Դավիթ Թորոսյան. Մենք մեր ծրագիրը կատարել ենք

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ամփոփել է Խարկովում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները։

«1 ոսկե մեդալն ավելին արժե, քան 15 արծաթե մեդալը: Կարող եմ ասել՝ մենք մեր ծրագիրը կատարել ենք: Նման մրցաշարերում առաջ շարժվելն այլ տեսանկյունից պետք է դիտել: Փոքր պետություն ենք և մեր հնարավորությունները սահմանափակ են»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Դավիթ Թորոսյանը։

Հավաքականի մարզիչը նշեց, որ աշխարհի առաջնությունից առաջ այլևս չկան վարկանիշային մրցաշարեր, բայց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ կփորձեն դիմել EUBC, որպեսզի Նարեկ Մանասյանն առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանա։

«Չկան վարկանիշային մրցաշարեր: Այս պահին ունենք աշխարհի առաջնության երկու մասնակից՝ Կարեն Տոնականյանը և Հովհաննես Բաչկովը: Մրցավարները Նարեկ Մանասյանին «նեղացրին»։ Հնարավոր է՝ դիմենք, որպեսզի թույլատրեն նրա մասնակցությունը ԱԱ-ին»,- նշեց մարզիչը։

Հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ է աշխարհի առաջնության անցկացման ժամկետներից։ Նրա կարծիքով, կազմակերպիչները սիրողական մոտեցում են ցուցաբերում.

«Ընդամենը 1,5 ամիս հետո աշխարհի առաջնությունն է, բայց Բաչկովին 4 շաբաթ պետք է վերականգվելու համար։ Ստիպված ենք, ժողովրդական լեզվով ասած, նրան «գյամել», որ հասցնի պատրաստվել աշխարհի առաջնությանը: Թիմը երկու հատվածով կպատրաստվի առաջնությանն Օլիմպավանում»։

AIBA-ն հնարավորություն է տալիս բռնցքամարտիկներին հանդես գալու և՛ պրոֆեսոնալ, և՛ սիրողական ռինգերում։ Այս կապակցությամբ Դավիթ Թորոսյանն ասաց հետևյալը․

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտն այլ դուռ է: Եթե Բաչկովը տեղափոխվի պրոֆեսիոնալ ռինգ, կկարողանա մասնակցել նաև Օլիմպիական խաղերին։ Բայց պրոֆեսիոնալ դառնալով՝ բռնցքամարտիկները հեռանում են սիրողականից՝ անկախ իրենց կամքից»,- խոսքը եզրափակեց Դավիթ Թորոսյանը։

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում