Ասենսիո. Ամենօրյա աշխատանքի դեպքում «Ռեալի» «հրեշը» չի ուտի քեզ

«Ռեալի» տաղանդավոր կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մադրիդյան ակումբում հաջող մրցաշրջանի ավարտից հետո հարցազրույց է տվել «Marca»-ին՝ խոսելով Չեմպիոնների լիգայում իր առաջին հաղթանակի, Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքի և այլ հետաքրքիր թեմաների մասին: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

-Եթե անցյալ օգոստոսին՝ Եվրոպայի Սուպերգավաթի «Սևիլյայի» դեմ խաղում, Ձեզ ասեին, որ այսպիսին էր լինելու գալիք մրցաշրջանը, կհավատայի՞ք:

-Այո, քանի որ երբ խաղում ես «Ռեալի» պես թիմում, բոլոր տիտղոները նվաճելու հույս ես ունենում: Նույնը հավաքականին է վերաբերում. մեր առաջ լուրջ մարտահրավեր է՝ կփորձենք Եվրոպայի երիտասարդական առաջնության գավաթը տուն բերել:

-Երեքշաբթի արթնացաք ու տեսաք, որ «Marca»-ի շապիկին եք….

-Մրցաշրջանի հիանալի ամփոփում էր: Այս տարին իրոք ինձ համար լավագույնս ընթացավ։ Ես շատ բան ապրեցի, շատ բան սովորեցի ու հասունացա:

-Ի՞նչ զգացողություններ ունի 21-ամյա տղան:

-Փորձում եմ ամեն ինչին առավելագույնս բնական արձագանքել: Երբ այսպիսի հանճարեղ ակումբում ես խաղում, ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում՝ կարևոր խաղեր ամեն երեք օրը մեկ, ու գրեթե ժամանակ չունես հաճույք ստանալ կատարվելիքից:

-Իրո՞ք այն նույն Մարկո Ասենսիոն եք, ինչ եղել եք նախքան «Ռեալ» տեղափոխվելը:

-Այո, քիչ բան է փոխվել: Իհարկե, կյանքի ցանկացած իրավիճակ քեզ ինչ-որ բան է սովորեցնում, ու չեմ կարող լիովին նախկինը լինել, չէ՞ որ շատ բան եմ ապրել։ Հաղթել եմ թիմի հետ, բայց նույն կերպ եմ ժպտում:

-Ի՞նչ զգացիք՝ Չեմպիոնների լիգայի գավաթը Ձեր ձեռքն առնելով:

-Խաղից մեկ օր առաջ պատկերացնում էի, որ կհաղթեինք ու կկարողանայի գավաթի հետ լուսանկարվել: Այն ձեռքերում պահելը երազանքի իրականացում է, դրա մասին մանկուց եմ երազել: Անհավատալի զգացողություն էր գավաթը ձեռքերում պահած դաշտում գտնվելը, այն էլ այսքան երիտասարդ տարիքում:

-Կարող եք հաջողության հասնել նաև Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

-Այս տարին հարուստ է տիտղոսներով։ Մենք նվաճեցինք Եվրոպայի Սուպերգավաթը, ապա Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթեցինք, Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում… Մեզանից յուրաքանչյուրը թիմի կարևորագույն մասն է իրենց զգացել:

-Տպավորություն էր, թե Չեմպիոնների լիգայի եզրափակչում նույնքան հանգիստ էիք, որքան Իսպանիայի գավաթի՝ «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ խաղում: Մի՞շտ եք այդպիսին:

-Դաշտում չեմ նյարդայնանում, չէ՞ որ ամբողջ կյանքում ֆուտբոլ եմ խաղում: Խաղերից առաջ, բնականաբար, որոշակի լարվածություն եմ զգում ու անհանգստանում եմ, բայց դաշտում ամեն ինչի մասին մոռանում եմ ու մտածում եմ միայն ֆուտբոլի մասին:

-Ցանկանում եք ասել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսի» դեմ խաղացող ֆուտբոլիստը խաղն այնպես է ընկալում, ինչպես մանկության տարիների՞ն:

-Դե այո, երբ դաշտ եմ դուրս գալիս, ոչ մի նպատակի մասին չեմ մտածում, ոչ էլ հաղթելու մասին։ Պարզապես ցանկանում եմ վայելել պահը և լավ ելույթ ունենալ: Միշտ պատասխանատու եմ ու առավելագույնս եմ նվիրվում, բայց անգամ այդքան ջանք թափելով՝ կարելի է հաճույք ստանալ։ Հենց այդպիսին եմ տեսնում հաղթանակի ճանապարհը:

-Սովորե՞լ եք, որ փողոցում ճանաչում են Ձեզ:

-Սկզբում շատ էի ամաչում: Երբ ընկերներիս հետ արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ լինելու ժամանակ քայլում էր Պալմայի փողոցերով, մարդիկ կանգնեցնում էին ու հարցնում, թե ես Մարկո Ասենսիոն չե՞մ: Ես ամաչում էի ու ասում, որ ուղղակի նման եմ նրան: Ընկերներս հարցնում էին, թե ինչու էի այդպես վարվում: Ժամանակի հետ սովորեցի, որ ճանաչում են ինձ ու հիմա նորմալ եմ ընդունում:

-Քայլո՞ւմ եք Մադրիդում, թե՞ շատ է ուշադրությունը:

-Շատ եմ սիրում զբոսնել։ Իհարկե, մարդիկ ավելի շատ են սկսել ճանաչել ինձ ու դրանում մի փոքր դժվարություն կա, բայց երբ ստացվում է, գնում եմ ընթրելու կամ կինոթատրոն։ Այո, մարդիկ մոտենում են, բայց ուրախ եմ ուշադրություն դարձնել նրանց:

-Զիդանի հետ շատ եք խոսել քիչ խաղաժամանակ ստանալու մասին: Ինչպիսի՞ն է արդյունքը:

-Այո, խոսել ենք: Ասել է, որ դեռ երիտասարդ եմ ու պետք է շատ աշխատեմ։ Ամեն ինչ դեռ առջևում է: Այդպես էլ եղավ. ես ստացա իմ հնարավորությունը մրցաշրջանի եզրափակիչ հատվածի կարևոր խաղերում։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի՝ թիմին օգնել հաղթել ու տիտղոսներ նվաճել:

-Ասում են, որ Ֆլորենտինո Պերեսը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ տարակուսել է, երբ Զիդանն ասել է, որ Ասենսիոն պետք է մնա ու կարևոր ֆուտբոլիստ դառնա թիմի համար․․․

-Չգիտեի: Մարզչի հետ խոսել եմ այդ խաղից առաջ, ու նա ասել է ինձ, որ մնալու եմ: Ինձ համար դա մեծ թեթևություն էր։ Զգացի, որ Զիդանը վստահում է ինձ ու խաղաժամանակ եմ ունենալու մրցաշրջանի ընթացքում: Շատ ուրախ էի, որ մնալու եմ, դա հանգստացրեց ինձ:

-Ի՞նչ զգացողություն է, երբ աշխատում ես մանկությանդ կուռքի հետ։ Կուռք, ով այսօր քո մարզիչն է:

-Հիասքանչ է։ Ես իսկապես հիացած էի Զիդանով, հետևում էի նրա խաղերին, նրա նկարներն ունեի: Ինձ համար նրա հետ աշխատելն անհավատալի բան է, ինձ դուր են գալիս նրա խորհուրդները: Մարզումների ժամանակ նա խաղում է մեզ հետ, նա դեռևս բարձր մակարդակ ունի: Որևէ մեկը չի փորձում առաջ անցնել նրանից, որպեսզի չբարկացնի (ծիծաղում է):

-Փորձե՞լ եք Ձեզ Զիդանի փոխարեն պատկերացնել ու զգալ, թե ի՞նչ բան է Իսկոյին, Խամեսին, Կովաչիչին ու Ասենսիոյին խաղից դուրս թողնելը…

-Իհարկե, երբ շարքից դուրս ես մնում, փորձում ես հասկանալ մարզչին, նրա փոխարեն քեզ պատկերացնել: Հիանալի թիմ ունենք, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ դաշտ դուրս գալով իր աշխատանքն է կատարում: Բոլորս էլ խաղաժամանակի ենք արժանի, բայց արդյունքում մարզչի ընդունած որոշումներն օգտակար են եղել թիմի համար։ Հենց դրանք են ապահովել Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի գավաթները: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ զգում էր, որ կարևոր էր։ Հանդերձարանի մթնոլորտը նպաստել է ոսկե դուբլին, որը «Ռեալը» երկար տարիներ չէր կարողանում գրանցել:

-Ի՞նչ եք մտածում Մորատայի ու Խամեսի հեռանալու ցանկության մասին:

-Երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստ են, ու բնական է, որ ցանկանում են ավելի շատ խաղալ։ Յուրաքանչյուրը ձգտում է հասնել իր առաջ դրված նպատակին, բայց դա միայն նրանց ու ակումբին է վերաբերում:

-Ի՞նչ եք սովորել այն օրերից, երբ խաղաժամանակ չէիք ստանում:

-Շատ բան: Առաջին հերթին՝ թևաթափ չլինել, շարունակել աշխատել, չհանձնվել: Ինձ համար երբեմն իսկապես բարդ էր, քանի որ նախորդ ակումբներում պարբերաբար խաղում էի:

-Կրիշտիանուի հետ նույն թիմում խաղալով ի՞նչ եք սովորել:

-Այնքա՜ն բան եմ սովորել: Կրիշտիանուի մեջ ինձ ամենաշատը նպատակասլացությունն է հիացնում, և դա այսքա՜ն հաղթանակներից հետո: Ինձ հիացնում է այն, որ նա մինչև հիմա ծարավ է հաղթանակի, այն, թե նա ինչպես է մարզվում, շարունակում մնալ մարզադահլիճում անգամ մարզումներն ավարտվելուց հետո… Կրիշտիանուն միշտ ավելին է ցանկանում և դրանով վարակում թիմին: Յուրաքանչյուր մարզման ժամանակ ինչ-որ բան ես սովորում նրանից:

-«Ռեալը» վերջին 4 տարիներին 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Ինչպե՞ս եք անում դա:

-Դա անհավատալի է: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը մտածում է, թե հեշտ է, բայց իրականում Չեմպիոնների լիգայում 4 տարվա ընթացքում 3 անգամ հաղթելը անհավատալի է: Մեր թիմը հիանալի ու նպատակասլաց ֆուտբոլիստներից է բաղկացած, ու կարևոր է, որ չենք կարող բավարարվել հաղթանակներով:

-Մանկուց մադրիդիստ եք: Հիմա ակումբի ներսում լինելով՝ ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչ է «Ռեալ Մադրիդը»:

-Դա ինչ-որ յուահատուկ, հանճարեղ բան է: Այստեղ ամեն ինչ հիացնում է, բայց երբ դառնում ես ակումբի անդամը, ամեն ինչ քեզ համար հարազատ է դառնում: «Ռեալում» պահանջները առավելագույնս բարձր են՝ միշտ պետք է հաղթել:

-Այսինքն՝ հրեշավոր «Ռեալը» ներսից այնքան էլ ահարկու չէ՞:

-Ինչ-որ իմաստով՝ այո։ Ամենօրյա աշխատանքի դեպքում հրեշը չի ուտի քեզ: Իրականում ներսից ամեն ինչ ավելի լավ է, քան թվում է:

-«Ռեալում» եք խաղում, բայց ճի՞շտ է արդյոք, որ կարող էիք «Ատլետիկի» կազմում լինել: Առաջարկ ունեի՞ք:

-Այո, ճիշտ է։ Երկու տարի առաջ առաջարկ կար, բայց չէի համապատասխանում ակումբի քաղաքականությանը:

-Ընդամենը 21 տարեկան եք, բայց արդեն շատ բանի եք հասել: Երևում է, որ Դեսիմոտերսերան (Չեմպիոնների լիգայի 13-րդ գավաթը – խմբ․) սարերի հետևում չէ:

-Սերխիո Ռամոսի հետ խոսել եմ այդ մասին։ Նա ինձ ասաց, որ չպետք է սովորեմ հաղթանակներին, քանի որ դրանց հասնելը շատ բարդ է: Ինքը՝ Ռամոսը երկար է սպասել Չեմպիոնների լիգայում իր առաջին հաղթանակին: «Ռեալի» շատ լեգենդներ այդպես էլ չեն կարողացել նվաճել տիտղոսը, իսկ իմ բախտը բերել է հենց առաջին մրցաշրջանում։

-Ի դեպ, Ռամոսի մասին: Թվում է, որ «Ռեալի» վետերանների ու նորեկների համադրությունն իդեալական է՝ Կարվախալ, Իսկո, Ասենսիո, Վալյեխո…

-Այո, երիտասարդ ֆուտբոլիստները վետերանների հետ են խաղում, ու հենց այդ ուղու վրա էլ մնալու ենք հետագայում ևս հաղթելու համար:

-Ի՞նչ կարծիք ունենք Կիլիան Մբապեի մասին:

-Նրա մասնակցությամբ քիչ խաղեր եմ դիտել, բայց նա մեծ ապագա ունեցող հիանալի ֆուտբոլիստ է թվում:

-Քարդիֆյան եզրափակչից լուսանկարներ կան, որտեղ դուք գոլից հետո վազում եք դեպի տրիբունան:

-Ընտանիքս էր այնտեղ ու միշտ նրանց եմ նվիրում իմ գոլերը: Նրանց ասել էի, որ գոլ խփելու դեպքում կվազեմ այնտեղ, որտեղ նրանք կլինեն: Այդպես էլ արեցի:

-Դուք գոլ խփեցիք ՈւԵՖԱ-ի մրցաշարում անցկացրած առաջին իսկ խաղում։ Կխփե՞ք նաև ձեզ համար վերջին երիտասարդական Եվրոյում։

-Հույս ունեմ: Մենք երկու տարի ջանասիրաբար աշխատել ենք հանուն հաղթանակի: Գիտենք, որ հիանալի թիմ ունենք, թեև նախընտրական փուլը հաղթահարելը հեշտ չէր: Բարդ կլինի, քանի որ բարձրակարգ հավաքականներ են մասնակցում առաջնությանը:

-Ասենսիո, Սաուլ, Կեպա, Վալյեխո, Սեբալյոս, Բելյերին․․․

-Մենք բոլորս ուժեղագույն առաջնություններում ենք խաղում, մենք նշանակալի խաղացողներ ենք մեր ակումբներում և Լեհաստանում դա պետք է ցույց տալ: Մենք հիանալի թիմ ենք, բայց բոլորն իրենց թույլ կողմերն ունեն մենք փորձում ենք ծածկել մեր թերությունները որքան հնարավոր է: Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: Պետք է շարունակենք խաղալ ինչպես նախկինում, չէ՞ որ հենց դա է մեզ առաջնության եզրափակիչ փուլ բերել:

-Տեսնո՞ւմ եք Ձեզ Մունդիալ-2018-ում։

-Օ՜հ: Կաշխատեմ հայտնվել Մունդիալում: Ինձ համար դա անհավատալի ինչ-որ բան կլինի։

 

Թարգմանությունը՝ Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում