Եվրո-2017․ Իսպանիան կիսաեզրափակչում է, Պորտուգալիան դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իսպանիայի երիտասարդական հավաքականը Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

Խմբային փուլի վերջին տուրում B խմբում ընդգրկված Իսպանիայի Մ-21 ընտրանին Դենիս Սուարեսի գոլի (48՛) շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ Սերբիայի ընտրանու նկատմամբ։ Այսպիսով, առաջնության ֆավորիտներից մեկը, խմբային փուլի 3 խաղում 3 հաղթանակ տոնելով, ապահովեց իր տեղը կիսաեզրափակչում։

Պորտուգալիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Մակեդոնիայի ընտրանուն։ Պորտուգալացիների կազմում դուբլ ձևակերպեց Բրուման (22՛, 90+1), մեկական գոլ խփեցին Էդգար Յեն (2՛) և Դանիել Պոդենսեն (57՛), իսկ մակեդոնացիներից գոլերը խփեցին Էնիս Բարդին (40՛) և Կիրե Մարկոսկին (80՛)։

Չնայած հաղթանակին և 3 տուրում վաստակած 6 միավորին՝ Պորտուգալիան զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 3 խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականներից լավագույն արդյունքը գրանցածը։ Պորտուգալիան խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ զիջում է A խմբի երկրորդ տեղը զբաղեցրած Սլովակիային, որը դուրս կգա կիսաեզրափակիչ, եթե C խմբի երկրորդ թիմը 6 միավորից պակաս ունենա կամ խփած և բաց թողած գնդակների 6-3 հարաբերակցությունից վատ ցուցանիշ։

B խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է՝

  1. Իսպանիա – 9 միավոր
  2. Պորտուգալիա – 6
  3. Սերբիա – 1
  4. Մակեդոնիա – 1

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Անգլիայի երիտասարդական հավաքականը։

Հունիսի 25-ին կայանալու են C խմբի վերջին տուրի՝ Չեխիա – Դանիա, Իտալիա – Գերմանիա հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում