Փաշիկ Ալավերդյան. Միայն մեկ ոսկե մեդալը` պետության փողերը քամուն տալ կնշանակի

Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ` 1 ոսկե և 2 բրոնզե: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեկնաբանեց մարզիկների ելույթները։

«Աշխարհի առաջնություն մեկնած մեր տղաներն ու աղջիկները բոլորն էլ մոտ էին մեդալներ նվաճելուն: Մենք, այսպես ասած, «էկոնոմ» ձևով ենք մասնակցել այս առաջնությանը՝ քիչ քանակով, բայց որակով: 85 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը կարող էին մեդալ նվաճել, եթե կատարեին իրենց 3-րդ մոտեցումները»,- ասաց մարզիչը։

Անդրադառնալով Սոնա Պողոսյանի ելույթին, ով այս առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ գոհ է նրա ցույց տված արդյունքից.

«Սոնան իր բարձունքի վրա էր, քանի որ և՛ 3-րդ հորիզոնականը գրավեց, և՛ իր լավագույն արդյունքը ցույց տվեց: 90 + կգ քաշային կարգում հանդես եկած Արփինե Դալալյանից նույնպես գոհ եմ, քանի որ կարողացավ բարելավել իր անձնական արդյունքները և 4-րդ տեղը զբաղեցրեց: Եթե մարզիկը մրցաշարից մրցաշար աճում է, ուրեմն հույս կա: Ինչ վերաբերում է Սամվել Գասպարյանին՝ իր հնարավորություններից վատ հանդես եկավ, չնայած 3-րդ տեղ գրավեց»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Sport.Times.am-ի հարցին, թե արդյոք Սիմոն Մարտիրոսյանը պատրաստվում է մասնակցել երիտասարդների Եվրոպային առաջնությանը և ինչ քաշային կարգում, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ այդ հարցը դեռ քննարկվում է․

«Իսկ համաշխարհային ուսանողական խաղերի ու աշխարհի մեծահասակների առաջնության ժամանակ Սիմոն Մարտիրոսյանը կմասնակցի 105 կգ քաշային կարգում: Նա դեռ Օլիմպիական խաղերում ապացուցել է, որ տաղանդավոր և ունակ մարզիկ է: Ես բացի նրանից 19 տարեկանում Օլիմպիական խաղերի մասնակցած և մեդալ նվաճած ոչ մի հայ ծանրորդի չեմ հիշում: Այս առաջնությունում նա հանդես եկավ մեկ քաշային կարգ բարձր, քանի որ իմաստ չկա մարզիկի օրգանիզմն անընդհատ սթրեսի ենթարկել և քաշ իջեցնել: Նա 2 քաշային կարգում էլ ունակ էր չեմպիոն դառնալ»:

Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, թե Հայաստանի հավաքականն ինչպիսի կազմով կմեկնի համաշխարհային ուսանողական խաղերին․

«85 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Կարապետյանը, 105 կգ քաշային կարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը և 105 + կգ քաշային կարգում՝ Գոռ Մինասյանը, իսկ աղջիկների հավաքականը չի մասնակցի»,- հայտարարեց Փաշիկ Ալավերդյանը:

Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումներ էլ այդպես «օդից կախված» վիճակում են.

«Վերջերս կոնգրեսի եմ մասնակցել և այդ հարցը, ցավոք սրտի, վերջնական պարզաբանում չի ստացել, միայն մեր մարզիկները չեն, կան նաև օլիմպիական կրկնակի չեմպիոն Իլյա Իլինը և այլ հայտնի մարզիկներ: Սա ուղղակի անմարդկային է»:

Ասուլիսի վերջում հավաքականի գլխավոր մարիզչը հատուկ ցանկություն հայտնեց.

«Ուզում եմ իմ մարզիկներն Օլիմպիական խաղերից գոնե 2-3 ոսկե մեդալ ունենան, քանի որ ընդամենը մեկ մեդալը նշանակում է մեր պետության փողերը քամուն տալ»:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում