«Արսենալը» Չեխին փոխարինող է գտել

«Սթոք Սիթիի» դարպասապահ Ջեկ Բատլենդը հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ «Bleacher Report»-ը հաղորդում է լոնդոնյան ակումբում 24-ամյա Բատլենդին դիտարկում են որպես 35-ամյա Պետր Չեխին փոխարինողի։

Ավելի վաղ «Արսենալը» ցանկանում էր ձեռք բերել «Սանդերլենդի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի տրանսֆերը, սակայն դարպասապահի համար պայքարում «զինագործները» զիջեցին «Էվերթոնին»։

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ «Արսենալի» ղեկավարությունն առաջիկայում զբաղվելու է Ալեքսիս Սանչեսի ու Մեսութ Օզիլի պայմանագրերի երկարաձգման հարցերով, ապա առաջարկ է պատրաստելու Բատլենդի տրանսֆերի համար։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Բատլենդը վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 5 հանդիպման, որոնցում բաց է թողել 8 գոլ։ «Սթոք Սիթիի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում