Եվրո-2017․ Իտալիան և Գերմանիան դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։

Երրորդ տուրում C խմբում ընդգրկված Իտալիայի Մ-21 հավաքականը Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլի (31՛) շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ Գերմանիայի ընտրանու նկատմամբ և 6 միավորով գլխավորելով խմբի մրցաշարային աղյուսակը՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Գերմանացիները ևս ունեն 6 միավոր և պայքարը շարունակում են երկրորդ տեղով։ Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ են դուրս գալիս 3 խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերից լավագույն արդյունքն ունեցողը: A, B, C խմբերի երկրորդ տեղերը զբաղեցրած Սլովակիան, Պորտուգալիան և Գերմանիան ունեն 6-ական միավոր, սակայն խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ առաջատարը գերմանացիներն են։

C խմբի մյուս խաղում Դանիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Չեխիային, սակայն դրանով նշանակալի արդյունքի չհասավ։ Դանիացիներից աչքի ընկան Լուկաս Անդերսենը (23՛), Կենետ Զոխորեն (35՛, 73՛) և Մարկուս Ինգվարտսենը (90+1), իսկ Չեխիայի գոլերը խփեցին Պատրիկ Շիկը (27՛) և Թոմաշ Խորին (54՛)։ Դանիան և Չեխիան առաջնությունն ավարտեցին 3-ական միավորով։

Այսպիսով, կիսաեզրափակչում A խմբի առաջատար Անգլիան խաղալու է Գերմանիայի հետ, իսկ B խմբի առաջատար Իսպանիան՝ Իտալիայի․ հանդիպումները կայանալու են հունիսի 27-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում