Դավիթ Թորոսյան. Բաչկովը մի գլուխ բարձր էր մրցակիցներից

Խարկովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից հետո Երևան ժամանած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն օդանավակայանում լրագրողների հետ խոսեց Հովհաննես Բաչկովի չեմպիոնության և մյուս բռնցքամարտիկների ելույթների մասին:

– Որպես մարզիչ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Բաչկովի մրցելույթներն ու գրանցած հաջողությունը:

– Ի՞նչ կարող եմ ասել: Երկար ժամանակ չունեինք աշխարհամասի չեմպիոն: Նրան դա հաջողվեց:

– Աշխարհի առաջնության երկու ուղեգիր ունենք: Ինչպե՞ս կգնահատեք այդ արդյունքը:

– Կարող էր նաև երրորդը լինել, պարզապես Նարեկ Մանասյանը իր մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ժողովրդական լեզվով ասած, «ջարդը տվեց», բայց մրցավարների կողմնակալության պատճառով հաղթանակը տրվեց մրցակցին (խոսքը մինչև 91 կգ քաշային կարգում Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Տեշչենկոյի մասին է-խմբ): Ինձ թվում է՝ պարոն Գևորգյանը կդիմի Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիային, որպեսզի Նարեկին թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը:

– Շատ անգամ նշել եք, որ մրցավարները մեր մարզիկների նկատմամբ անարդար որոշումներ են կայացնում: Բաչկովը մի գլուխ ուժե՞ղ էր մրցակիցներից:

– Միանշանակ, քանի որ եզրափակչում հաղթեց այս մրցաշարի երևի ամենահզոր մրցակցին: Մեկ ռաունդ հավասար մարտ էր, մյուս երկու ռաունդներում կարողացավ առավելության հասնել:

Sport.times.am-ի հարցը.

– Սպասելիքները մեծ էին նաև մեր մյուս օլիմպիականներից՝ Արթուր Հովհաննիսյանից, Նարեկ Աբգարյանից և Վլադիմիր Մարգարյանից: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց ելույթները:

– Չեմ ուզում երկար խոսել: Հասկանալի է, աշխարհամասի առաջնությունն էր, հավաքվել էին 39 երկրի 400 մարզիկներ: Հայաստանը ոսկե մեդալ նվաճեց, ինչի համար շատ ուրախ եմ:


Հետևեք մեզ նաև Telegram-ում