի արդյունք եք ստանում, ավելորդ խնդիրներ չեք ունենա»:

Դա հասկանալով՝ պորտուգալացին մի քանի գործոն նշեց, որոնց շնորհիվ ավելի հաջողակ է դարձել:

«Նա խոսում է ակադեմիական կրթության կարևորության մասին, քանի որ դա օգնում է հասկանալ սպորտի սկզբունքները, էմոցիաները, հոգեբանությունն ու ֆուտբոլային գիտությունն առհասարակ: Նա կարծում է, որ դա ամենակարևոր գործոններից, որի շնորհիվ էլ հաջողության է հասել»,- ասում է Սկոգսլետենը:

Հետգրություն

Ամեն դեպքում Սկոգսլետենն ինքն էլ լարվածություն էր զգում լեգենդար մարզչի կողքին: Լսարանի ճանապարհին անսպասելի բան էր տեղի ունեցել:

«Այդ օրն այդ լսարանում արդեն ունեցել էինք պարապմունքներ, բայց ինձ հետ պարտադիր պետք է անհավատալի ինչ-որ բան տեղի ունենար: Մոուրինյուն բոլոր ուսանողներից առաջինն ինձ հանդիպեց: Մինչ լսարան էի մտնում, տեսա նրան սանհանգույցից դուրս գալիս: Ուղղակի ապշած էի»:

Նորվեգացի ուսանողը լսարան տանող ճանապարհին քայլում էր աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկի կողքով: Շուտով տղան զգաց այն ամբողջ ուշադրությունը, որ սովորաբար Մոուրինյուն է զգում:

«Պորտուգալական մամուլի ներկայացուցիչները հավաքվել էին շենքում ու մի պահ բոլորը դեպի նա ուղղվեցին: Ես նրա թիկունքում էի, իսկ լրագրողները շարունակում էին լուսանկարել: Փորձեցի արագ հեռանալ նրանց դիտակետից»,- զգացողություններով կիսվում է ապագա մարզիչը:

Ով գիտի, գուցե մի օր Պետերն էլ համալրի ուժեղագույնների շարքը․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում